1. Ավելի քան 200 հիվանդություն տարածվում է սննդի միջոցով:
Ամեն տարի միլիոնավոր մարդիկ` հիվանդանում, շատերը մահանում են ոչ անվտանգ սնունդ ընդունելու հետևանքով: Միայն փորլուծության հիվանդությունները խլում են տարին շուրջ 1.5 մլն մանկան կյանք։
Այդպիսի շատ հիվանդություններ վերագրվում են աղտոտված սննդին կամ խմելու ջրին: Սնունդը պատշաճ պատրաստելը կարող է կանխել սննդային ծագման հիվանդությունների մեծ մասը:
2. Աղտոտված սնունդը կարող է հարուցել երկարատև առողջական խնդիրներ:
Սննդային ծագման հիվանդության ամենատարածված ախտանիշերն են ստամոքսի ցավերը, փսխումը և լուծը: Ծանր մետաղներով կամ բնական ծագման տոքսիններով աղտոտված սնունդը կարող է նաև
հարուցել երկարատև առողջական խնդիրներ, այդ թվում՝ քաղցկեղ և նյարդաբանական խանգարումներ:
3. Սննդային ծագման հիվանդություններն առավել ծանր են ներգործում սոցիալապես անապահով մարդկանց վրա:
Աղտոտված սննդամթերքով հարուցված վարակները շատ ավելի ծանրորեն են ներգործում վատ կամ անկայուն առողջությամբ բնակչության վրա և հեշտությամբ կարող են հանգեցնել լուրջ հիվանդության,
անգամ՝ մահվան: Նորածինների, հղիների, հիվանդների ու ծերերի շրջանում սննդային ծագման հիվանդությունների հետևանքները սովորաբար առավել ծանր են և կարող են ճակատագրական լինել:
4. Գոյություն ունեն սննդի աղտոտման բազմաթիվ ուղիներ:
Այսօր բնակչությանը սննդով ապահովելը բարդ գործընթաց է, և սնունդը սպառողին հասցնելը ներառում է տարբեր փուլեր՝ ներտնտեսային արտադրություն, մորթ կամ բերքահավաք, վերամշակում, պահեստավորում, տեղափոխում և բաշխում։
5. Համաշխարհայնացումը (գլոբալացում) պարենային անվտանգությունը դարձնում է կենսականորեն անհարժեշտ, բայց և ավելի խրթին:
Սննդի արտադրության և առևտրի համաշխարհայնացումը սննդային շղթան դարձնում է ավելի երկար՝ բարդացնելով սննդային ծագման հիվանդությունների բնռկման և հետևանքների քննությունը, դժվարացնելով արտակարգ իրավիճակներում արտադրանքը հետ պահանջելը:
6. Պարենային անվտանգությունը բազմոլորտ խնդիր է:
Սննդի անվտանգությունն ապահովելու և բարելավելու նպատակով համագործակցում են բազմաթիվ մասնագետներ՝ օգտվելով գիտության և տեխնոլոգիաների արդի նվաճումներից: Անհրաժեշտ է փոխգործակցություն, այլև հանրային առողջապահությամբ, գյուղատնտեսությամբ, կրթությամբ ու առևտրով զբաղվող բոլոր կառավարական վարչությունների և գերատեսչությունների փոխադարձ կապ՝ ներգրավելով նաև քաղաքացիական հասարակությանը, այդ թվում՝ սպառողական խմբերին:
7. Սննդի աղտոտումն իբրև ամբողջություն ազդում է նաև տնտեսության և հասարակության վրա:
Սննդի աղտոտումը, անմիջական հանրային առողջապահական հետևանքներից բացի, ունենում է նաև հեռահար հետևանքներ. այն խաթարում է սննդամթերքի արտահանումը, զբոսաշրջությունը, սննդամթերք մշակողների բարեկեցությունը և տնտեսության բարգավաճումն ինչպես առաջադեմ, այնպես էլ զարգացող երկրներում:
8. Որոշ վնասակար մանրէներ դառնում են դեղակայուն:
Հակաբիոտիկային կայունությունը համաշխարհային հարաճուն առողջապահական մտահոգիչ խնդիր է: Գյուղատնտեսության և անասնապահության մեջ հակամանրէային միջոցներ չարաշահելը, ի լրումն մարդկանց օգտագործելու, հակաբիոտիկային կայունություն առաջանալու ու տարածվելու գործոններից են: Հակաբիոտիկակայուն մանրէները կենդանիներից կարող են սննդի միջոցով փոխանցվել մարդկանց:
9. Յուրաքանչյուրն ունի սնունդն անվտանգ պահելու իր դերը:
Պարենային անվտանգությունը կառավարության, արդյունաբերության, արտադրողի, ակադեմիական կառույցների ու սպառողների համընդհանուր պատասխանատվությունն է. յուրաքանչյուր ոք ունի իր ուրույն դերը: Պարենային անվտանգությունը բազմոլորտ գործընթաց է, որը փորձագիտական գիտելիքներ է պահանջում մի շարք ոլորտներում` թունաբանություն, մանրէաբանություն, մակաբուծաբանություն, սննդաբանություն, առողջապահական տնտեսագիտություն, ինչպես նաև բժշկություն և անասնաբուժություն: Կարևոր է նաև տեղական համայնքների, հասարակական խմբերի և դպրոցական կրթության դերը:
10. Սպառողները պետք է իրազեկվեն պարենային անվտանգության պահպանման կանոններին:
Մարդիկ պետք է կատարեն սննդի խելացի ընտրություն՝ պահպանելով համարժեք գործելակերպ: Նրանք պետք է քաջատեղյակ լինեն ոչ միայն պարենային տարածված վտանգներին, այլև սնունդն անվտանգ պատրաստելուն՝ օգտվելով պարենային ապրանքների մակնշմամբ նախատեսված տեղեկություններից: