Խմբային սպեցիֆիկ իմունիտետը, որը գոյանում է կորոնավիրուսի մի քանի տեսակների հետ շփվելուց հետո, կարող է պաշտպանել նոր օմիկրոն շտամից վարակվելուց։ Այսպիսի կարծիք են հայտնել վիրուսաբաններ Ալեքսանդր Բուտենկոն եւ Պյոտր Չումակովը։
«Վիրուսի տարբեր գենոտիպերի համադրությունը մարդկանց մեջ առաջացնում է խմբային սպեցիֆիկ հավաքական իմունիտետ։ Այսինքն՝ այնպիսի իմունիտետ, որը կարող է ապահովել պաշտպանությունը տարբեր գենոտիպերից»,- ասել է Բուտենկոն Ura.ru-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի տարբեր տեսակների հետ մի քանի շփումների արդյունքում գոյացած իմունիտետը պատվաստման հետ միասին կարող է ապահովել հավաքական պաշտպանություն կորոնավիրուսից։
Չումակովի խոսքով՝ մուտացիաների արդյունքում զգալիորեն փոխվել է օմիկրոն շտամի S-սպիտակուցը, ինչն օգնում է վիրուսին «շրջանցել» պատվաստումից հետո առաջացած հակամարմինները։
«Բայց S-սպիտակուցից բացի կան մի ամբողջ շարք այլ հակագեններ, եւ երբ մարդը հիվանդությունը հաղթահարում է, նրա մոտ գոյանում են այդ բոլոր հակագենների հակամարմիններ։ Ուստի, երբ նա բախվում է օմիկրոնի հետ, ապա արդեն պաշտպանված է, որովհետեւ մյուս հակագեններն սկսում են աշխատել։ Դա խմբային սպեցիֆիկ իմունիտետն է։ Այն վերաբերում է հակագենների ամբողջ խմբին, որոնք կան կորոնավիրուսի մեջ»,- ասել է Չումակովը։
Հիշեցնենք, որ B.1.1.529 նոր շտամը հայտնաբերվել է Բոտսվանայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նոյեմբերի վերջին։ Մուտացիաների արդյունքում նոր շտամը, շատ մասնագետների կարծիքով, ավելի արագ է փոխանցվում եւ ավելի կայուն է պաշտպանիչ հակամարմինների հանդեպ ինչպես արդեն ապաքինվածների, այնպես էլ պատվաստված մարդկանց մոտ։