Օմիկրոն շտամը կարող է լինել ավելի վարակիչ, բայց պակաս վտանգավոր, քան դելտա շտամը։ Այսպիսի եզրակացության են եկել Լիվերպուլի համալսարանի գիտնականները, որոնց նախնական հետազոտությունը հրապարակվել է BioRxiv պլատֆորմում։
Պարզելու համար, թե որքանով է վտանգավոր նոր շտամը եւ որքան ծանր է ընթանում հիվանդությունը դրանով վարակվելու ժամանակ, Լիվերպուլի համալսարանի կենսաբանները վարակել են փորձամկներին Pango B, օմիկրոն եւ դելտա տարբերակներով։ Պարզվել է, որ օմիկրոնով վարակված մկների մոտ կլինիկական հետեւանքներն ավելի թեթեւ էին այն կենդանիների համեմատ, որոնք վարակվել էին Pango B եւ դելտա տարբերակներով։
Բացի այդ, օմիկրոնով վարակված մկներն ավելի արագ էին վերականգնվում, իսկ վիրուսի պարունակությունը շնչառական համակարգի ինչպես վերին, այնպես էլ ստորին հատվածներում ավելի քիչ էր։
Գիտնականների կարծիքով՝ օմիկրոնի հակագենային տարատեսակ լինելը կորոնավիրուսի նախորդ տեսակներից նշանակում է, որ անհրաժեշտ է փոխել գոյություն ունեցող պատվաստանյութերը, որպեսզի մեղմվի տարբերակի բարձր փոխանցելիության բացասական ազդեցությունը։