Չիկագոյի բժշկական համալսարանի (ԱՄՆ) գիտնականների խումբը հետազոտություն է անցկացրել, որի նպատակն էր ուսումնասիրել քնի ազդեցությունը ավելորդ քաշ ունեցող մարդկանց ախորժակի վրա։ Հայտնի է, որ քնի պակասը հանգեցնում է օրվա ընթացքում սննդի ընդունման ավելացմանը։ Բայց ի՞նչ կլինի հակառակ դեպքում, երբ ավելորդ քաշ ունեցող մարդիկ սովորականից երկար քնեն։
Հետազոտությանը մասնակցել էր ավելորդ քաշ ունեցող 80 մեծահասակ, ովքեր սովորաբար օրվա ընթացքում քնում էին 6,5 ժամից պակաս։ Քնի հիգիենայի վերաբերյալ անհատական խորհրդատվությունից հետո նրանք իրենց քնի տևողությունը ավելացրել էին միջինը 1,2 ժամով։ Հետազոտությունն անց էր կացվել բնական միջավայրում, այսինքն մասնակիցների կենսակերպի կամ սննդակարգի մեջ որևէ այլ փոփոխություններ տեղի չէին ունեցել։ Արդյունքները վերահսկելու համար գիտնականներն օգտագործել են «կրկնակի պիտակավորված ջրի» (Doubly labelled water) մեթոդը, երբ խմելու ջրի մեջ թթվածնի և ջրածնի մոլեկուլները փոխարինվում են կայուն իզոտոպներով, որոնց միջոցով հեշտությամբ կարելի է հետևել օրգանիզմի էներգիայի ծախսին՝ ընդհուպ մինչև յուրաքանչյուր կալորիա:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վերահսկիչ խմբի հետ համեմատությամբ, քնի տևողության ավելացումը հանգեցրեց սննդի ընդունման նվազեցմանը, որը համարժեք էր միջինում 270-500 կալորիաների։ Քանի որ փորձը տևել էր ընդամենը երկու շաբաթ, մասնակիցներից ոչ մեկի մոտ արտաքին տեսանելի փոփոխություններ չէին գրանցվել։ Սակայն գիտնականների հաշվարկով եթե կալորիաների նման դեֆիցիտը պահպանվի ավելի երկար ժամանակահատվածում, օրինակ՝ երեք տարի, ապա առանց այլ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու, հնարավոր կլինի նիհարել մինչև 12 կգ-ով։
Այժմ գիտնականները պատրաստվում են առավել մանրամասն ուսումնասիրել տվյալ երևույթի հիմքում ընկած մեխանիզմները։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը