Սոխ, սխտոր և այլն․ սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ բերանի խոռոչի տհաճ հոտի պատճառ
Advertisement 1000 x 90

Սոխ, սխտոր և այլն․ սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ բերանի խոռոչի տհաճ հոտի պատճառ

Բերանի խոռոչի տհաճ հոտը՝ հալիտոզը, շատ լուրջ խնդիր է, որը կարող է մի շարք բարդույթների զարգացման պատճառ դառնալ՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա։ Բերանի խոռոչի տհաճ հոտի դեպքում մարդիկ փորձում են տարբեր միջոցներով թարմացնել շնչառությունն ու քողարկել տհաճ հոտը կամ պարզապես ուշադրություն չեն դարձնում այս խնդրին, մինչդեռ որոշ դեպքերում դրանից կարելի է հեշտությամբ ազատվել՝ առաջացման պատճառից ազատվելու դեպքում։

Շատ դեպքերում բերանի խոռոչի տհաճ հոտը պայմանավորված է լինում վատ հիգիենայով կամ որոշակի առողջական խնդիրներով, սակայն լինում են դեպքեր, երբ պատճառը մարդու սննդակարգն է լինում, ուստի տհաճ հոտից ազատվելու համար բավական է լինում որոշակի մթերքի բացառումը։

Առավել հաճախ տհաճ հոտի պատճառ են դառնում սոխն ու սխտորը, որոնք լայն գործածություն ունեն խոհանոցում, սակայն սննդամթերքի այս տեսակները միակը չեն, որ կարող են բացասաբար անդրադառնալ շնչառության թարմության վրա։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդամթերքի այն տեսակները, որոնք հանգեցնում են բերանի խոռոչի տհաճ հոտի առաջացման։

Սուրճ

Սուրճն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, սակայն այն կարող է նաև բացասաբար անդրադառնալ բերանի խոռոչի հոտի վրա՝ դաձնելով այն շատ ավելի տհաճ։ Բանն այն է, որ կոֆեին պարունակող այս ըմպելիքը նվազեցնում է թքարտադրությունը, իսկ թուքն անհրաժեշտ է բերանի խոռոչի բնական մաքրման ու բակտերիաների դուրսբերման համար։ Բացի այդ, այն պարունակում է ծծմբային ու թթվային միացություններ, որոնք կարող են կուտակվել բերանի խոռոչում ու դառնալ տհաճ հոտի պատճառ։ Նման խնդրից խուսափելու համար սուրճից հետո հարկավոր է մի բաժակ ջուր խմել։

Կաթնամթերք

Պանրի, պաղպաղակի, կաթի և կաթնաթթվային այլ մթերքի գործածությունը ևս կարող է տհաճ հոտի պատճառ դառնալ։ Բանն այն է, որ լեզվի մակերեսին «բնակվող» բակտերիաները սնվում են կաթնամթերքի մեջ պարունակվող ամինաթթուներով, իսկ դրանց կենսագործունեության արդյունքում նման տհաճ հոտ է արտազատվում։

Ալկոհոլ

Ալկոհոլը, ինչպես սուրճը, նույնպես կարող է հանգեցնել բերանի խոռոչի չորության, ինչն էլ նպաստում է տհաճ հոտի պաճառ հանդիսացող բակտերիաների աճին։ Սա է պատճառը, որ ոգելից խմիչքների գործածությունից հետո հարկավոր է մեծ քանակությամբ մաքուր ջուր խմել։

Ձուկ

Այս օգտակար մթերքը պարունակում է տրիմեթիլամին կոչվող միացություններ, որոնք կարող են կուտակվել բերանի խոռոչում ու դառնալ տհաճ հոտի պատճառ։ Ոմանց մոտ անգամ կարող է տրիմեթիլամինուրիա զարգանալ, որի դեպքում ժամանակ առ ժամանակ մարդու մարմնից տհաճ ձկնային հոտ է գալիս։ Համարվում է, որ այս անբուժելի հիվանդությունը պայմանավորված է լինում ծնողներից ժառանգվող գեների թերություններով։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

tert.am