Ինչպես է ուղեղի՝ սեփականը ընդհանուրից տարբերակելը փոխում մեր վարքագիծը
Advertisement 1000 x 90

Ինչպես է ուղեղի՝ սեփականը ընդհանուրից տարբերակելը փոխում մեր վարքագիծը

Մարդկանց սոցիալ-տնտեսական վարքը կարելի է ներկայացնել բարդ համակարգի տեսքով, որը կազմված է այնպիսի փոխկապակցված արարքներից և գործողություններից, որոնք մարդիկ իրականացնում են սոցիալական և տնտեսական ոլորտներում անձնական և խմբային շահերի ազդեցությամբ իրենց կարիքները բավարարելու համար:

Նման վարքն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնց հետևում թաքնված գործոնները դժվար է միանշանակ առանձնացնել։ Այսպես տարբեր ոլորտներում՝ առօրյա կյանքից սկսած, մարդիկ ձգտում են ողջամիտ օգտագործել իրենց սեփական ռեսուրսները, բայց և միաժամանակ պատրաստ են անհագ սպառել այն, ինչը բոլորին է պատկանում։ Որպես օրինակ կարող ենք դիտարկել այն, ինչը կատարվում է ձկնարդյունաբերության ոլորտում։ Վիճակագրության համաձայն՝ հանրային օգտագործման ջրերում ձկան պաշարները զգալիորեն նվազել են՝ որոշ տեղերում նույնիսկ 95%-ով, մինչդեռ մասնավոր վերահսկվող տարածքներում նման խնդիր առայժմ չկա։

Եթե ​​հարցին նայենք կենցաղային մակարդակով, ապա զարմանալի ոչինչ չկա, որ մարդիկ գերադասում են սպառել ընդհանուր պաշարները, իսկ իրենցը թողնել ավելի ուշ՝ «սև օրվա»։ Սակայն Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի և Բազելի համալսարանի (Շվեյցարիա) աշխատակիցներին հետաքրքրեց, թե ինչ է կատարվում ուղեղում նման իրավիճակներում։ Սա պարզելու համար գիտնականները որոշեցին գիտափորձ անցկացնել։

Փորձին մասնակցել է հիսուն մարդ, ովքեր վիրտուալ լճակներում վիրտուալ ձուկ են բռնել և վաճառել դրանք վիրտուալ գնորդներին։ Սակայն ձկան վաճառքի գումարը ոչ թե վիրտուալ էր, այլ իրական։ Վիրտուալ լճակները կամ պատկանում էին հենց մասնակիցներին, կամ հանդիսանում էին ընդհանուր սեփականություն: Մինչ մասնակիցները ձկնորսությամբ էին զբաղված, նրանց ուղեղի գործունեությունը վերահսկվում էր մագնիսառեզոնանսային շերտագրման (ՄՌՇ) սարքի միջոցով:

Եթե ​​փորձի մասնակիցը ձկներ էր որսում իր լճակում, ապա պետք է հաշվի առներ ձկների արտագաղթը, ինչի պատճառով որսը ժամանակ առ ժամանակ նվազում էր։ Եթե ​​նա ձկնորսություն էր անում ընդհանուրի լճակում, ապա պետք է հաշվի նստեր այլ ձկնորսների հետ, ում պատճառով ձկների քանակը նույնպես նվազում էր։

Երկու դեպքում էլ, երբ ձկների քանակը նվազում էր, ուղեղում թուլանում էր զոլավոր մարմնի (corpus striatum) ակտիվությունը։

Հրապարակման պատրաստեց՝ ita.am