Առավոտյան արթնանալուն պես ջուր խմելու օգտակարության մասին բոլորին է հայտնի, սակայն շատերը գերադասում են ջուր խմել նաև քնելուց առաջ՝ համարելով, որ այն պաշտպանում է օրգանիզմը գիշերվա ընթացքում ջրազրկվելուց։
Երեկոյան ջուր խմելու սովորությունը կարող է դրական անդրադառնալ օրգանիզմի վրա, սակայն այն կարող է նաև որոշակի խնդիրների պատճառ դառնալ, ուստի մինչ այս խորհրդին հետևելը հարկավոր է հասկանալ, ինչ դրական ու բացասական կողմեր ունի այն։
Քնելուց առաջ ջուր խմելու դրական կողմերը
Բարելավում է տրամադրությունը․ գիշերվա ընթացքում օրգանիզմը կարող է ջրազրկվել, քանի որ քրտինքի հետ օրգանիզմը բավական մեծ քանակությամբ հեղուկ է կորցնում, իսկ հեղուկի պակասը բացասաբար է անդրադառնում նյարդային համակարգի վրա՝ դառնալով գլխացավերի, թուլության կամ սաստիկ քաղցի պատճառ։ Երեկոյան քնելուց առաջ ջուր խմելը կարող է կանխել ջրազրկումը, ինչի շնորհիվ առավոտյան տրամադրությունը շատ ավելի բարձր կլինի։
Ազատում է խումարից․ ալկոհոլը ջրազրկում է օրգանիզմն ու զրկում է այնպիսի կարևոր հանքանյութերից, ինչպիսիք են մագնեզիումը, կալիումն ու նատրիումը՝ հանգեցնելով խումարային համախտանիշի զարգացման։ Նման դեպքերում առավոտյան խումարի տհաճ ախտանշաններից խուսափելու համար երեկոյան հարկավոր է մոտ կես լիտր չգազավորված ջուր խմել։
Քնելուց առաջ ջուր խմելու բացասական կողմերը
Կարող է քնի խանգարումներ առաջացնել․ քնելուց առաջ ջուր խմելու դեպքում միզապարկը բավական արագ կլցվի, ինչը կստիպի գիշերվա ընթացքում պարբերաբար արթնանալ։ Շատերը նման դեպքերում կրկին արագ քուն են մտնում, մինչդեռ կան մարդիկ, որոնք քնից արթնանալուց հետո կորցնում են քունը կամ մեծ դժվարությամբ են կրկին քնում։
Թուլացնում է միզապարկը․ գիշերվա ժամերին միզելու անհրաժեշտությունը բավական տարածված խնդիր է և տարիքի հետ միայն ավելի ու ավելի նկատելի է դառնում, իսկ քնելուց առաջ հեղուկի գործածությունը կարող է էլ ավելի վատթարացնել իրավիճակն ու ծանրաբեռնել միզապարկը։ Ժամանակի ընթացքում սա կարող է դառնալ միզապարկի թուլացման պատճառ՝ հանգեցնելով բավական տհաճ հետևանքների։
Վերոնշյալ բացասական կողմերից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս մի քանի օր շարունակ քնելուց առաջ ջուր խմել և հետևել օրգանիզմի արձագանքին։ Եթե գիշերվա ընթացքում արթնանալն անհանգստացնում է կամ բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա, ապա հարկավոր է խուսափել այս սովորությունից։ Սակայն նման դեպքերում հարկավոր է բավարար քանակությամբ ջուր խմել օրվա ընթացքում, քանի որ հակառակ դեպքում օրգանիզմի ջրազրկման հետևանքները կարող են շատ ավելի տհաճ լինել։