Բոլորին էլ հայտնի է, որ յոդն անչափ կարևոր է վահանագեղձի՝ ամենակարևոր օրգաններից մեկի առողջության համար, սակայն իրականում այն շատ կարևոր է նաև այլ օրգանների համար, իսկ դրա դեֆիցիտը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։ Նման խնդիրներից խուսափելու համար բժիշկ-ներզատաբան Ալեքսանդրա Դանիելյանը ներկայացրել է՝ ինչ խանգարումներ կարող են զարգանալ օրգանիզմում յոդի դեֆիցիտի հետևանքով և ինչպես կարելի է լրացնել այս տարրի պակասը։
«Վահանագեղձի հորմոնները պատասխանատու են օրգանիզմում ընթացող բազմաթիվ կարևոր կենսաքիմիական ռեակցիաների ու նյութափոխանակության համար։ Յոդի պակասը հանգեցնում է վահանագեղձի խպիպի, մտավոր հետամնացության, սեռական զարգացման դադաղման, աճի դանդաղման ու IQ-ի նվազման։ Բացի այդ, կապ է հայտնաբերվել նաև յոդի անբավարար գործածության ու կրծքագեղձի բարորակ հիվանդությունների միջև», – մեջբերում է մասնագետի խոսքը medikforum.ru կայքը։
Բժշկի խոսքով՝ յոդի անհրաժեշտ քանակությունը կարելի է ստանալ սննդամթերի միջոցով և սովորաբար դա բավական է լինում, սակայն կյանքում լինում են շրջաններ, երբ հարկավոր է յոդը ստանալ նաև հավելյալ աղբյուրներից։ Խոսքը հղիության ու կրծքով կերակրման փուլերի մասին է։
Յոդով առավել հարուստ սննդամթերքի տեսակներն են ձուկը, ծովային ջրիմուռները, ծովախեցգետինները, կաթնամթերքն ու յոդացված աղը։ Բացի այդ, այս տարրը կարելի է ստանալ նաև հավելումներից, որոնք արտադրվում են կալիումի յոդիդի կամ նատրիումի յոդիդի տեսքով։ Ավելին՝ այս տարրը պարունակվում է նաև մի շարք վիտամինային ու հանքանյութային կոմպլեքսների, ինչպես նաև յոդ պարունակող մթերքի հիման վրա պատրաստված սննդային հավելումների մեջ։
Մասնագետը նաև ընդգծել է, որ օրգանիզմում յոդի պակասի վտանգն առավել բարձր է այն մարդկանց մոտ, որոնք սննդակարգում չեն օգտագործում յոդացված աղ, մինչդեռ աղին յոդ ավելացնելը յոդի դեֆիցիտի դեմ պայքարի ամենատարածված մեթոդն է։