Ամեն օր սուրճ խմելը բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը եւ նվազեցնում է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ առիթմիայի զարգացման ռիսկը։ Նման եզրակացության են եկել Մելբուռնի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները։ Այս մասին ասվում է Journal of the American College of Cardiology երեք հետազոտություններում:
Գիտնականները պարզել են, որ օրական առնվազն 2-3 բաժակ սուրճ (աղացած կամ լուծվող) խմելը կապված է սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաեւ մահվան այլ պատճառների զարգացման ռիսկի զգալի կրճատման հետ:
Առաջին հետազոտությունը վերլուծել է 57 տարեկան միջին տարիքի 382 535 մարդու տվյալները: Պարզվել է, որ 10 տարվա ընթացքում օրական 2-3 բաժակ սուրճը նպաստել է սրտանոթային հիվանդությունների ռիսկի 1.1 անգամ, իսկ մահացության՝ 1.16 անգամ կրճատմանը։
Երկրորդ հետազոտության ընթացքում, որին մասնակցել է 502.543 մարդ, ցույց է տրվել, որ սուրճի կանոնավոր օգտագործումը կապված է սրտանոթային հիվանդություններից մահացության նվազման հետ: Ախտորոշված առիթմիա ունեցող 24111 մասնակիցների շրջանում օրական ընդամենը մեկ բաժակ սուրճ խմելը կապված էր մահացության ամենացածր ռիսկի հետ, հատկապես՝ նախասրտերի ֆիբրիլացիա կամ թրթռում ունեցող հիվանդների մոտ:
Երրորդ հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 2-3 բաժակ աղացած սուրճ խմելը կապված է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի զգալի կրճատման հետ: Ընդ որում, լուծվող սուրճի օգտագործման դեպքում այդ նվազումն ավելի փոքր է եղել։ Բացի այդ, առանց կոֆեինի սուրճը նպաստել է նաեւ մահացության կրճատմանը, ինչը վկայում է մարդկանց առողջության վրա ազդող ոչ կոֆեինային միացությունների առկայության մասին: