Ժամանակակից աշխարհում ալերգիաները բավական տարածված խնդիր են, որին բախվում են ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները։ Այս խնդրի բուժման միասնական մոտեցում գոյություն չունի, ուստի ոմանք կիրառում են հորմոնալ դեղամիջոցներ, իսկ ոման էլ հակահիստամինային դեղեր։ Այնուամենայնիվ այս դեղամիջոցները պայքարում են միայն խնդրի ախտանշանների դեմ, սակայն չեն ազատում ալերգիայի պատճառներից, ուստի անգամ դրանց գործածության դեպքում խնդիրը կարող է կրկնվել։
Սննդաբան Աննա Պոլյակովան ներկայացրել է ալերգիաների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը, որը կօգնի ազատվել խնդրից։ Մասնագետի խոսքով՝ ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է պարզապես հետևել հինգ պարզ կանոնի։
«Ցանկացած ալերգիա ենթադրում է անհատական մոտեցում, սակայն այն անպայման պետք է ներառի հինգ քայլ։ Առաջին և ամենակարևոր քայլը մաքուր և անվտանգ սննդակարգն է այս կամ այն մթերքի նկատմամբ օրգանիզմի արձագանքին հետևելու հետ մեկտեղ։ Հարկավոր է բացառել սննդակարգից ագրեսիվ սպիտակուցներն ու նվազեցնել առօրյա կյանքում տոքսիկ նյութերի քանակությունը», – նշել է մասնագետը։
Երկրորդ կարևոր նախապայմանը, մասնագետի խոսքով, աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներից, այդ թվում՝ լեղապարկի, լյարդի ու ենթաստամոքսային գեղձի ախտաբանություններից ազատվելն է։ Բացի այդ, հարկավոր է ազատվել նաև ախտածին ֆլորայից և բուժել կաթնասնկախտն ու ճիճվակրությունը։ Ընդ որում՝ քիմիական նյութերը չեն կարող մեկընդմիշտ ազատել մակաբույծներից, ուստի հարկավոր է արմատապես փոխել սննդակարգն ու սննդային պահվածքը։
Ալերգիաներից ազատվելու երրորդ քայլը միտոքոնդրիումների մասին հոգ տանելն է։ Սա ենթադրում է, որ հարկավոր է հոգ տանել նաև իմունային համակարգի մասին, ինչն էլ, ըստ բժշկի, չորրորդ քայլն է։
Ալերգիաներից ազատվելուն ուղղված հինգերորդ քայլն ավիշը մաքրելն է, որը կօգնի ազատվել ոչ միայն ալերգիաներից, այլև բոլոր այլ հիվանդություններից։ Մասնագետը նախազգուշացնում է, որ աղտոտված ավշի դեպքում երբևէ հնարավոր չի լինի մեկընդմիշտ հաղթահարել ալերգիաները։