Ինչով է վտանգավոր նստակյաց ապրելակերպը
Advertisement 1000 x 90

Ինչով է վտանգավոր նստակյաց ապրելակերպը

Հիպոդինամիան մահվան ամենատարածված պատճառներից մեկն է: Առաջացած առողջական խնդիրների քանակով նստակյաց կենսակերպը զիջում է միայն հիպերտոնիային եւ արյան մեջ շաքարի բարձր մակարդակին։ Նստակյաց ապրելակերպի հետ կապված հետեւանքների պատճառով աշխարհում ամեն տարի ավելի քան 3 մլն մարդ է մահանում։

Դիետոլոգ Տատյանա Եվստիգնեեւայի (Ռուսաստան) կարծիքով՝ նստակյաց կենսակերպը կարող է մի շարք առողջական խնդիրների պատճառ դառնալ:

«Հիպոդինամիայի հիմնական «թիրախը» սրտանոթային համակարգն է,- ասել է մասնագետը,- Պացիենտների մոտ դիտարկվում են անոթների աթերոսկլերոտիկ ախտահարումներ, որոնք նպաստում են սրտի իշեմիկ հիվանդության զարգացմանը: Առաջանում է զարկերակային հիպերտոնիա։ Հիպոդինամիայով հիվանդների մոտ սրտի կաթվածից եւ սրտի անբավարարությունից մահացության մակարդակը 20-30 տոկոսով բարձր է բնակչության միջին ցուցանիշից։

Մասնագետի խոսքով՝ անբավարար ֆիզիկական ակտիվության պատճառով տուժում է նաեւ հենաշարժական համակարգը՝ մեծանում է օստեոպորոզի, ինչպես նաեւ կոտրվածքների վտանգը։

Միաժամանակ, ակտիվ ապրելակերպը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի եւ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը։

Մասնագետը հիշեցնում է, որ կանոնավոր չափավոր վարժություններն օգնում են կանխել կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի, իսկ տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի, հաստ աղիքի հետ կապված խնդիրների առաջացումը։ Քունը նորմալանում է, տրամադրությունը բարելավվում, դեպրեսիան անհետանում:

Ինչպիսի ֆիզիկական ակտիվությունը կարելի է բավարար համարել առողջությունը պահպանելու համար:

Երեխաներին մասնագետը խորհուրդ է տալիս մեկ ժամ, մինչեւ 65 տարեկան մեծահասակներին՝ օրական երկու ժամ չափավոր ֆիզիկական ակտիվություն։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է երկու ժամ մարզվել մարզասրահում։ Քայլելն ու թեթեւ վազքը նույնպես ֆիզիկական ակտիվություն են համարվում։

med.news.am