Գարնանը շատ մրգեր եւ բանջարեղեններ գնորդին բավական հրապուրիչ են թվում, բայց դրանք կարող են եւ մեծ վնաս պատճառել առողջությանը։ Այսպիսի կարծիք է հայտնել Ինտեգրատիվ նուտրիցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հիմնադիր Նատա Գոնչարը «Պրայմ» գործակալության հետ զրույցում։
Մասնագետը նախազգուշացրել է, որ արտադրողները բավական հաճախ են օգտագործում նիտրատներ, որպեսզի արագացնեն սեզոնային պտուղների հասունացման պրոցեսը։ Եթե այդ նյութերը մեծ քանակությամբ հայտնվեն մարդու օրգանիզմում, կարող է առաջանալ ալերգիա կամ թունավորում, իսկ որոշ դեպքերում կարող է խախտվել վահանաձեւ գեղձի եւ աղեստամոքսային տրակտի աշխատանքը։ Բացի այդ, օրգանիզմում նիտրատների կուտակվելը կարող է հանգեցնել քրոնիկական թունավորման։
Մասնագետի խոսքով՝ խանութում մրգեր եւ բանջարեղեններ գնելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել դրանց արտաքին տեսքին. եթե պտուղները շատ մեծ են ու փայլուն, դրանք, մեծ հավանականությամբ, բավական շատ քիմիական հավելումներ են պարունակում, իսկ «փայլը» վկայում է մոմով կամ պարաֆինով արտաքին մշակման մասին։
Մրգերի եւ հատապտուղների դեպքում ամենամեծ ուշադրությունը պետք է դարձնել խնձորին, ելակին եւ խաղողին, իսկ բանջարեղենների դեպքում՝ նեխուրին, սպանախին, բուլղարական տաքդեղին եւ վարունգին, նշել է մասնագետը։