Ոչ ոքի համար հաճելի չէ արթնանալ գիշերվա կեսին, բայց մեծահասակների ավելի քան 35 տոկոսի համար, որոնք ամեն գիշեր 7 ժամից քիչ են քնում, դա կարող է սովորական սցենար լինել։ Գոյություն ունեն քիչ քնելու մի քանի պատճառներ՝ սթրես, կոֆեին ուշ գիշերով կամ օրվա ընթացքում չափից ավելի երկարատեւ քուն, բայց պատճառներից մեկը, որի մասին հավանաբար չեք մտածել, օդի ջերմաստիճանն է։
Քանի որ մոլորակի վրա կլիմայի տաքացումը շարունակվում է, մեզ սպասում են ավելի տաք ձմեռներ եւ ավելի շոգ ամառներ։ Մեր ննջարանը բացառություն չէ։
«Եթե նայեք առաջիկա 50 տարիների ջերմաստիճանի կանխատեսումներին, կտեսնեք, որ գլոբալ ջերմաստիճանները բարձրանալու են, եւ դա կազդի մարդկանց քնի վրա»,- բացատրել է Կալիֆոռնիայի համալսարանի կոգնիտիվ նեյրոկենսաբան Սառա Մեդնիկը։
Եթե ննջասենյակում շոգ է, քնի հետ կապված խնդիրների հավանականությունն ավելանում է։
Բարձր ջերմաստիճանը կարող է խախտել քնի երրորդ փուլը, որի ժամանակ օրգանիզմն անցնում է դանդաղ ալիքային քնի՝ հանգստի խոր վիճակ, երբ ուղեղի ակտիվությունը դանդաղում է՝ ցերեկվանից հետո վերականգնվելու համար, Yahoo Life-ին տեղեկացրել է Մայամիի համալսարանին կից Միլլերի բժշկական դպրոցի հոգեբուժության եւ վարքագիտության ամբիոնի դոցենտ Ազիզի Սեյշասը։
Գիտնականի խոսքով՝ ջերմաստիճանն ավելի ցածր մակարդակում պահելը օրգանիզմի համար ազդանշան է, որ քնելու ժամանակն է։
Մասնագետներն առաջարկում են մի քանի միջոցներ, որոնք կօգնեն քնել շոգ եղանակին։
2019թ. անցկացված հետազոտությունում նշվել է, որ տաքից սառին աստիճանական անցումը օգնում է օրգանիզմը քնին նախապատրաստելուն՝ նվազեցնելով հիմնական ջերմաստիճանը եւ խթանելով ուղեղի ակտիվությունը հանգստի համար։ Միջոցներից մեկը տաք ցնցուղ ընդունելն է , բայց հետո՝ վերջում, սառը ջրի օգտագործմամբ, կամ տաք ցնցուղից դուրս գալն ու սառը սենյակ մտնելը։
Մյուս տարբերակը ոտքերն ու ձեռքերը վերմակից դուրս թողնելն է։
Բայց եթե ձեր ոտքերը գիշերը մրսում են, Սեյշասը խորհուրդ է տալիս գուլպաներ հագնել, որպեսզի երկարատեւ ջերմություն ապահովվի։ Տաքացվող ներքնակի երեսը նույնպես կարող է օգնել այն տներում, որտեղ ձմռան ամիսներին ջեռուցման համակարգերը վատ են աշխատում։