Ի՞նչ սովորություններ են նպաստում ավելի արագ ծերանալուն
Advertisement 1000 x 90

Ի՞նչ սովորություններ են նպաստում ավելի արագ ծերանալուն

Ի՞նչն է որոշում մեր ծերանալու արագությունը։ Ինչո՞ւ են ոմանք ապրում 100 տարի, իսկ մյուսներն՝ անհամեմատ ավելի քիչ։ Մասնագետների գնահատմամբ՝ գենետիկան որոշում է կյանքի տեւողության ընդամենը 7 տոկոսը, իսկ արագ ծերանալու կարեւոր գործոն են սովորությունները, Eat This, Not That!-ի հարցազրույցում ասել է   «շտապօգնության» ծառայության բժիշկ Ռիթու Սալուջի-Շարման։

Բժշկի խոսքով՝ սնունդն ունի անմիջական կապ մեր ծերանալու արագության, քրոնիկական հիվանդությունների առաջացման հավանականության, ինչպես նաեւ մեր ֆիզիկական եւ հոգեկան առողջության հետ։ Շաքարի, ֆասթ ֆուդի, հագեցած ճարպերի, զտված ածխաջրերի եւ այլ մթերքների բարձր պարունակությունը մեր սննդի մեջ նպաստում է բորբոքման առաջացմանը եւ արագ ծերացնում է մեզ։

Քունը կենսականորեն կարեւոր է մեր ֆիզիկական եւ հոգեկան առողջության համար, իսկ քնատությունը ոչ միայն բարձրացնում է հիվանդությունների առաջացման հավանականությունն ու բացասաբար անդրադառնում կյանքի որակի վրա, այլեւ հանգեցնում է վաղաժամ ծերացման։ Երբ լավ եք քնում, ձեր օրգանիզմը վերականգնում է բջիջները, մարմինը վերականգնում է էներգիան, իսկ ուղեղը մաքրվում է։

Մարդիկ, որոնք ամենաերկարն են ապրում, պարտադիր ամեն օր մարզադահլիճ չեն գնում, բայց ակտիվ կենսակերպ են վարում, եւ ֆիզիկական ակտիվությունը նրանց ամենօրյա կյանքի մի մասն է կազմում։ Ի տարբերություն նրանցից՝ մեզանից շատերը օրվա մեծ մասը նստած են անցկացնում։ Նստակյաց կյանքը նպաստում է բորբոքման առաջացմանը, ինչն արագացնում է ծերանալը։

Հարվարդի համալսարանի խոշոր հետազոտություններից մեկի արդյունքները վկայել են այն մասին, որ հարաբերություններն ամենակարեւոր գործոններից են մեր առողջության եւ երկարակեցության համար։ Գիտնականները հայտնաբերել են, որ ընտանիքի, ընկերների եւ հասարակության հետ ավելի շատ կապված մարդիկ ավելի երջանիկ են, ավելի առողջ եւ ավելի երկար են ապրում, քան միայնակները։

Մեր մարմնի եւ հոգեկան աշխարհի առողջությունը սերտորեն կապված են, եւ սթրեսը համարվում է գործոն, որը բարձրացնում է բազմաթիվ հիվանդությունների առաջացման եւ անգամ կյանքի տեւողության կրճատման հավանականությունը։

Մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը նպաստում է բորբոքման առաջացմանը եւ բարձրացնում բազմաթիվ քրոնիկական հիվանդությունների հավանականությունը, ինչպիսին են քաղցկեղն ու լյարդի հիվանդությունները։ Ալկոհոլի օգտագործումը նպաստում է նաեւ ջրազրկմանը, ինչն արագացնում է մաշկի ծերացումը, այդ թվում եւ դրա այտուցվելուն եւ կնճիռների առաջացմանը։

news.am