Պեյրոնի հիվանդությունն առնանդամի մաշկի տակ կարծր վահանիկի առաջացումն է, ինչի հետևանքով էրեկցիայի ժամանակ տեղի է ունենում առնանդամի կորացում և սեռական գրգռման ժամանակ մեծանում է առնանդամի լարվածությունը: Պեյրոնի հիվանդությունը հիմնականում հանդիպում է 25-60 տարեկան տղամարդկանց մոտ (սոցիալական ամենաակտիվ շրջանում):
ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Պեյրոնի հիվանդությունը կարող է առաջանալ հետևյալ պատճառներով.
- սեռական անդամի վնասում, այդ թվում` սեռական հարաբերությունների կամ ձեռնաշարժության ժամանակ առաջացած միկրովնասվածքներ,
- առնանդամի կոտրվածք,
- աուտոիմուն ագրեսիա, որի ժամանակ իմուն համակարգի բջիջներն առնանդամի հյուսվածքի բջիջները որպես օտար են ընկալում,
- անոթների աթերոսկլերոտիկ փոփոխություններ,
- շաքարային դիաբետ,
- շարակցական հյուսվածքի հիվանդություններ, հատկապես Դուպուտրենի կոնտրակտուրան, տիմպանոսկլերոզը և Պեջետի հիվանդությունը,
- պոդագրան և նյութափոխանակային այլ հիվանդություններ,
- վիտամին E-ի հիպովիտամինոզը,
- կալցիումի նյութափոխանակության խանգարումը,
- էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման նպատակով առնանդամի մեջ դեղերի ներմուծումը,
- սերոտոնինի մակարդակի բարձրացումը:
ԱԽՏԱՆԻՇՆԵՐ
Պեյրոնի հիվանդության հիմնական նշանը առնանդամի կորացումն է դեպի ամորձապարկ կամ որովայն: Էրեկցիայի ժամանակ հիվանդն առնանդամում ցավ է զգում: Առնանդամի մաշկի տակ շոշափվում է կարծրացած հատված: Նկատվում է էրեկցիայի վատացում, սեռական անդամն անբավարար է կարծրանում և չափերով մեծանում: Առնանդամի կորացման հետևանքով տեղի է ունենում նրա ֆունկցիոնալ կարճացում:
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
Պեյրոնի հիվանդության ախտորոշումն իրականացվում է հետևյալ գործողությունների իրականացումից հետո.
- հիվանդության անամնեզի և հիվանդի գանգատների վերլուծություն,
- հարցում հիվանդի սեռական կյանքի որակի մասին (կամ հարցաթերթիկի լրացում),
- գրգռված վիճակում առնանդամի զննում (էրեկցիայի հասցվում է բժշկական գործողությամբ): Բժիշկը գնահատում է կորացման աստիճանը, վահանիկի չափը, ինչպես նաև` վերջինիս տեղակայումը (կարող է նաև հիվանդը երեք պրոյեկցիայով նկարել գրգռված առնանդամը և նկարն ուղարկել ուրոլոգին):
- սեռական անդամի անոթների գերձայնային հետազոտություն,
- առնանդամի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա,
- կավերնոգրաֆիա,
- բժիշկ-անդրոլոգի խորհրդատվություն:
ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Տարբերում են Պեյրոնի հիվանդության սուր և քրոնիկական ձևերը: Սուր ձևի ժամանակ առնանդամի վահանիկի շրջանն ակտիվ արյունամատակարարվում է: Այս ձևի ժամանակ վիրահատական բուժումը հակացուցված է: Քրոնիկական ձևի ժամանակ արյունամատակարարումը նվազած է, ինչը բերում է սպիի աստիճանական զարգացման: Ըստ կորացման աստիճանի տարբերում են 3 մակարդակ`1-ին, 2-րդ, 3-րդ: 1-ին մակարդակի ժամանակ առնանդամի կորությունը 30 աստիճանից քիչ է, 2-րդի ժամանակ այն կազմում է 30-60 աստիճան, իսկ 3-րդի ժամանակ կորացումը 60 աստիճանից ավելի է:
ՀԻՎԱՆԴԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Էրեկցիայի ժամանակ ցավի առաջացմա, ինչպես նաև առնանդամի ձևի փոփոխության դեպքում պետք է դիմել ուրոլոգի կամ անդրոլոգի:
ԲՈՒԺՈՒՄԸ
Պեյրոնի հիվանդության բուժման արդյունավետ եղանակ է վիրահատությունը: Վիրահատության էությունը վահանիկի հեռացումն է կամ առնանդամի վահանիկի հակառակ կողմում ծալքի ձևավորումը, որի շնորհիվ տեղի է ունենում նրա հավասարեցում: Պեյրոնի հիվանդության դեղորայքային բուժումը հնարավոր է միայն վաղ շրջանում, ինչպես նաև սուր շրջանում, երբ վիրահատությունը հակացուցված է: Դեղորայքից նշանակվում է վիտամին E, ֆիբրոբլաստների ակտիվությունը իջեցնող դեղեր, ցիտոստատիկներ, կոլագենի առաջացումն ընկճող դեղորայք, հակաբորբոքիչներ, իմունակարգավորիչներ և այլ դեղեր: Պեյրոնի հիվանդության տեղային բուժման դեպքում վահանիկի շրջանում ներմուծում են նրա չափերը փոքրացնող հատուկ նյութեր: Կիրառվում է նաև հեռահար քարափշրման եղանակը՝ վահանիկի փափկացումը հարվածային ալիքների գեներատորի միջոցով:
ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պեյրոնի հիվանդությունը կարող է բերել իմպոտենցիայի, էրեկցիայի ժամանակ ցավերի առաջացման, անպտղության և առնանդամի չափերի փոքրացման, ինչպես նաև տղամարդկանց մոտ ընկճախտի առաջացման: