Իմունաբան-բժիշկ Օքսանա Պարեցկայան SOLENKA.INFO պարբերականի հարցազրույցում նշել է, որ մշտապես սինթետիկ վիտամիններ ընդունել չի կարելի։ Եթե խոսում ենք դետոքսի շրջանակում դրանք ընդունելու մասին, ապա խոսքը միանգամայն այլ բանի մասին է։ Բայց եթե դրանք մշտապես օգտագործվեն, ապա մարդիկ կարող են բախվել մի շարք տհաճ խնդիրների։ Մասնագետի խոսքով՝ վաճառվող բոլոր վիտամինների 98 տոկոսը սինթետիկ է։
Իմունաբանը նշել է, որ վիտամիններ արտադրում է, մասնավորապես, աղիների միկրոֆլորան։ Սինթետիկ եւ բնական վիտամինների ձեւերը միմյանցից տարբերվում են։ Առաջիններն այլ քիմիական ձեւ ունեն, ինչի պատճառով նրանց յուրացվելիությունն ավելի ցածր է։ Բացի այդ, սինթետիկ վիտամինները կոֆակտորներ չունեն, որոնք բնորոշ են բնականներին։ Սինթետիկ վիտամիններն ունեն մի շարք քիմիական նյութերի՝ քլորոֆորմի, ացետատի, նավթի, գլիֆոսատի մնացորդային հետքեր։
Մասնագետը նշել է, որ գոյություն ունեն ջրում լուծվող եւ յուղային սինթետիկ վիտամիններ։ Առաջինների մեծ քանակությամբ ընդունումը հանգեցնում է այն բանին, որ դրանց ավելցուկը դուրս է գալիս երիկամների միջոցով։ Իսկ յուղի մեջ լուծվողներից ազատվելը բավական դժվար է։ Դրանք կուտակվում են ճարպաբջիջներում։ Այնպես որ, յուղային վիտամինները լուրջ կողմնակի ազդեցություններ են ունենում։
Պարեցկայան ընդգծել է, որ եթե հղի կինը սինթետիկ A վիտամին օգտագործի, ապա մանկիկը կարող է բնածին արատներ ունենալ։ E սինթետիկ վիտամինը կարող է կապ ունենալ վաղաժամ մահվան հետ։ Ինչ վերաբերում է ֆոլաթթվին, ապա այն նպաստում է քաղցկեղի առաջացմանը։
Բժիշկը տեղեկացրել է, որ ավելի վաղ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ ասկորբինաթթուն նվազեցնում է մկանների միտոխոնդրիայի բիոգենեզը, ինչի արդյունքում ավելի քիչ քանակությամբ միտոխոնդրիաներ են առաջանում։ Սրա հետ կապված՝ մարզումներն այնքան էլ արդյունավետ չեն դառնում։