Կատարյալ կարգուկանոն պահպանելու մանիակալ ցանկությունը կարող է վկայել օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման (ՕԿԽ) զարգացման կամ օրգանիզմում սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակի բարձրացման մասին։ Այս մասին «Доктор Питер» պորտալի հետ զրույցում ասել է հոգեթերապևտ, հոգեբան Աննա Շերերը։
Մասնագետի խոսքով՝ նման կախվածությունը մաքրությունից կարող է պայմանավորված լինել շատ վտանգավոր հիվանդություններով։ Որոշ դեպքերում այն կարող է հուշել ՕԿԽ-ի զարգացման մասին կամ լինել անձի մանիակալ-դեպրեսիվ խանգարումների դրսևորումը։ Առավել հաճախ անդադար մաքրություն անելու սովորությունը վկայում է կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածության բարձր մակարդակի մասին։
«Մարդու մոտ բարձրանում է դոֆամինի, նորադրենալինի, կորտիզոլի մակարդակը, իսկ այդ էներգիան անմիջականորեն սպառելն անհնարին է։ Այդ ժամանակ զարգանում է սևեռուն պահվածք, որն էլ օգնում է ազատվել լարվածությունից։ Այստեղ կարևոր է նշել, որ հույզերը, չնայած դրանց նկատմամբ մեր արհամարհական վերաբերմունքին, լուրջ երևույթ են։ Հենց հույզերն են կառավարում ամբողջ օրգանիզմի կարագավորումները», – բացատրել է մասնագետը։
Նրա խոսքով՝ հույզերի ճնշման դեպքում առաջանում է տագնապի զգացում, ինչը նպաստում է սևեռուն ֆոբիաների զարգացմանը։ Այնուամենայնիվ տարածքը կատարյալ մաքրելու սևեռուն ցանկությունից կարելի է հեշտությամբ ազատվել հատուկ թրեյնինգների ու մասնագետի մոտ խորհրդակցությունների միջոցով։