ESC 2022 կոնգրեսի ժամանակ ներկայացված հետազոտությունը հաստատում է պատճառահետեւանքային կապն օդի աղտոտվածության եւ սրտի կաթվածի միջեւ, քանի որ ծխողների վրա, ովքեր առանց այդ էլ ծուխ են ներշնչում, օդի աղտոտվածությունը որեւէ ազդեցություն չի ունենում, գրում է Medical Xpress-ը։
Հետազոտության հեղինակ դոկտոր Ինսա դե Բուր-Սթոքբուրգերը՝ Գերմանիայի Բեռլին-Բրանդենբուրգի սրտամկանի ինֆարկտի ռեգիստրից, նշել է, որ մեր հետազոտության շրջանակներում օդի աղտոտվածության եւ ծխողների մոտ սրտի կաթվածի միջեւ կապ չի հայտնաբերվել: Դա կարող է վկայել այն մասին, որ վատ օդն իսկապես կարող է սրտի կաթվածի պատճառ դառնալ, քանի որ ծխողները, ովքեր մշտապես աղտոտված օդ են ներշնչում, ավելի քիչ են տուժում լրացուցիչ արտաքին աղտոտիչներից:
Հետազոտության մեջ ուսումնասիրվել է ազոտի օքսիդի, 10 մկմ-ից պակաս տրամագծով պինդ մասնիկների (PM10) եւ եղանակային պայմանների կապը Բեռլինում սրտամկանի ինֆարկտի դեպքերի հաճախականության հետ: Ազոտի օքսիդն առաջանում է բարձր ջերմաստիճաններում վառելիքի այրման արդյունքում, մասնավորապես՝ դիզելային ավտոմեքենաներում։ Վառելիքի այրումը նաեւ PM10-ի աղբյուր է՝ արգելակների եւ անվադողերի քայքայման, ինչպես մաեւ փոշու հետ միասին:
Հետազոտությանը մասնակցել է 2008-2014 թթ. սրտամկանի ինֆարկտ տարած 17873 հիվանդ:
«Հետազոտությունը ցույց է տալիս, որ կեղտոտ օդը սրտամկանի սուր ինֆարկտի ռիսկի գործոն է, եւ էլ ավելի շատ ջանքեր է անհրաժեշտ գործադրել երթեւեկության եւ վառելիքի այրման պատճառով աղտոտվածությունը նվազեցնելու համար: Պատճառահետեւանքային կապը դիտողական հետազոտության հիման վրա հաստատվել չի կարող: Հավանական է, որ օդի աղտոտվածությունը սրտամկանի ինֆարկտի ուղեկցող պատճառն է՝ հաշվի առնելով, որ ազոտի օքսիդը եւ PM10-ը նպաստում են բորբոքմանը, աթերոսկլերոզը մասամբ պայմանավորված է բորբոքային պրոցեսներով, իսկ ծխողների մոտ որեւէ ասոցացիա չի հայտնաբերվել»,- նշել է հետազոտության հեղինակը: