Յուրաքանչյուր մարդու քնի պակասը բացասական է անդրադառնում ողջ հասարակության վրա
Advertisement 1000 x 90

Յուրաքանչյուր մարդու քնի պակասը բացասական է անդրադառնում ողջ հասարակության վրա

Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականներն ապացուցել են, որ բավարար քնի բացակայությունը հանգեցնում է պրոսոցիալական վարքագձի թուլացմանը: Պրոսոցիալական վարքագիծը վերաբերում է այնպիսի կամավոր գործողությունների, որոնք նախատեսված են օգնելու կամ օգուտ բերելու մեկ այլ անհատի կամ անհատների խմբի։ Նման վարքագիծը մարդկանց յուրահատուկ էվոլյուցիոն հաջողության գաղտնիքներից մեկն է, քանի որ առանց կարեկցանքի և համագործակցության՝ միասին գործելու և միմյանց աջակցելու ունակության, անհնար կլիներ պատկերացնել մարդկային հասարակությունը:

Վերջին տարիներին խորը կապեր են հայտնաբերվել քնի և առողջության միջև: Սակայն, նոր աշխատանքը ցույց է տալիս, որ քնի պակասը վնասակար է ոչ միայն մարդկանց առողջությանը, այլև նրանց սոցիալական փոխազդեցություններին:

Փորձարկումների առաջին փուլում գիտնականները ՄՌՇ-ի օգնությամբ հետազոտեցին 24 առողջ կամավորների ուղեղը սովորական ութժամյա քնից հետո, ինչպես նաև դրա բացակայության դեպքում: Պարզվեց, որ հանգստի բացակայության դեպքում նվազում է սոցիալական գործառույթների կատարման և մեկ այլ անձին հասկանալու ունակության հետ կապված բազմաթիվ նյարդային շղթաների ակտիվությունը ։

Հաջորդ փուլում գիտնականներն արդեն հեռակա կարգով հսկում էին հարյուրից ավելի կամավորների։ Երեք-չորս օրվա ընթացքում հետազոտողներն անուղղակիորեն գնահատում էին մասնակիցների քնի որակը (տևողությունը, արթնացումների քանակը և այլն), այնուհետև, օգտագործելով հարցաթերթիկները, ստուգել են մասնակիցների ՝ ուրիշներին օգնելու պատրաստակամությունը: Ինչպես և ակնկալվում էր փոխկապակցվածությունն ակնհայտ էր. որքան վատն էր մարդու քունը, այնքան հաջորդ օրը թուլանում էր նրա՝ համագործակցության պատրաստակամությունը։

Բացի այդ, գիտնականները վիճակագրական հետազոտություն են իրականացրել՝ հիմնված ԱՄՆ-ում 2011-ից 2016 թվականներին կատարված մի քանի միլիոն նվիրատվությունների անանուն տվյալների բազայի վրա: Պարզվել է, որ ձմեռային ժամերին անցնելու հաջորդ օրը, երբ մարդկանց մեծամասնությունը սովորականից ավելի կարճ է քնում, նվիրատվությունների ընդհանուր թիվը նվազում է 10 %-ով։ Հաշվի առնենք, որ խոսքն ընդամենը մեկ ժամի տարբերության մասին է։

Ավելի վաղ, ապացուցվել էր, որ քնի պակասը խթանում է մեկուսացման և միայնության հակումը և նվազեցնում սոցիալական ակտիվությունը։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ առողջ քունը բարենպաստ է ազդում պրոսոցիալական վարքագծի դրսևորման, հարաբերությունների ամրապնդման, կարեկցանքի և առատաձեռնության դրսևորումների համար, ինչն էլ միանշանակ ազդում է ընդհանուր հասարակության վրա՝ մարդկանց մեծ և փոքր խմբերի մակարդակներով: Ուստի գիտնականները հորդորում են ավելի ուշադիր վերաբերվել քնին՝ չհամարելով այն ժամանակի պարտադրված կորուստ։

ita.am