Մարդիկ, ովքեր ոգելից խմիչքներ չեն օգտագործում, ավելի շատ են ենթակա ծերունական թուլամտություն ունենալուն, վկայում է 15 միջազգային հետազոտությունների կոհորտային ուսումնասիրությունը։ Գիտնականները պարզել են, թե արդյոք ալկոհոլի օգտագործումը մեծացնում է թուլամտության առաջացման վտանգը։
Հետազոտությունում ներառվել է 24 478 մարդ, որոնց միջին տարիքը 71,8 է եղել։ Նրանց 58,3 տոկոսը կանայք էին, իսկ 54,2 տոկոսը հետազոտության ժամանակ շարունակում էր ալկոհոլ օգտագործել։
Ուսումնասիրության տվյալներով՝ թուլամտության առաջացման վտանգն ավելի բարձր էր այն անձանց շրջանում, որոնք ոգելից խմիչքներ չէին օգտագործել, քան նրանց շրջանում, որոնք առիթից առիթ էին օգտագործել ալկոհոլ կամ օգտագործել էին թեթեւակի եւ անգամ չափավոր։ Ընդհանուր առմամբ, տղամարդկանց համար թուլամտության ռիսկն ավելի բարձր էր, քան կանանց։ Ընդ որում՝ կանանց մոտ ընդհանրապես չի հայտնաբերվել կապ ալկոհոլի օգտագործման եւ թուլամտության միջեւ։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ալկոհոլ չօգտագործելը կարող է մեծացնել թուլամտության հավանականությունը։ Բացի այդ, որեւէ ապացույց չի հայտնաբերվել, որ օգտագործվող ալկոհոլի քանակն ազդում է թուլամտության առաջացման վրա։ Հետազոտողներն ընդգծել են, որ իրենց արդյունքները պետք է կոորդինացվեն այլ հետազոտությունների հետ, որոնք տեղեկացնում են ալկոհոլի չափավոր օգտագործման եւ ուղեղի վատ աշխատանքի կամ օնկոլոգիական հիվանդությունների միջեւ կապի մասին։
Ընթացիկ հետազոտության արդյունքները նախատեսված չեն ալկոհոլի օգտագործումը խրախուսելու համար, այլ դրա փոխարեն կասկածի տակ են դնում այն, թե արդյոք ալկոհոլի օգտագործման նվազեցման վերաբերյալ ընթացիկ հանձնարարականները 60-ից բարձր տարիքի մարդկանց համար արդյունավետ են՝ թուլամտության կանխման առումով։