Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.
Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնք ոչ միայն հույզեր են արտահայտում, այլ գրգռում են սիրահարներին, կարելի է պայմանականորեն բաժանել՝
– քնքույշ համբույրի. համբույրը շուրթերին կամ մարմնի այլ մասերին, կարճատև հպումներով։
– կրքոտ համբույր. ընդհակառակը, շարունակական, երկարատև են, հիմնականում շուրթերին: Շուրթերով կրքոտ համբույրի ժամանակ բերանը կարող է բաց լինել, որ հնարավորություն է տալիս շուրթերի հպմանը ավելացնել լեզուների հպումը, ատամներով թեթև կծելը: Վերջինս կարող է նաև տեղափոխվել մարմնի տարբեր մասեր, սովորաբար վիզը, ականջի բլթակը, նաև մարմնի ինտիմ մասերը:
Ընկերական համբույր. արտահայտում է ընկերական զգացմունքները և մարդկանց փոխկապվածությունը: Հաճախ համբուրում են այտը, ավելի հազվադեպ ձեռքը /սովորաբար տղամարդը աղջկա կամ կնոջ/: Շուրթերի հպումն այս դեպքում կարող է և չլինել, կարևոր է շարժում ցույց տալ, որ համբույր է նշանակում: Հաճախ համբուրվում են մի քանի անգամ, հաճախ երեք անգամ:
Հարգալից համբույր. արտահայտում է հարգալից վերաբերմունք, մարդու կամ առարկայի հանդեպ խոնարհում: Այս դեպքում կարող են համբուրել նաև մարդու ձեռքերը:
Գորովալից համբույր. արտահայտում է գորովանքի, ուրախության զգացմունք: Ավելի հաճախ ուղղված է փոքրիկ երեխաներին կամ կենդանիներին: Այս դեպքում հազվադեպ են համբուրում շուրթերը: Համբուրում են երեխաների այտերը, քիթը, ճակատը:
Հայրական /որդիական, եղբայրական/ համբույր. արտահայտում է ընտանիքի անդամների կապվածության զգացումը: Նորից համբուրում են ճակատը, այտերը, հազվադեպ` շուրթերը:
Օդային համբույր. ևս տարբերակ է սիրային կամ ընկերական համբույրի, որ նշանակում է մարդու ուշադրություն կամ թեթև սիրախաղ: Համբուրում են սեփական ձեռքի ափը և «ուղարկում» տվյալ մարդու կողմը: Երբեմն նաև համբուրողը շուրթերով օդային «համբույր» է ուղարկում` համբուրվողի ուղղությամբ:
Հուդայական համբույր. արտաքին, կեղծ, ցուցադրական հարգանքի համբույր: