Ծանոթանանք և իմանանք, խոնարհվենք, մեծարենք ու պատվենք. Վարանդեցի Միքայել Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

Ծանոթանանք և իմանանք, խոնարհվենք, մեծարենք ու պատվենք. Վարանդեցի Միքայել Հովհաննիսյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԸ

Ծանոթանանք և իմանանք, խոնարհվենք, մեծարենք ու պատվենք. պատմաբան, գրող, հրապարակախոս և փիլիսոփա, պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ Միքայել Վարանդյան, կամ ինչպես մտերիմներն էին նրան անվանում՝ Վարանդեցի Միքայել Հովհաննիսյան (1871 – 1934):

Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը, հետագայում՝ Ժնևի և Ցյուրիխի համալսարանները: Միքայել Վարանդյանը եղել է հայկական անկախ պետականության ստեղծման գաղափարախոս, այդ հարցի կայուն գաղափարակիր և նվիրյալ, համարել է, որ այդ պետության ստեղծումն ու զարգացումը հենց պետք դիտվեն որպես հայության ձգտումների գերագույն իղձն ու նպատակը, որ միայն ինքնիշխան պետականության գոյության պարագայում հնարավոր կլինի ապահովել ազգի գոյությունը, նրա անվտանգությունն ու զարգացումը:

1919թ.ընտրվել է Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր: Հաշվի առնելով եվրոպական լեզուներին, այդ թվում, նաև իտալերենին նրա տիրապետելը, և, առհասարակ, եվրոպական սոցիալ – դեմոկրատիայի միջավայրին և հոսանքներին նրա քաջածանոթ լինելը և եվրոպական հասարակությանը տարիների ընթացքում հայ ազգի խնդիրներին հաղորդակից դարձնելու նրա փորձը, 1920-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Մ.Վարանդյանին նշանակում է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Իտալիայում: Դիվանագիտական ծառայությունից զատ Վարանդյանը Իտալիայում իր ծանրակշիռ մասնակցությունն է բերել նաև «ՆԵՄԵՍԻՍ» գործողության իրականացմանը այդ երկրի տարածքում:

Միքայել Վարանդյանը որպես գաղափարախոս, իր ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում պայքար է մղել ընդդեմ բոլշևիկյան գաղափարախոսության, մշտապես շեշտել է ռուսական վտանգի առկայությունը հայության համար, խիստ անհաշտ է եղել հայ բոլշևիկների նկատմամբ, մշտապես շեշտել նրանց օտարահպատակ և խիստ հակազգային բնույթն ու էությունը:

Վլադիմիր Հարությունյանի էջից