Հարավային Ավստրալիայի համալսարանի սննդաբանները պարզել են, որ 30-50 գրամ նուշ ուտելն օգնում է նվազեցնել հաջորդ ճաշի կալորիականությունը: Հետազոտողների աշխատանքը հրապարակվել է European Journal of Nutrition ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է 140 կամավոր: Առավոտյան դատարկ ստամոքսին մասնակիցների կեսին առաջարկել են նուշ ուտել, մյուս կեսին՝ ածխաջրերով հարուստ խորտիկ։ Այնուհետև կես ժամ, մեկ ժամ և երկու ժամ հետո գիտնականները չափել են մասնակիցների հորմոնների մակարդակը։ Դրանից հետո մասնակիցներին թույլ են տվել ուտել, գնահատվել է նաև ճաշի կալորիականությունը։
Արդյունքում՝ պարզվել է, որ նուշ կերած մարդկանց մոտ C-պեպտիդի մակարդակը ցածր է եղել 47%-ով, իսկ ենթաստամոքսային գեղձի գլյուկագոնի պոլիպեպտիդը՝ համապատասխանաբար 39%-ով և 44%-ով։ Գլյուկագոնը հագեցվածության ազդանշաններ է ուղարկում ուղեղին, մինչդեռ ենթաստամոքսային գեղձի պոլիպեպտիդը դանդաղեցնում է մարսողությունը, ինչը կարող է նվազեցնել ախորժակը: Միջին հաշվով, հետագա ճաշի կալորիականությունը նվազել է 70 կկալով, ինչը բավականին փոքր է՝ հաշվի առնելով նուշի բարձր կալորիականությունը։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում դրա կանոնավոր օգտագործումը թույլ կտա ավելի լավ վերահսկել ախորժակը և զերծ մնալ բարձր կալորիականությամբ այլ մթերքներ օգտագործելուց, կարծում են հետազոտողները:
Ըստ մասնագետների՝ նուշը հարուստ է սպիտակուցներով, բջջանյութով և չհագեցած ճարպաթթուներով, և դա կարող է բացատրել դրանց օգտագործման նման հետևանքները։