14 ամսական փոքրիկներն արդեն կարող են ինքնուրույն մտածել իրադարձությունների զարգացման մի քանի այլընտրանքների մասին, հայտնաբերել են Կենտրոնական-Եվրոպական համալսարանի գիտնականները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Philosophical Transactions of the Royal Society B ամսագրում։
Փորձի ժամանակ 10 եւ 12 ամսական փոքրիկներին ցույց են տվել վիդեոանիմացիա, որտեղ երեք տարբեր առարկաներ (տիկնիկ, խաղալիք փղիկ եւ գնդակ) շարժվել են երկու էկրաններին։ Բոլոր առարկաների վերին մասը նույն տեսքն է ունեցել։ Երբ առարկան հայտնվել է էկրաններից մեկին, այն երեւացել է ամբողջությամբ, երկրորդում վերին մասը համատեղվել է միայն մեկ տարբերակի հետ, օրինակ՝ փղի, մյուսներում՝ երկուսի հետ։
Երբ երեխաները դիտել են անիմացիան, գիտնականներն ամրագրել են նրանց բիբերի տրամագիծը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ 14 ամսական փոքրիկների բիբերն ավելի շատ են լայնացել, երբ նրանք նայել են այն տեսարանը, որը ենթադրում է մի քանի տարբերակներ։ Գիտնականների խոսքով՝ բիբերի մեծացումը վկայում է ուժեղացված մտավոր պրոցեսի եւ երեւակայության մասին. երեխան այդ պահին մտածում է իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակների մասին։
Երեւակայելու եւ մի քանի հնարավոր սցենարները համեմատելու ունակությունը չափազանց կարեւոր դեր է խաղում մարդու կյանքում։ Այս արդյունքները ցույց են տալիս, որ երեւակայության եւ այլընտրանքային հնարավորությունների մասին մտածելու ունակության հիմքը դրվում է շատ վաղ, մինչեւ երեխաների՝ խոսքը յուրացնելու պահը։