Ինչ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել ուժերի պակասի դեպքում սուրճ խմելու սովորությունը
Advertisement 1000 x 90

Ինչ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել ուժերի պակասի դեպքում սուրճ խմելու սովորությունը

Ուժերի կորուստը մեծ քանակությամբ սուրճով և այլ խթանող ըմպելիքներով փոխհատուցելը չափազանց վտանգավոր է առողջության համար։ Այս մասին Gazeta.ru-ի հետ զրույցում ասել է նյարդաբան Իգոր Մացոկինը՝ ընդգծելով, որ թեև կոֆեինը տոնուս է հաղորդում, այն նաև շատ արագ սպառում է օրգանիզմի պաշարները:

Մասնագետի խոսքով՝ կոֆեինը սպառում է ադենոզինեռֆոսֆորաթթվի պաշարը, որը շատ կարևոր է օրգանիզմում էներգիայի և նյութերի փոխանակության համար։ Ինչպես ընդգծել է բժիշկը, օրգանիզմի ռեսուրսներն ամենևին էլ անսահմանափակ չեն, և դրանք անընդհատ ծախսելու դեպքում իմունային համակարգը թուլանում է, իսկ օրգաններն ու համակարգերն ավելի ու ավելի վատ են գործում։

«Սուրճը բացասաբար է անդրադառնում նաև սրտանոթային համակարգի վրա՝ արագացնելով սրտի զարկերը, իսկ միզամուղ ազդեցության հետևանքով նաև բարձրանում է արյան թանձրությունը։ Այս գործոններն իրենց հերթին բարձրացնում են զարկերակային ճնշումը»,- նշել է Մացոկինը։

Միևնույն ժամանակ նա նաև հավելել է, որ մարդիկ սուրճին տարբեր կերպ են արձագանքում։

«Կոֆեինի նկատմամբ զգայուն որոշ մարդկանց մոտ կարող են զարգանալ անքնություն, գլխացավ, նյարդայնություն և դյուրագրգիռություն: Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ չափավոր գործածության դեպքում սուրճն օժտված է ընդգծված հակահիպոքսիկ ու հակաուռուցքային ազդեցությամբ, իսկ դրա կանոնավոր գործածությունը նվազեցնում է Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը»,- եզրափակել է բժիշկը։

tert.am