Գլխարկը նորածնի համար գնվող պարտադիր իրերի ցանկում է:
Ծնվելով՝ մանկիկը հարմավետ և ջերմ միջավայրից տեղափոխվում է աշխարհ, որն իրեն անծանոթ է ու իր համար դեռևս ոչ այդքան հարմարավետ: Արտաքին միջավայրի անբարենպաստ գործոններից պաշտպանելու համար են առաջնահերթ փոքրիկին գլխարկ հագցնում։ Այստեղ, սակայն, հարց է առաջանում մայրիկների մոտ՝ միշտ և ամբողջ ժամանա՞կ պետք է փոքրիկին գլխարկ հագցնել, տա՞նն էլ։
Բալիկին տանը գլխարկ հագցնել պետք է, երբ երեխան նոր է ավարտել լոգանքն ու նրա գլխամաշկը, մազերը դեռևս խոնավ են, երբ տարածքում առկա է քամու հոքս, սենյակն օդափոխում են կամ ընդհանուր ջերմաստիճանը ցածր է։ Սենյակում, որտեղ ստանդարտ ջերմաստիճան է՝ մոտ 20-22°C, բացակայում է միջանցիկ քամին, առողջ ու հասուն ծնված երեխան կարող է մնալ առանց գլխարկի: Հաճախ ճիշտ է հպվել երեխայի պարանոցի հետին մասին կամ մեջքին, զգալ՝ տաք է, թե սառը։ Սառնություն զգալիս ծնողը կարող է փոքրիկին գլխարկ հագցնել։ Իսկ եթե տեսնում է ու զգում՝ երեխան քրտնում է, գլխարկը դառնում է խանգարող հանգամանք։ Գերտաքացումը փոքրիկի պարագայում բնավ ցանկալի չէ։ Պարբերաբար փոքրիկին գլխարկով էլ քնեցնում են։ Դա պարտադիր չէ, որոշ դեպքերում անգամ անցանկալի է։
Տանից դուրս գալիս արդեն, հիվանդանոց գնալիս, պարզապես զբոսնելիս երեխային գլխարկն անհրաժեշտ է։ Ցուրտ եղանակին այն օգնում է պաշտպանել հատկապես ականջները։ Շոգ եղանակին գլխարկի առկայությունը դրսում պարտադիր է այն պատճառով, որ արևի ճառագայթները չընկնեն փոքրիկի գլխին:
Այսպիսով՝ բալիկի գլխարկ դնելու կամ չդնելու հարցը հստակ պատասխան չունի: Պետք է ուշադրություն դարձնել իրավիճակին, փոքրիկի ինքնազգացողությանը, ջերմաստիճանային պայմաններին: Ի դեպ, բոլոր բարենպաստ դեպքերում, երբ մեծահասակներին դժվար է համոզել երեխային տանը գլխարկ չհագցնելը, ապա բրդյա գլխարկը կարելի է գոնե փոխարինել այլ թեթև գլխարկով։ Ժամանակ առ ժամանակ դա էլ պետք է հանել, որպեսզի երեխայի գլուխը հանգստանա, «շնչի»։