От Ильича до Ильича – без инфаркта и паралича!
Նրա մասին գրելով խոսել, նույն է, ինչ, ժողովրդի լեզվով ասած, ջուր ծեծել։
Այս մարդը Կրեմլի ամենասկանդալային հայն էր, բայց կփորձեմ մի քիչ այլ անկյունից մոտենալ։
Սանահինի աղքատ ընտանիքում ծնված այս տղան, կհասնի մինչև սովետի ամենավերին օղակները, բայց ի՞նչ կտա դա սովետին ու ինչ կտա Հայաստանին, որտեղ նա ծնվել էր չքավորության մեջ, կդատեն նրա հայրենակիցներն ու ժամանակը։
Բոլոր մանրամասնությունները բաց թողնելով, ինչը մենք դեռևս դպրոցից գիտեինք, առավել՝ սովետի տարիներից, ուզում եմ անպայման տեսնեն սա և՛ ռուսը՛ և հայը։
Սանահինցի այս մանչուկը, բառացի, փրկեց սովետին և ոչ մեկ անգամ, իսկ իր ազգի՞ն․․․
Նրան գրել-կարդալ էր սովորեցրել իրենց գյուղի վանականը, որը գյուղում միակ գրագետ մարդն էր։
Տառաճանաչության հետ, նա առաջինը ծանոթացավ Մարքսի ու Էնգելսի աշխատությանը, ու նվիրվեց կոմունիզմին։
Առաջին աշխարհամարտի սկսվելուն պես, սանահինցի երիտասարդը կամավոր մեկնեց ռազմաճակատ, բայց սովորական ճաշի ժամանակ, երբ վատացավ, ու պարզվեց, որ մսից ալերգիա ունի, նրան հետ ուղարկեցին տուն։
Այստեղ, նորից, բաց թողնելով, թե ինչպես հասավ Բաքու, տարվեց Շահումյան Ստեփանով, ինչպես բանտարկվեց ու փրկվեց, երբ գնդակահարեցին Բաքվի 26 կոմիսարներին՝ տարիները նրան հասցրեցին մինչև Կրեմլ․․․
Բայց մինչ այդ, Նիժնի Նովգորոդից սկսվեց նրա պարտիական վերելքը, ու երբ առաջին անգամ արդեն սեփական կաբինետ ուներ, գրեց իր սիրելի Աշխենին․ Աշխենը եկավ, ու այլևս նրանք չբաժանվեցին 40 տարի, իսկ երբ հաստատվեց Ռոստովում, Հայաստանից բերեց արդեն մորն ու փոքր եղբորը՝ Արտյոմին, որը կդառնա սովետի ռազմաօդային ուժերի «ամենահաղթական» ավիոկոնստրուկտորը։
1920 – ականների վերջում, հասկանալով, որ «իզգոյ» սովետը, ում աշխարհում չէին ընդունում, սովամահ կլինի, երկիրը որոշեց զարգացնել ինդուստրիան։
Պետք էր ամբիցիոզ ու աշխատասեր մեկը, ու Ստալինը Ռոստովից Կրեմլ բերեց սանահինցի, երբեմնի չքավոր մանչուկին՝ Անաստաս Միկոյանին, և նա դարձավ сталинский НарКом-ը։
1933-ին, երբ ԱՄՆ -ը պաշտոնապես դիվանագիտական կապ հաստատեց սովետի հետ, Ստալինն իր Նարկոմին ուղարկեց ԱՄՆ այցի։
Արևմտյան բարքերն ու վարքերը գիշեր-ցերեկ քարկոծող սովետի համար, ամերիկյան արդյունաբերությունն ասես այլ մոլորակից լիներ․ Միկոյանն ինքը, չտեսի պես էր աջուձախ նայում՝ զարմանալով տարրական բաների վրա․․․
Աշխենը ուղեկցում էր Անաստին ԱՄՆ -ում․ իր հետ կբերի այս բոլոր տեխնոլոգիաները, ու սովետին սովից փրկելու համար, ինքը՝ սովետը, պարտական էր Անաստին ու Աշխենին։
Նրանց վերադարձից հետո, սովետում, աննախադեպ թափով, սկսվեց սննդի գործարանների կառուցումը՝ պանրի գործարան, կաթի գործարան, քաղցրավենիքի գործարան, պահածոների գործարան, շաքարի գործարան։
Հինգ տարում Միկոյանը կարողացավ սովետի սննդի արդյունաբերությունը հանել ամենաառաջնային գծերին, ու մարդիկ սկսեցին սնվել՝ ազատվելով կտրոններից։
1936-ին արդեն, սովետում կար 17 մսի կոմբինատ, 10 շաքարի գործարան, 41 պահածոների գործարան, 9 հրուշակեղենի ֆաբրիկա, 33 կաթի գործարան, 178 հացի գործարան, 22 թեյի գործարան։ Միկոյանը նույնիսկ կարողացավ սովետին հանել շաքարի արտադրության առաջնագիծ, իսկ ձկնեղենի արտադրությամբ, սովետն արդեն զիջում էր միայն Ճապոնիային։
Աշխենը ԱՄՆ-ից բերեց այնպիսի ապրանքների արտադրության գաղափար, որոնք հետո դարձան ամենաբրենդայինները՝ Սովետական շամպայն, սովորական պաղպաղակն անգամ՝ ԱՄՆ -ից էր բերել Աշխենը, գումարած՝ խտացրած կաթն ու ամերիկյան հոթ-դոգ կոչվածը, որը, Աշխենը փոխարինեց ռուսական նրբերշիկով, ու հենց այդ թվերին, արևմտյան արտադրություններից թխած տեխնոլոգիայով, հայտնվեցին մեր մանկության «Պլոմբիրները»։ Սրան գումարած՝ պոպկոռնը, ձողիկ, կետչուփ․ սովետի համար այս ամենը ֆանտաստիկայի ժանրից էր, և այս ամենի հիմքն ու արտադրությունը դրեցին Անաստն ու Աշխենը։
Ու եկավ կրեմլյան տեռորի ժամանակը՝ 1937-1938 թթ-ին, գնդակարվեցին ավելի քան 800 հազար մարդ, երեք միլիոնից ավել քշվեցին ճամբարներ։
Ստալինը, Միկոյանի հավատարմությունը ստուգելու համար, նրան գործուղեց Հայաստան՝ հակահեղափոխական տարրերին գտնելու ու գնդակահարելու, Բերիային էլ դրեց նրա գլխին պահակ։
Տասնյակներով հայ մտավորականների գնդակահարության փաստաթղթերի տակ Միկոյանի ստորագրությունն էր։ Հազարավոր հայ ընտանքիների ռեպրեսիոն փաստաթղթերի տակ Միկոյանի ստորագրությունն էր։
Հենց Միկոյանը Գյուլբենկյան Գալուստին դարձրեց հակասովետական կերպար ու դադարեցնել տվեց շինարարությունը Հունաստանում, որտեղ Գյուլբենկյանն իր փողերով կացարան էր կառուցում Հունաստանում ապաստանած 30 հազար հայերի համար, ովքեր սովամահ էին լինում․․․
Ու այսքանից հետո, երկրորդ աշխարհամարտին, հենց Միկոյանն էր ռազմաճակատի՝ պարենի, հագուստի, սննդի պատասխանատուն։ Երեսունականներին նրա հիմք դրած արդյունաբերությունը փրկեց պատերազմը 1941-1945-ին։
Հենց առաջին օրերից, նրա երեք որդիները մեկնեցին ռազմաճակատ։
Արտյոմն այդ ընթացքում արդեն հայտնի էր ռուսական ռամաօդային ուժերում, ու Անաստասի որդի Ստեփանը, հորեղբոր հետքերով, կդառնա լեգենդար օդաչու, ով իր կյանքի ընթացքում փորձարկեց 104 տարբեր կործանիչներ՝ միայն թիվն արդեն ճչում է՝ 104 կործանիչներ։ Երկրորդ օդաչու որդին՝ Վոլոդյան, մահացավ Ստալինգրադի օդը պաշտպանելիս։
Այսքանից հետո անգամ, Միկոյանն էլի հայտնվեց ստալինյան սև ցուցակում ու երկար ժամանակ ատրճանակը դեն չէր դնում՝ ինքնասպանության պատրաստվելով, որովհետև միայն իրեն սպանելով կարող էր փրկել ընտանիքին, բայց Ստալինի մահը փրկեց սանահինցի «մանչուկին», ու եկավ Խռուշչովը։
1959-ին, Խռուշչովն արդեն սկսեց ԱՄՆ -ին սպառնալիքներ հղել՝ Բեռլինից զորքերը դուրս բերելու հրամայականով։ Ամերիկացիք սա լուրջ վտանգ ընդունեցին և սկսեցին պատրաստվել պատերազմի։ Մազից արդեն կախված՝ երրորդ համաշխարհայինը, կկանխի սանահինցի Անաստասը, որը կթռնի ԱՄՆ ու կհամոզի Սպիտակ Տանը, որ Խռուչշովը մի քիչ «տաք» էր, բայց պատերազմ չի ուզում, ու Սպիտակ Տունը հետ կքաշի տանկերը Բեռլինից։
Նույնը կրկնվեց 1962 ին, երբ ԱՄՆ իր հրթիռները շարեց Թուրքիայի սահմանին, ու նորից՝ Անաստասը գնաց հարցերը կարգավորելու, իսկ սովետը իր հրթիռները տեղադրեց Կուբայում։
Հենց Անաստասը կարողացավ լեզու գտնել Քենեդու հետ՝ հրթիռների երկկողմանի դուրս բերման վերաբերյալ։
Հենց Անաստաս Միկոյանը կարողացավ սանձել երիտասարդ Ֆիդելին, որը պատրաստվում էր մտնել Մայամի։
Այս ընթացքում մահացավ Աշխենը, բայց Անաստասը չեկավ Կուբայից՝ սովետին փրկելը համարելով առաջնահերթ։
Նրա մասին հակասական աղբյուրներ կան, բայց փաստը մեկն էր՝ ամենքին հասավ, ամեն ինչ արեց, իսկ իր ժողովուրդը մնաց անտեր՝ թե՛ ցեղասպանությունից փրկվածները, թե՛ հայաստանաբնակները, որոնցից շատերին գնդակահարեցին Ստալինն ու Բերիան՝ սանահինցի Անաստասի ստորագրությամբ, ով իր մահից առաջ, իր ժողովրդի հանդեպ գործած հանցանքի մասին կասի՝ «Все мы тогда были мерзавцами и подонками!»։
Ես էլ կավելացնեմ․ «Вы все, ими и остались, товарищ сталинский НарКом!»։
Մնացածն էլ ձեզ․․․