Ֆրանս-ամերիկացի ռեժիսոր Դեմյեն Շազելը, որը դեռ ընդամենը 38 տարեկան է, արդեն հասցրել է կենդանի դասական դառնալ։ Մի քանի տարի առաջ նա կարողացավ նվագախմբի սովորական առօրյան վերածել հոգեբանական թրիլլերի իր «Մոլեգնություն» (Whiplash) ֆիլմում, դառնալ լավագույն ռեժիսորի համար «Օսկար»-ի ամենաերիտասարդ թեկնածուն «Լա Լա Լենդ» (La La Land) մյուզիքլի համար ու ստեղծել Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդու մասին «Առաջին մարդը» (First Man) էպիկական դրաման։
Ու յուրաքանչյուր ֆիլմում, ամեն մի կադրում ակնհայտորեն զգացվում է Շազելի պերֆեկցիոնիստական մոտեցումն աշխատանքին ու կինեմատոգրաֆի պատմության մասին խորը գիտելիքների տիրապետելը, որովհետև առավել ուշադիր և բանիմաց կինոդիտողի համար նրա յուրաքանչյուր ֆիլմ ճամփորդություն է դեպի կինոյի պատմության խորքերը. Շազելն առատորեն ցիտում է դասականներին ու անդադար խնամքով օգտվում նրանց ստեղծած հնարքներից։ Յուրաքանչյուր ֆիլմով Շազելը կարծես ասում է. «Ես պաշտում եմ կինոն, ու այդ սերը հավերժական է»։
Ու «Բաբելոնը» (Babylon) Դեմյեն Շազել ռեժիսորի ու Դեմյեն Շազել կինոսիրողի magnum opus-ն է, գլխավոր գործը, կենտրոնական ասելիքը։
Իրադարձությունները ծավալվում են նախորդ դարի 20-ականներին` պատմելով մի քիչ միֆականացված, մի քիչ չափազանցված, համր կինոյից ձայնային կինո անցնելու բուռն, դժվարին ու դաժան փուլի մասին, որն իր հետևից թողեց դիակներ թե՛ բառի բուն իմաստով, ու թե՛ հայտնի աստղերի կարիերաների տեսքով։ Համր կինոյից ձայնային կինո անցման մասին Հոլիվուդում բազմիցս է պատմվել, ու գլխավորը 1952թ-ի «Անձրևի տակ երգողները» (Singin’ in the Rain) երաժշտական ֆիլմն է. Շազելը պատմում է սեփական պատմությունը` գլխիվայր շրջելով «Անձրևի տակ երգողներին», հարցնելով` իսկ ի՞նչ էր մոլեգնում այն ժամանակվա ստեղծագործողների հոգում, երբ իրենց իմացած աշխարհը սկսել էր փլուզվել, իսկ նորին նրանք պատրաստ չէին, ի վիճակի չէին ադապտացվել։
Ու դրա մասին խոսելու համար Շազելը նվազագույնն է դիմում իրական պատմությանը` կառուցելով սեփական աշխարհն իր միֆոլոգիայով, իր ահռելի մասշտաբներով, մարդկային ճակատագրերի իր անձնական մամլիչով։ Միաժամանակ, Շազելն առատորեն համեմում է «Բաբելոնը» հղումներով, որոնք փորձառու կինոսիրողին կհասցնեն հիստերիայի աստիճանի հիացմունքի։
Կինոքննադատները սառն են ընդունել երիտասարդ ռեժիսորի 3-ժամանոց էպիկական կտավը, ու նրանց հուզող գլխավոր հարցը հետևյալն է. Ինչի՞ մասին է «Բաբելոնը»։ Ի՞նչ է ուզում ասել ռեժիսորը սյուժետային անդադար թռիչքներով, կերպարների հսկայական քանակության մեջ ոչ ոքի վրա երկար չկենտրոնանալով, պատմությունն ավարտել չկարողանալով։ Մի՞թե երիտասարդ ու ամբիցիոզ Շազելը չափից ծանր բեռ էր վերցրել ուսերին, որը չկարողացավ տեղ հասցնել։
Իհարկե, ոչ։ «Բաբելոնը» բավականին միանշանակ է։ Սա խելահեղ, մի քիչ կոպիտ, մի քիչ սումբուր, բայց կրքոտ սիրո խոստովանություն է Շազելի կյանքում կենտրոնական տեղ զբաղեցնող կինեմատոգրաֆին։ Միաժամանակ, «Բաբելոնը» վախի զգացողություն է կինեմատոգրաֆի ապագայի նկատմամբ. արդյո՞ք շուկայի ու տեխնոլոգիաների, կինոդիտման փոփոխություններն անճանաչելի կփոխեն կինո երևույթն ինքնին, ինչպես դա եղել էր համր կինոյից անցման ժամանակ, ու արդյո՞ք այդ դեպքում կինոն կշարունակի կինո մնալ, թե՞ դա կլինի կինոյի վերջը։ Շազելի համար սրանք կենսական նշանակության հարցեր են, ու ծայրահեղ անարդարացի է թույլ չտալ տաղանդավոր ռեժիսորին անգամ այս հարցերը հնչեցնել։