Ցածրահասակ մարդիկ, այդ թերությունը ծածկելու համար, հաճախ թշնամաբար են վավում, նշել է հոգեբանների միջազգային թիմը, որը գլխավորել է Իտալիայի Պադուայի համալսարանը։ Հետազոտության եզրակացությունները հրապարակվել են Personality and Individual Differences ամսագրում։
Հոգեբանության մեջ գոյություն ունի մութ տրիադա հասկացությունը, տերմին, որը ներառում է անձի այնպիսի գծերը, ինչպիսին են նարցիսականությունը, մաքիավելիականությունը եւ փսիխոպաթիան։ Այս գծերը վնասում են շրջապատողներին, քանի որ կապված են մարդու՝ մանիպուլացնելու, ցինիզմի, ինքնասիրահարվածության եւ ստի հակման հետ։ Գիտնականների խոսքով՝ ցածրահասակների եւ իրենց ցածրահասակությունից դժգոհ մարդկանց մեջ այս գծերը գերիշխում են։
Հետազոտությանը մասնակցել է 367 մեծահասակ, որոնք հարցաթերթիկ են լրացրել՝ գնահատելու համար վերոնշյալ գծերը, ինչպես նաեւ տեղեկացրել են իրենց հասակի եւ ավելի բարձրահասակ լինել ցանկանալու կամ չցանկանալու մասին։ Ինչպես փաստացի հասակը, այնպես էլ հասակից գոհ լինելը բացասական հարաբերակցություն են ունեցել մութ տրիադայի գծերի հետ։ Այլ խոսքով՝ ցածրահասակ մարդիկ եւ նրանք, ովքեր ցանկանում են ավելի բարձրահասակ լինել, ավելի շատ են ունեցել նարցիսականության, մաքիավելիականության եւ փսիխոպաթիայի հակում։
Ընդ որում՝ բացասական հարաբերակցությունը հասակի եւ նարցիսականության միջեւ ավելի ուժեղ է եղել տղամարդկանց մեջ։ Բայց փսիխոպաթիայի եւ մաքիավելիականության մակարդակը կախված չի եղել մասնակիցների սեռից։
«Ավելի շուտ, դա կապված է այն բանի հետ, որ էվոլյուցիայի տեսակետից, երբ մարդիկ ֆիզիկապես ահեղ լինել չեն կարող, դառնում են հոգեպես ահեղ»,- նշել են գիտնականները։