Սուր վարակիչ հիվանդությունների մեծ մասն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, ինչն օրգանիզմի բնական ռեակցիան է, սակայն երեխայի մոտ բարձր ջերմության առկայության դեպքում ոչ միշտ է հարկավոր միջոցներ ձեռնարկել այն նվազեցնելու համար։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է մանկաբույժ Իգոր Պուշկարյովը։
«Այս դեպքում կարևոր նշանակություն են ունենում ոչ թե ջերմաչափի թվերը, այլ տենդի նկատմամբ հանդուրժողականությունը: Եթե 38,5°C ջերմաստիճանի դեպքում երեխան առույգ է և հեղուկներ է խմում, ապա պետք չէ խանգարել օրգանիզմին պայքարել։ Եթե երեխան թույլ է, քնկոտ, արտասվում է և, հավանաբար, հիվանդության ժամանակ ունենում է նույն ախտանշանները, ինչ և մեծահասակները՝ գլխացավ, մարմնի ցավեր, սրտխառնոց, ապա հարկավոր է միջամտել»,- նշել է բժիշկը։
Նրա խոսքով՝ ջերմիջեցնող դեղամիջոցներ ընդունելու հիմնական նպատակը ոչ թե ջերմաստիճանը 36,6-ի իջեցնելն է, այլ երեխայի ինքնազգացողությունը բարելավելը։ Ինչպես մանրամասնել է բժիշկը, եթե ջերմությունը մնում է բարձր, բայց երեխան իրեն լավ է զգում (ուզում է ուտել և խաղալ), ապա դա բավարար է։