Ինչ չի կարելի անել էպիլեպտիկ նոպայի դեպքում
Advertisement 1000 x 90

Ինչ չի կարելի անել էպիլեպտիկ նոպայի դեպքում

Կա տարածված կարծիք, որ էպիլեպտիկ նոպայի դեպքում հարկավոր է հիվանդի վերին ու ստորին ծնոտների միջև որևէ բան դնել, օրինակ՝ գդալ կամ ամսագիր, սակայն նման քայլերը կարող են միայն վնասել հիվանդին՝ դառնալով ատամների կոտրվելու, կոկորդի վնասվածքների, իսկ երբեմն էլ նույնիսկ շնչուղիների կամ բրոնխների խցանման պատճառ, քանի որ ոչ շատ պինդ առարկաները կարող են պարզապես կոտրվել ու հայտնվել շնչուղիներում։ Այս մասին РИАМО-ի հետ զրույցում ասել է բժիշկ Ելենա Նեչաևան։

Նրա խոսքով՝ էպիլեպտիկ նոպայի դեպքում չի կարելի նաև փորձել ուժով բացել հիվանդի ծնոտը, քանի որ դա ևս կարող է վտանգավոր լինել։

«Հարկավոր է պարզապես բռնել էպիլեպսիայով հիվանդի ձեռքերն ու ոտքերը: Վնասվածքներից խուսափելու համար հարկավոր է գլուխը մի փոքր թեքել ու պահել, որպեսզի լեզուն չհայտնվի կոկորդում։ Ջղաձգումների մեղմվելուց հետո էլ հարկավոր է շարունակել պահել մարդուն կողքի վրա պառկած դիրքում մինչև գիտակցությունը լիովին վերականգնվի»,- նշել է մասնագետը։

Ինչպես ընդգծել է բժիշկը, հասարակական տրանսպորտում կամ վատ օդափոխվող շոգ տարածքներում էպիլեպսիայով հիվանդների մոտ ավելի հաճախ են նոպաներ լինում։ Նման դեպքերում հարկավոր է հնարավորինս արագ հիվանդին դուրս տանել ու ապահովել մաքուր օդով, այնուհետև պառկեցնել կողքի վրա և հետևել, որ նա չընկնի ու չվնասվի։

tert.am