Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված շուրջ 150 տեսակ կենդանիներ գտնվում են վերացման վտանգի տակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բնապահպան Կարինե Փանոսյանն ասաց, որ Հայաստանի նման փոքրիկ երկիրը, որը տարբեր պատճառներով կանգնած է էկոլոգիական աղետի առաջ, կորցնում է իր համար կարևորագույն շղթայի մի մասը:
«2016-ին Ազգային Ժողով է մտել վայրի կենդանիների մասին օրենքի փաթեթը, սակայն այդ ուղղությամբ մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկվել: Հայաստանում հաճախ են տարբեր մարդիկ մտնում անտառ, ապօրինի որս անում և այդ պատճառով թռչունների մեծ մասը վերանում է ժամանցային որսորդության հետևանքով»,-ասաց Փանոսյանը:
Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ խոսեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման պատճառով որոշ կենդանատեսակների գոյությանը սպառնացող վտանգի մասին:
«Ուսումնասիրություններ են անցկացվել, որոնք ցույց են տվել, որ Ամուլսարի հանքի տարածքում հայտնաբերվել են միջազգային «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների 23 տեսակ, որոնցից 13-ը գիշատիչ թռչուններ են: Հանքի շահագործողներն ասում են, թե հանքը շահագործելուց առաջ այդ կենդանիներին տեղափոխելու են այլ տարածք,- նշեց Ադամյանը:- Բայց առնվազն 20-30 տարի է պետք, որ նոր տարածքում կենդանին վերարտադրվի, նոր բնադրավայր գտնի»: