«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են»:
Սրանք սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն են։ Մի մարդու, ով 23 տարի առաջ իր մարտական ընկերների հետ ստեղծեց անկախ Հայաստանի զինված ուժերը։
Ռազմինֆոն 2014թ. ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-ամյակին ընդառաջ այցելել էր Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, զրուցել նրա զարմուհիների հետ, փորձել հասկանալ, թե ինչ կերպարով է Սպարապետը մնացել նրանց ու սերունդների հիշողության մեջ։
Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը նրա առանձնատան ուղիղ դիմացն է։ Տանն ապրում են Վազգեն Սարգսյանի ծնողները։ Տանը մեզ ջերմությամբ դիմավորեցին Սպարապետի զարմուհիները` Ոսկեհատն ու տիկին Երանուհին։
Թանգարանի յուրաքանչյուր հատված Վազգեն Սարգսյանի կյանքի մի փուլն էր ամփոփում, յուրաքանչյուր հատված պատմում էր, թե ինչպիսին է եղել փոքրիկ Վազգենը, դպրոցական, ապա ուսանող, իսկ հետո արդեն հասուն տարիքի Վազգեն Սարգսյանը։
Թանգարանի մի անկյունում նրա օրորոցն էր, որ պահել է նրա եղբայր Արամը։ Մի այլ կողմում մանկական «ամանիկներն» էին, թեյի պապենական գավաթները, թանապուրի ափսեն։
Ցուցափեղկերից մեկի տակ ամուսնական մատանի էր դրված։ Ինչպես Ոսկեհատը պատմեց, դա Վազգեն Սարգսյանի մայրական տատիկի նվերն է եղել։
«Երբ Վազգենը չափահաս է դարձել, տատիկը նվիրել է՝ մտածելով, որ ինքն արդեն մեծ է ու չի հասցնի տեսնել նրա պսակադրությունը։ Բայց մատանին այդպես էլ իր նպատակին չծառայեց։ Ինչպես ինքն էր միշտ պատճառաբանում՝ ժամանակ չուներ։ Ինքը գրքույկ ունի, որտեղ կարմիր գրիչով գրել է, որ այս տարի որոշել է ամուսնանալ։ Եթե ինքը ինչ-որ բան խոստանում էր, իր խոստումը պահում էր»,- պատմում է Ոսկեհատը։
1997 թվականի սեպտեմբերի 15-ին «Չորրորդ իշխանություն» թերթին տված հարցազրույցում Վազգեն Սարգսյանը, «Ե՞րբ կամուսնանա» հարցին ի պատասխան, նշել էր.
«Այս տարի նման խնդիր եմ դրել իմ առջև։ Կարմիր թանաքով գրել եմ։ Եթե կարմիր թանաքով ինչ-որ բան եմ գրում գրքիս մեջ, դա իրականացվող խնդիր է։ Բայց սա մի գրեք թերթում։ Բա որ հանկարծ չանե՞մ»։
Վազգեն Սարգսյանը թե´ դպրոցը, և թե´ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտն ավարտել է կարմիր դիպլոմով։ Տուն-թանգարանում ավարտական ատեստատի ու դիպլոմի կողքին աչքի է ընկնում Վազգեն Սարգսյանի ձեռագիր ինքնակենսագրությունը, որ գրել էր, երբ լույս է տեսել նրա «Հացի փորձություն» գիրքը։
Ներկայացնում ենք մի փոքրիկ հատված ինքնակենսագրությունից.
«… Հա, ամուսնացած չեմ, չեմ եղել և առայժմ չեմ պատրաստվում։ Դատվա՞ծ.. Չեմ եղել, եթե չհաշվենք տնային կալանքները… մորս դատավճիռներով։
Արտասահմանում բարեկամներ ունեմ։ Շա՜տ-շատ՝ սփյուռքի ամբողջ հայությունը։ Ուրի՞շ… էլ ասելու բան չմնաց։ Սա էլ Ձեզ ինքնակենսագրություն»։
Վազգեն Սարգսյանի կյանքում շատ մեծ տեղ է ունեցել նաև գրականությունը։ Տպագրվել է «Գրական թերթ», «Հայաստանի աշխատավորուհի» թերթերում, «Գարուն» և «Սովետական գրականություն» ամսագրերում:
Վազգեն Սարգսյանը` որպես ռազմական գործիչ, սկսել է իր գործունեությունը 1989-ի վերջից, երբ Արարատի շրջանում կազմավորել է առաջին կամավորական ջոկատները և մասնակցել Երասխի ինքնապաշտպանությանը:
1991 թ-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
«Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է։ Յուրաքանչյուր հայ Մարտակերտից մինչև Նոյեմբերյան ու Լոս Անջելես պիտի իրեն պատասխանատու զգա այս պատերազմի համար ու իմանա, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անի։ Մեր հավաքական կամքն ու դիմադրողականությունը պիտի մեծացնենք, փրկությունը դա է»։
Ու դարձյալ շարունակում ենք մեր շրջայցը թանգարանում։ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մասին հիշեցնում էր առաջին հերթին տուն-թանգարանում կանգնեցրած մեքենան, որի համարների փոխարեն նշված էր. «ՊՆ 0001»։ Ոսկեհատը պատմում է մեքենայի պատմությունը։
«Այս մեքենան մի ողջ պատմություն է կրում։ 1992 թվականին սա նվեր է եկել Աթենքից` Վարուժան Գնունուց։ 1988 թ. նա զենքի առումով շատ օգտակար է եղել Վազգենին։ Երբ 1992-ին Գնունին եկել է Հայաստան, Վազգենը գնացել է պաշտոնական մեքենայով։ Վարուժան Գնունին հարցրել է՝ «Ո՞նց Վազգեն, դու անձնական մեքենա չունես», Վազգենն ասել է` ոչ։ Գնում է Աթենք, ու այս մեքենան նվեր է ուղարկում։ Վազգեն Սարգսյանն այս մեքենան դարձյալ վարում է որպես պաշտպանության նախարար ու սրանով զենք էր տանում դիրքեր։ Սրանով Վազգենը մի ամբողջ պատմություն է անցել»,- պատմում է Ոսկեհատը։
Տարիներ անց Վազգեն Սարգսյանը մեքենան նվիրում է եղբորը՝ Արմենին։ Վազգենի մահից հետո եղբայրը որոշում է նվերը թանգարանում կանգնեցնել, որ սերունդները տեսնեն։
«Եթե Սասունցի Դավթին Քուռկիկ Ջալալիով են հիշում, ապա Վազգենին էլ՝ այս մեքենայով։ Այդպես էլ իր մարտընկերներն ասում էին՝ Վազգենի Քուռկիկը»,- հավելում է զարմուհին։
Վազգեն Սարգսյանը սպորտի մարդ էր ու նույնիսկ իր գերհագեցած առօրյայում ժամանակ էր գտնում մարզվելու համար։ Ցուցափեղկում դրված էին թենիսի մարզազգեստը, ռակետը, ֆուտբոլի հին ու մաշված գնդակը, մեդալները, այսինքն՝ մի ողջ պատմություն։
Իսկ ահա մեքենայի կողքին դրված էին Վազգեն Սարգսյանի զենքերը, որոնք ստացել է տարբեր մարդկանցից։
«Հաճախ հարցնում են՝ «Ո՞րն է եղել Վազգեն Սարգսյանի անձնական զենքը», երբ պատասխանում ենք, որ նա չի ունեցել, զարմացել են։ Նա միշտ ասում էր՝ մի բան, որ կյանք է խլում, ինչպես կարող եմ պահել»,- հիշում է Ոսկեհատը։
«Այսօրվա պատերազմը շատ արագընթաց է բոլոր իմաստներով. ուշանալ մեկ րոպե՝ կարելի է պարտվել կռվում, ուշանալ մեկ ժամ՝ կարելի է պարտվել ճակատամարտում, ուշանալ մեկ օր՝ կարող ենք կորցնել Հայրենիք»։
Վազգենը միշտ փորձում էր չուշանալ, միշտ ժամանակ էր գտնում մարդկանց լսելու համար։ Հենց այսպես էլ բնորոշում էին Վազգենին նրա զարմուհիները։
Երբ խնդրում ենք ինչ-որ պատմություններ պատմել ռազմական գործի մեջ մտած Վազգեն Սարգսյանից, տիկին Երանուհին անմիջապես Երասխի պաշտպանությունից է սկսում։
«Երբ արդեն Երասխի պաշտպանությունը սկսվեց, Վազգենը Երևանի ցույցերից եկավ, ասաց. «Սոֆի, (Վազգենը մորը՝ Գրետային, Սոֆի էր ասում) շորերս տուր հագնեմ, գնամ»։ Այդ ժամանակ նրա երկու եղբայրներն արդեն առաջին գծում էին։ Միս ջարդելու տապար ունեին, այդ պահին Գրետը վերցրեց ու եկավ, որ ինքն էլ մեքենա նստի։ Վազգենը հարցրեց.
-Դու ո՞ւր ես գալիս։
-Բա որ իմ 3 տղաներն այնտեղ են, ես ո՞ւր եմ մնում, մի թուրքի գլուխ էլ ես կջարդեմ։
-Գնա-գնա, կռիվը կնանիքի բան չի։
Հետո մի դեպք է պատմում, թե ինչպես է Վազգեն Սարգսյանը, կյանքը վտանգելով, սպառազինություն բերել Հայաստան։
«1998 թվականին պետք է գնար Աշուլուկ՝ ԱՊՀ անդամ պետությունների հանդիպման։ Բայց վթարի էր ենթարկվել ու Աշուլուկ գնաց ինքնաթիռի մեջ պառկած, որովհետև ողնաշարը դեռ չէր ապաքինվել։ Ինքը պետք է լիներ այնտեղ։ Ինչո՞ւ, որովհետև ասում էր. «Եթե ես չգնամ, 3 հատ տանկ ու 5 հատ հաուբից, որ խոստացել են, չեն տա։ Ես պիտի լինեմ, որ իրենց խոստացածը բերեմ»։ Նա ամեն ինչ անում էր իր կյանքի գնով»,- հիշում է տիկին Երանուհին։
«Անգամ երբ Նոր տարուն տղաներն ուզում էին օդ կրակել, թույլ չէր տալիս, ասում էր. «Դուք գիտեք, ես այդ մի փամփուշտը ինչ գնով եմ ձեռք բերել»։ Ամեն ինչ նրա համար կապ ուներ»,- եզրափակում է զարմուհին։
Օրն ավարտվում էր, իսկ Վազգեն Սարգսյանի արածի ու չարածի մասին դեռ այնքա՜ն պատմություններ կային…
«Բանակը Վազգենի երեխան է, իսկ մեր զինվորները տիկին Գրետայի՝ Վազգենի մոր թոռները»,- նշում է Վազգեն Սարգսյանի հորաքրոջ աղջիկը՝ տիկին Երանուհին։
«Հենց այնպես չէ, որ Վազգենը պետք է լիներ այդ լիդերը, հենց այնպես չէ, որ Վազգենը պետք է Սպարապետ լիներ»,- շեշտում է տիկին Երանուհին։
«Բանակի տարին չի սկսվում և չի ավարտվում, այնպես, ինչպես չի սկսվում և չի ավարտվում Հայրենիքի հանդեպ մեր սերը, մեր պարտականությունը, նրա համար մեր տագնապը»։
Ինչպես Սպարապետն է ասել. «Չի կարելի այս պատերազմում պարտվել, հատկապես երբ արդեն հաղթել ես»։
Մենք հաղթեցինք պատերազմում, հաղթեց բանակի հիմքում կանգնած յուրաքանչյուր հայորդի՝ մեզ փոխանցելով անկախ երկրի հաղթանակած բանակ։
Նյութը` Հասմիկ Մելիքսեթյանի
Նկարները` Գարիկ Հարությունյանի և ankakhutyun.am-ի