Շոու-բիզնեսի հանրահայտ ներկայացուցիչների կանայք սովորաբար գտնվում են իրենց ամուսինների ստվերում: Բայց դա չի վերաբերում Էլինա Ջանիբեկյանին՝ ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանի տիկնոջը: Այս հայուհին դեռ մանկուց երազել է դերասանուհի դառնալ: Դեկտեմբերի 1-ին նրա երազանքն իրականացավ. Մոսկվայի էստրադայի պետական թատրոնի բեմում կայացավ «Օ, կանա՜յք» ներկայացման պրեմիերան, ուր գլխավոր դերում Էլինան էր: Նա Peopletalk-ին պատմել է, թե ինչպես է կարողացել կյանքի կոչել վաղեմի իր երազանքը:
– «Օ, կանա՜յք» ներկայացման գլխավոր հերոսուհին եք: Պատմեք այս նախագծի մասին:
– «Օ, կանա՜յքը» համաշխարհային դասականների հայտնի ստեղծագործություններից կազմված 4 գործողություններով ներկայացում է: Իր մեջ է ներառում անգլիական լիրիկական կատակերգությունը, իտալական տրագիկոմեդիան, ֆրանսիական ֆարսը, սովետական մելոդրաման: Տարբեր երկրներ, բնավորություններ, և այդ ամենը՝ մեկտեղված: 4 դեր եմ խաղում, ստիպված եմ արագ կերպարանափոխվել, ասենք՝ պարզ անգլուհուց՝ մինչև խորհրդային տարիների ջադուի: Բեմադրիչ Միխայիլ Բորիսովն այս ներկայացումը տարիներ առաջ բեմականացրել է Երմոլովայի թատրոնում: Դերասաններ են փոխվել, բայց նոր գաղափարն այն էր, որ բոլոր այդ գլխավոր կերպարներին մարմնավորի մեկը: Իսկ դա բարդ խնդիր է: Ես իմ տեսակով ինքս ինձ քննադատող եմ, շատ լավ հասկանում էի, թե ինչ մեծ պատասխանատվություն եմ ինձ վրա վերցնում…
– Երկար դադարից հետո «Օ, կանա՜յք» ներկայացումը Ձեզ համար մեկնարկային էր: Ի՞նչ զգացողություններ ունեք:
– Նոր ներկայացմանը վերադարձը վախի զգացողություն է առաջացնում: Երկար էինք փորձում, սակայն չէինք պատկերացնում, թե ինչ արձագանք կունենա նոր մոտեցումը: Շատ էի անհանգստանում, սակայն ամեն բան անցնում է, երբ տեսնում ես, թե աշխատանքդ ինչպես է գնահատում հանդիսատեսը: Երջանիկ հանդիսատեսը լավագույն գնահատականն է:
– Ընտանիքում ինչպե՞ս ընդունեցին բեմ վերադառնալու Ձեր որոշումը:
– Մեծ ընտանիք ունեմ, բոլորն էլ դրական արձագանքեցին: Միայն ամուսնուս ստիպված եղա համոզել: Ես ոչ միայն կարող եմ լավ մայր, կին լինել, այլ նաև դերասանուհի, ով պատրաստ է պատվով կատարել իր դերը. սա ընդունելու համար ժամանակ պահանջվեց:
– Ինչո՞վ Ձեզ հրապուրեց այս նախագիծը:
– Ինձ համար բեմն ադրենալին է, ոչ մի այլ բանի հետ չզուգորդվող զգացողություն, երբ մնում եք դու և հանդիսատեսը: Միշտ ցանկացել եմ խաղալ կոմեդիաներում, ուրախացնել, ծիծաղեցնել մարդկանց, որ մարդիկ թեթևացած և ուրախ հեռանան թատրոնից: Մեր ընտանիքում դերասաններ չեն եղել: Պապս եղել է Հայաստանի առաջին օնկոլոգը, տատիկս՝ գինեկոլոգ, հայրս՝ ատամնաբույժ, մայրս՝ բուժքույր: Բժիշկների ընտանեկան ավանդույթը խախտեցինք ես և եղբայրս, քանի որ մենք արյուն տեսնել չենք կարողանում:
– Այդ դեպքում ինչպե՞ս է Ձեզ մոտ առաջացել հետաքրքրությունն արվեստի նկատմամբ:
– Մանկուց սիրահարված եմ եղել բեմին: Սկսել եմ դեռ մանկապարտեզից: «Կարմիր գլխարկը» ներկայացումն առաջինն էր: Հետո, ավելի ուշ սկսեցի հաճախել Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոն», որը գտնվում է Երևանում, դարձա մենակատար: Շատ էինք մեկնում հյուրախաղերի: Հիշում եմ Կահիրեի օպերային թատրոնում իմ մենապարը: 16 տարեկանում հեռացա պարարվեստից, քանի որ հանդիպեցի ապագա ամուսնուս, ում այնքան էլ դուր չէր գալիս իմ զբաղմունքը: Մեկ տարի անց ամուսնացանք և տեղափոխվեցինք Մոսկվա, ուր ընդունվեցի Ռուսաստանի Տուրիզմի միջազգային ակադեմիա: Ընդունելությանը ոչ մի բարդություն չեղավ, քանի որ տիրապետում եմ օտար լեզուների, սակայն ուսումն այնտեղ ինձ չհրապուրեց: Ավարտելով՝ ամուսնուս համոզեցի, որ ընդունվեմ ГИТИС: Հիմա եմ հասկանում, որ նա շատ չդիմադրեց, քանի որ վստահ էր, որ կտապալեմ քննությունները: Արդյունքում՝ 2-րդ բարձրագույն կրթությունը՝ Միխայիլ Բորիսովի ղեկավարած էստրադային ֆակուլտետի կուրսում: Հայտնվեցի լավագույն ութնյակում, իսկ դիպլոմայինս վոկալ-պարային սոլո ելույթ էր, որն ինձ բերեց կարմիր դիպլոմ: Բայց ինձ այլ բան էր հուզում՝ պրոցեսը, որ ես զբաղվում եմ իմ ամենասիրած գործով:
– Բնավորության ի՞նչ լավ և վատ կողմեր ունեք:
– Լավ կողմեր չունեմ (ծիծաղում է.- Պ.Վ.): Իսկ վատ կողմեր՝ որքան ուզեք: Օրինակ՝ սպորտով չեմ զբաղվում, չնայած հասկանում եմ, որ դա անհրաժեշտ է: Երբեք ինձ դիետաներով չեմ տանջել: Երեք երեխայի մայր եմ, բայց երբ ուզում եմ կոնֆետ ուտել՝ ուտում եմ: Սահմանափակումներ էլ են լինում, օրինակ, վերջին հղիության ընթացքում 25 կիլոգրամով քաշս ավելացել էր: Ստիպված եղա մի քիչ զուսպ լինել… Ուշացող եմ, ևս մի վատ կողմ… ջանք չեմ խնայում, բայց դեռ ոչինչ չի ստացվում՝ ուշանում եմ:
– Ի՞նչ ներկայացումների եք Դուք գնում:
– Թատրոն շատ եմ սիրում, բայց անծանոթ գործեր աշխատում եմ չդիտել: Դա ինձ մասնագետներն են խորհուրդ տվել: Ես վստահում եմ այդ մարդկանց: …Ես շատ եմ սիրում, երբ թատրոնում ամեն բան գեղեցիկ է, տոնական, ճաշակով…
– Ի՞նչ հոբբիներ ունեք:
– Սիրում եմ ձեռքի աշխատանքը: Ես ձեռագործ մազակալների մեծ հավաքածու ունեմ, ինքս եմ պատրաստել: Հաճախ հատուկ որևէ իր եմ գնում՝ ձևափոխելու նպատակով: Դրանք կարող են գլխարկներ լինել, զգեստներ և այլն: Սիրում եմ տան վերանորոգմամբ զբաղվել, առանց դիզայներների: Այդ հարցը լավ ուսումնասիրել եմ: Այնպես որ, եթե ուզեք, կարող եմ հուշել, թե շրիշակի ինչ լայնություն ընտրեք կամ պատի գույնի որևէ երանգը, կօգնեմ (ծիծաղում է.- Պ.Վ.):
Նյութը հրապարակման պատրաստեց ՊՈՂՈՍ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԸ