«Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը ներկայացրեցին 2017թվականի «Ավրորա» մրցանակի հավակնորդներին: Այս տարի նրանք հինգն են` մայր և դուստր Ֆարթուն Ադան և Իլվադ Էլմանը՝ Սոմալիից, Ջամիլա Աֆղանին՝ Աֆղանստանից, Մուհամադ Դարվիշը՝ Սիրիայից, Դենիս Մուկվեգեն՝ Կոնգոյից և Թոմ Քաթինան՝ Սուդանից:
«Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշեց, որ այսօր շատ կարևոր օր է հայ ազգի համար: «Ուղիղ մեկ տարի առաջ մենք ընտրեցին «Ավրորայի» առաջին մրցանակակրին: Այս մեկ տարվա ընթացում չորս երկրներում լուծվել են հումանիտար բնույթի տարբեր խնդիրներ»,- ասաց նա, հավելելով, որ հավակնորդներին ընտրել է համաշխարհային հանձնաժողովը, որոնցից մեկն ազգությամբ հայ է, ութն՝ օտարերկրացի»,- ասաց նա:
Նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի խոսքով`«Ավրորա»-ի միջոցառումներն այս տարի տևելու են 5 շաբաթ, և ավարտվելու են Հայաստանի առաջին հանրապետության օրը` մայիսի 28-ին: «Պատահական չէ, որ միջոցառումները մեկնարկում են այնպիսի ժամանակահատվածում, որը խորհրդանշում է մահից դեպի կյանք, մահից դեպի վերապրում և վերականգնում, ցեղասպանությունից դեպի անկախություն»,- հավելեց Աֆեյանը:
«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ «Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին:
Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը ևս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին և ոճրագործություններին և խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և 1 միլիոն դոլարի նվիրատվությամբ «Ավրորա» մրցանակն ստեղծվել են Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների: 2016թ. ապրիլի 24-ին Երևանում կայացած «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության ընթացքում Բուրունդիի REMA հիվանդանոցի և Խաղաղության տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն դարձավ մրցանակի առաջին դափնեկիրը:
Ընտրող հանձնաժողովի կազմում, որի համանախագահն է օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը և Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն: Հանձնաժողովը հինգ հավակնորդներին ընտրել է ներկայացված 558 թեկնածությունների միջից, որոնցից 254-ը չկրկնվող էին և ներկայացվել էին 66 երկրից 13 լեզվով:
- Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի. մարդու իրավունքների պաշտպանության համար և հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ. մայր և դուստր, որոնք զբաղվում են մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով՝ «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի միջոցով:
- Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական և հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար. զբաղվում է Աֆղանստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությամբ կրթական ծրագրերի միջոցով, ինչպես նաև՝ մահմեդական առաջնորդներին իր նախագծերում ներգրավելով:
- Մուհամադ Դարվիշ, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ. ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող, որը վերադարձել է իր ծննդավայր և բժշկական ծառայություններ է տրամադրումում, խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ և գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա:
- Դենիս Մուկվեգե, գինեկելոգ–վիրաբույժ և Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն. մանկաբարձ-գինեկոլոգ, ով բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելո ւբռնություն իրականացնողներին:
- Թոմ Քաթինա, Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ. վիրաբույժ և կաթոլիկ միսիոներ, որը տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է՝ իրականացնելով տարեկան 1000 վիրահատություն և սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի: