Լսողությունը ուղեղի որոշակի հատվածների կողմից որպես ձայն ընկալվող էլեկտրական ազդակների ամբողջությունն է: Էլեկտրական ազդակներն առաջանում են ներքին ականջի կորտյան օրգանի զգայուն բջիջների կողմից՝ տատանումների ազդեցության տակ:
Տատանումները կարող են առաջանալ ցանկացած աղմուկից, որն անցնում է ներքին ականջի,թմբկաթաղանթի և լսողական ոսկրերի միջով: Շատ ուժեղ տատանումներն (այսինքն բարձր ձայները) առաջացնում են զգայուն բջիջների մահ, և լսողությունը վատթարանում է: Այս պատճառով էլ բարձր երաժշտություն լսելը շատ վտանգավոր է, հատկապես՝ բարձր երաժշտությունն ականջակալներով լսելը, չէ՞ որ այս դեպքում ձայնի կորուստն ավելի քիչ է, հետևաբար, ինտենսիվությունը՝ բարձր:
«Փրկենք» մեր ականջները
Առողջ մարդկանց մոտ, ովքեր չեն չարաշահում ականջակալների օգտագործումը, լսողության տարիքային փոփոխություններն սկսում են 30 տարեկանից հետո: Բայց այս փոփոխություններն աննշան են, և նկատելի են դառնում միայն 55-60 տարեկանում: Մինչև 1979թ. մոլորակի բնակչության 80%-ին բնորոշ էին լսողության նվազման այս տեմպերը: Սակայն 70-ականների վերջում Ճապոնիայում ստեղծվեց շարժական նվագարկիչը (player), և լսողության խանգարումները հաճախացան նաև երիտասարդների շրջանում:
Ի՞նչ անել
Պարտադիր չէ հրաժարվել ականջակալներ կրելուց: Պարզապես պետք է պահպանել մի քանի պարզ կանոն.
Ականջակալներն անընդմեջ մեկ ժամից ավելի մի կրեք, իսկ օրվա ընթացքում՝ 2 ժամից ավելի:
Թույլատրելի սահման է համարվում ձայնի 80 դեցիբել հաճախականությունը. ավելի բարձր ձայնը կարող է հանգեցնել լսողության վատացմանը: Աշխատեք չանցնել 60 դեցիբել հաճախականության սահմանը: Սա նվագարկչի առավելագույն ձայնի 60% է:
Հրաժարվեք կաթիլաձև, վակուումային ականջակալներից. նրանք ավելի ”բարձր” են, քան մեծ ականջակալները, և կարող են առաջացնել ոչ միայն լսողական խանգարումներ, այլև լսողական անցուղու մաշկի գրգռում և բորբոքում:
Մի՛ բարձրացրեք երաժշտության ձայնը՝ շրջապատի աղմուկը (օրինակ՝ հասարակական տրասպորտի աղմուկը) խլացնելու համար: Եթե աղմուկը լսելի է ականջակալների միջով, ապա դա նշանակում է, որ աղմուկի ձայնը գերազանցում է 100 դեցիբել հաճախականությունը: Եվ երաժշտության ձայնը բարձրացնելով՝ դուք ավելի եք անցնում 80 դեցիբել սահմանագիծը, հետևաբար անդառնալի վնաս եք պատճառում լսողությանը:
Իսկ որո՞նք են վտանգի նշանները
Մենք ինքներս մեզ համար աննկատ ենք կորցնում լսողությունը: Սակայն որոշ ծայրահեղ դեպքերում օրգանիզմը փորձում է մեզ նախազգուշացնել:
Այսպիսով, անհապաղ ստուգեք լսողությունը, եթե.
Ականջներում պարբերաբար ձայն եք լսում , որը միայն ձեզ է լսելի:
Շրջապատի ձայները, կարծես, խլացած են դարձել:
Դժվար է հասկանալ՝ ինչի մասին է խոսում զրուցակիցը, հատկապես աղմկոտ վայրերում:
Որոշ նորմալ բարձրության ձայներ շատ բարձր են թվում, օրինակ՝ բարձր լսում եք մատիտի ձայնը գրելիս: