Դիետոլոգների և գաստրոէնթերոլոգների եվրոպական ասոցիացիայի փորձագետները կազմել են ամենաօգտակար մթերքների վարկանիշային աղյուսակը, որոնք պարունակում են օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրեր և հեշտ են յուրացվում:
Լոլիկ
Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է լոլիկը: Այն արժեքավոր է մեծ քանակով լիկոպին հակաօքսիդանտի, բջջանյութի և կալիումի պարունակությամբ: Հակաօքսիդանտային հատկության շնորհիվ լոլիկը (նաև լոլիկից պատրասվող տոմատի սոուսը) օրգանիզմին օգնում է պայքարել քաղցկեղային բջիջների դեմ, օգտակար է նաև սիրտ-անոթային համակարգի համար և օգնում է նվազեցնել զարկերակային ճնշումը:
Վարսակաձավար
Երկրորդ տեղում է վարսակաձավարը, որը մեծ քանակով բուսական սպիտակուցներ, բջջանյութ, B խմբի վիտամիններ և տարրալուծվող սննդային մանրաթելեր է պարունակում: Վարսակի շիլայի օգտագործումը պաշտպանում է բարձր ճնշումից, աղեստամոքսային համակարգը մաքրում է տոքսիններից: Խորհուրդ է տրվում վարսակի շիլա ուտել շաբաթական 1-2 անգամ առավոտյան:
Կիվի
Կիվին վարկանիշային աղյուսակում երրորդ հորիզոնականում է հայտնվել: Այս միրգը А, С և Е վիտամիններ է պարունակում, իսկ դրա սերմերը՝ օմեգա-3 ճարպաթթուներ: Կիվին օգնում է պահպանել անոթների առողջությունը, զարկերակային ճնշումը, այն նաև արագացնում է նյութափոխանակությունը և օգնում նիհարելուն:
Խաղող
Չորրորդ տեղում խաղողն է: Մուգ տեսակների խաղողը դանդաղեցնում է օրգանիզմում օքսիդացման պրոցեսները, ինչը պաշտպանում է չարորակ նորագոյացությունների առաջացումից: Խաղողը նաև չափազանց օգտակար է անոթների համար՝ այն խոչընդոտում է թրոմբների առաջացմանը:
Ձուկ և ծովամթերք
Հինգերորդ հորիզոնականում են ձուկը և ծովամթերքը: Դրանք ճարպեր, վիտամիններ, հանքանյութեր և միկրոտարրեր են պարունակում, որոնք բարելավում են անոթների և զարկերակների վիճակը: Դիետոլոգները խորհուրդ են տալիս շաբաթական 2-3 անգամ օգտագործել:
Բրոկոլի
Բրոկոլին վեցերորդ հորիզոնականում է: Բրոկոլին օրգանիզմին օգնում է վերականգնվել հիվանդություններից հետո, այն օգտակար է լյարդի, սիրտ-անոթային համակարգի, աղեստամոքսային համակարգի համար, նաև նյարդային և նյութափոխանակության խանգարումների դեպքերում: Այն չափազանց անհրաժեշտ է տարեց մարդկանց, երեխաներին և հղի կանանց:
Ավոկադո
Յոթերորդ տեղը զբաղեցրել է ավոկադոն: Հատուկ ճարպաթթուների պարունակության շնորհիվ ավոկադոն ամրացնում է արյունատար անոթները և սիրտը, իսկ նրա ֆերմենտներն օրգանիզմին օգնում են կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Ավոկադոն նաև դրականորեն է ազդում ուղեղի վրա՝ ավոկադոյի կանոնավոր օգտագործման դեպքում գրգռվածությունը և հոգնածությունը նվազում են, բարելավվում է ընդհանուր ինքնազգացողությունը:
Ձու
Գիտնականները խորհուրդ են տալիս շաբաթական առնվազն 4 ձու ուտել: Ձվի մեջ պարունակվող նյութերը օգնում են չեզոքացնել այն վնասը, որն անոթներին հասցնում է շրջակա միջավայրը: Դրանից բացի, ձուն հագեցած է կալցիումով և լեցիտինով, որի միջոցով կանխվում է արագ ծերացումը:
Սխտոր
Վարկանիշի 9-րդ տեղում է սխտորը: Սխտորի օգտակար հատկությունների մասին վաղուց է հայտնի. այն օգնում է անոթներն առողջ պահել, նաև նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը: Դրանից բացի, համարվում է, որ սխտորի օգտագործումը կարող է կանխել օդակաթիլային ճանապարհով փոխանցվող որոշ հիվանդություններով վարակվելը:
Ձիթապտղի յուղ
Վերջապես՝ 10-րդ տեղում է առաջին մզվածքի ձիթապտղի յուղը: Ձիթապտղի յուղում պարունակվում են բազմահագեցած ճարպաթթուներ, մասնավորապես՝ օլեինաթթու, որը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Օրգանիզմի կողմից ձիթապտղի յուղը հեշտ է յուրացվում, այն նվազեցնում է ախորժակը, արագացնում նյութափոխանակությունը և բարենպաստ ազդում ստամոքսի վրա: