58-ամյա Սյուզան Մակգրեգորը մահացել է թոքերի քաղցկեղից, որով հվանդացել է այն պատճառով, որ մանկության տարիներին հաճախ է գրկել հորը, որի հագուստի վրա հաճախ մնացել են ասբեստի հետքեր:
Բժիշկները ենթադրում են, որ հորը գրկելիս մանուկ անգլուհին շնչել է ասբեստի վտանգավոր գոլորշիները, որը և առաջացրել է մեզոտելիոման` թոքերի թաղանթին առնչվող քաղցկեղի տարատեսակ: Սովորաբար քաղցկեղի այս տեսակն առաջանում է քիմիական նյութերի ազդեցության հետևանքով: Սյուզանի հայրը խողովակներ տեղադրող էր և բավականին հաճախ էր տուն վերադառնում ուշ երեկոյան` ասբեստով ծածկված, և խաղում դստեր հետ:
Սյուզանը ոչ մի անգամ չի ծխել, սպորտով է զբաղվել և առողջ կենսակերպի է հետևել: Սակայն 2015 թվականի սեպտեմբերին սարսափով տեղեկացել է, որ թոքերի քաղցկեղով է հիվանդ, որը սովորաբար ծխողների մոտ է հանդիպում: Ախտորոշումից 14 ամիս հետո կինը մահացել է:
Այսօր նրա ամուսին Դեյվը հրապարակայնորեն պատմել է իր ընտանիքում տեղի ունեցած ողբերգության մասին և հայտարարել է, որ վտանգավոր հիվանդությամբ իր կինը «վարակվել» է դեռևս մանկության տարիներին: Դիահերձմամբ պարզվել է, որ թոքերի քաղցկեղի առաջացման հավանական պատճառը ասբեստն է եղել, սակայն դրա հետ Սյուզանը շփվել էր միայն մանկության տարիներին:
«Բավական է ասբեստի մանրագույն մասնիկն ընկնի թոքերի մեջ ճիշտ տեղում, և 40-50 տարի հետո ձեզ մոտ այս սարսափելի հիվանդությունը կառաջանա,- ասել է Դեյվը: – Նա առաջին անգամ կասկածեց, որ ինչ-որ բան այնպես չէ, երբ սկսեց ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո դժվար շնչել: Նա անմիջապես հիվանդանոց դիմեց, իսկ ռենտգենը ցույց տվեց թոքերի ուռուցքի անբուժելի ձևը: Մեզ համար սա իսկական մղձավանջ էր, քանի որ տվյալ հիվանդությունն ավանդաբար կապում են ծխելու կամ արտադրության վնասակար պայմանների հետ, սակայն կնոջս կյանքում թե´ մեկը, թե´ մյուսը երբեք չի եղել»:
Մեզոտելիոմայով հիվանդների դեպքում, որպես կանոն, կանխատեսումները վատթար են. թոքերի քաղցկեղի այս տարատեսակի հետևանքով մեկ տարում հիվանդների 70 տոկոսը մահանում է: Սյուզանը քիմիաթերապիայի 6 կուրս է ստացել և ենթարկվել է թոքի մի հատվածի հեռացման վիրահատության, սակայն նրա դեպքում ևս բուժումն անարդյունավետ է եղել: