Տարվա առանձին օրերին Երևանի օդում արտանետումների չափերը հասնում են մտահոգիչ չափերի։ Մայրաքաղաքի առանձին հատվածներում գրանցվում են այսպես ասած պիկեր՝ սահմանային թույլատրելի կոնցենտրացիային (ՍԹԿ) մոտ, կամ ՍԹԿ-ից բարձր:
Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ արտանետվող գազերի՝ ՍԹԿ-ն գերազանցող աղտոտումներ են գրանցվում ոչ միայն Կենտրոն վարչական շրջանում և ավելի հարավ ընկած հատվածներում, ինչպես ընդունված է կարծել, այլև՝ հյուսիսային մասում, որի վերաբերյալ հաճախ ասում են՝ «օդն այնտեղ մաքուր է»։
«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Երևանի 7 դիտակայանում շուրջօրյա ակտիվ նմուշառման եղանակով իրականացնում է օդային ավազանի դիտարկումներ: Մեկ տարվա ընթացքում վերցվում է մոտ 9-10 հազար փորձանմուշ:
Մոնիտորինգի համաձայն՝ ածխածնի մոնօքսիդը (CO, նույնն է՝ շմոլ գազ), ծծմբի երկօքսիդը (SO2), փոշին և գետնամերձ օզոնը 2016 թվականի միջին տարեկանով չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Բայց ահա նոյեմբերի 10-ին` ժամը 19:45-ին Երևանում գրանցվել է CO-ի տարվա առավելագույն կոնցենտրացիան` 13.13 մգ/խմ, ինչը մոտ 4 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն (3 մգ/խմ):
CO-ի ավելի բարձր ցուցանիշներ գրանցվում են երեկոյան ժամը 4-ից մինչև կեսգիշեր ընկած ժամանակահատվածում: Ամենաղտոտված հատվածներից մեկը Կենտրոնն է, մասնավորապես՝ Խանջյան փողոցը:
2016 թվականի փետրվարի 2-ին` ժամը 17-ին գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը ծծմբի երկօքսիդի (SO2) համար՝ 2.93 մգ/մխ (ՍԹԿ-ն 0,05 մգ/մխ է), ինչն ավելի քան 50 անգամ բարձր է ՍԹԿ-ից: Սա՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում:
2016 թվականին գրանցվել է ծծմբի երկօքսիդի՝ ՍԹԿ-ի գերազանցման 27 (տարածքը՝ Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա), ազոտի երկօքսիդի (NO2)` 321 (տարածքը՝ Շենգավիթ), փոշու` 328 (տարածքը՝ Շենգավիթ, Նժդեհի հրապարակ), գետնամերձ օզոնի 1 դեպք (տարածքը՝ Արաբկիր, Կոմիտասի պողոտա):
Ինչպես պատկերված է գրաֆիկում, 2016 թվականի հունվարին Նորագյուղի տարածքում (Կենտրոն վարչական շրջան) ծծմբի երկօքսիդի ՍԹԿ-ն գերազանցվել է անընդմեջ: Իսկ այսպես ասած պիկերը՝ առավելագույն ցուցանիշները, գրանցվել են ժամը 8-ից 16-ն ընկած ժամանակահատվածում:
Փետրվար ամսին, օրինակ, մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի քանակությունը ՍԹԿ-ին մոտ է եղել Արաբկիրում (դիտակետը՝ Կոմիտաս 29) և Կենտրոնում (Խանջյան 51):
2016-ի փետրվար ամսին Արաբկիրում և Կենտրոնում մի քանի օր ՍԹԿ-ն գերազանցվել է նաև ազոտի երկօքսիդի համար:
Ամբողջությամբ՝ hetq.am
Գագիկ Աղբալյան
Լուսանկարները՝ հեղինակի