Ինչպես կազմաքանդել կազմակերպության աշխատանքը. Գաղտնի ցուցումներ՝ ԿՀՎ-ից
Advertisement 1000 x 90

Ինչպես կազմաքանդել կազմակերպության աշխատանքը. Գաղտնի ցուցումներ՝ ԿՀՎ-ից

1944 թվականի հունվարին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ՝ CIA) Ռազմավարական ծառայությունների կենտրոնը գաղտնի ձեռնարկ-ուղեցույց հրապարակեց՝ թշնամական երկրներում աշխատող իր գործակալների և համակիրների համար։

28 էջանոց այդ բրոշյուրը կոչվում էր «Պարզ սաբոտաժի դաշտային ձեռնարկ» (Simple Sabotage Field Manual): Ինչպես կարելի է գլխի ընկնել, ձեռնարկը սաբոտաժի մասին է։ Դրանում պրակտիկ խորհուրդներ են, թե ինչպես վնասել պահեստներն ու այլ օբյեկտները, կազմաքանդել կազմակերպությունների աշխատանքը և այլն։

Մենք թարգմանել ենք մի փոքր հատվածը, որը ուղղված է տարբեր կազմակերպությունների ղեկավար անձնակազմին, գրասենյակային աշխատողներին, բանվորներին և այլն։ Ձեռնարկը նրանց հուշում է քայլեր, որոնք կկազմաքանդեն կազմակերպության աշխատանքն ու կնվազեցնեն արդունավետությունը։ Որքան ցածր արդունավետություն, այնքան թույլ տնտեսություն։ Որքան թույլ տնտեսություն, այնքան խոցելի երկիր։

Ձեռնարկը գաղտնազերծվել է վերջերս։ Չնայած վաղեմությանը, այն բավականին հետաքրքիր է կարդալ (ամբողջական տարբերակը՝ այստեղ): Ավելին, որոշ ցուցումներ այնքան արդիական է, որ թվում է այսօր որոշ պետական, հասարակական և մասնավոր կառույցներ առաջնորդվում են դրանցով։

Բացի հետաքրքրությունից, այն կարող է օգտակար լինել կազմակերպությունների սեփականատերերի և ղեկավարների համար, որոնք կարող են պարզել՝ արդյոք իրենց աշխատակիցները միտումնավոր կամ չգիտակցված ձևով չե՞ն վնասում կազմակերպությանը։

* * *
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

A) կազմակերպչական հարցեր և կոնֆերանսներ

1. Համառեք, որպեսզի ամեն ինչ արվի միջանկյալ ճանապարհներով։ Երբեք մի ընդունեք «կարճ ուղիները», որոնք կարող են արագացնել որոշումների կայացման պրոցեսը,
2. Ելույթներ ունեցեք։ Խոսեք որքան հնարավոր է հաճախ և երկար։ Ասելիքը համեմեք երկար անեկդոտներով և ձեր անձնական փորձի օրինակներով։ Առիթի դեպքում երբեք մի խուսափեք մի քանի «հայրենասիրական» մեկնաբանություններ անելուց,
3. Հնարավորության դեպքում բոլոր գործերը վերահասցեագրեք տարբեր հանձնաժողովների՝ «լրացուցիչ ուսումնասիրության և դիտողությունների նպատակով»: Ձգտեք, որպեսզի կոմիտեների կազմը հնարավորինս լայն լինի՝ առնվազն 5 հոգի,
4. Որքան հնարավոր է հաճախ վեր հանեք թեմայից դուրս, անհամապատասխան հարցեր,
5. Կառչեք մանրուքներից՝ հաղորդակցության մեջ օգտագործվող բառերի ճշգրտությունից, րոպեներից, արձանագրություններից,
6. Վերադարձեք այն հարցերին, որոնք լուծվել են նախորդ ժողովի ընթացքում, և քննարկման առարկա դարձրեք արդեն իսկ ընդունված որոշումների ճշմարտացիությունը,
7. Զգուշավորություն քարոզեք։ Ձեր գործընկերներին հորդորեք գործել կշռադատված և խուսափել շտապողականությունից, որը հետագայում կարող է խնդիրներ և դժվարություններ առաջացնել,
8. Մտահոգություններ հայտնեք ցանկացած որոշման նպատակահարմարության առնչությամբ։ Հարց բարձրացրեք, թե յուրաքանչյուր որոշումը որքանով է տեղավորվում իրավասությունների մեջ և արդյոք չի՞ հակասում «վերին էշելոնների» կողմից տարվող քաղաքականությանը։

B) Մենեջերներ և սուպերվայզերներ
1. Հրամանները պահանջեք գրավոր տեսքով,
2. «Սխալ հասկացեք» հրամաններն ու հանձնարարությունները։ Անվերջ հարցեր տվեք ցանկացած հանձնարարականի հետ կապված կամ երկար նամակագրական պարզաբանումների մեջ մտեք։
3. Արեք հնարավորը՝ հանձնարարականների ծանուցումը ուշացնելու համար։ Եթե անգամ հանձնարարականների որոշ մասերը ամբողջությամբ պատրաստ են, մի ուղարկեք դրանք հասցեատերերին, քանի դեռ այդ հանձնարարականները ամբողջական տեսքի չեն բերվել,
4. Աշխատանքային նյութեր մի պատվիրեք, քանի դեռ ձեռքի տակ եղած պաշարները ամբողջությամբ չեն սպառվել։ Անգամ ամենափոքր դադարը, որը տեղի է ունենում հին նյութերի վերջանալու և նոր նյութերի ստացման արանքում, կարող է դեր խաղալ աշխատանքի խափանման գործում,
5. Պահանջեք բարձրորակ նյութեր, որոնք դժվար է հայթայթել։ Պնդեք ձեր պահանջները և հայտարարեք, որ ցածրորակ նյութը նշանակում է ցածրորակ աշխատանք,
6. Հանձնարարականներ կազմելիս ընդգծեք ամենից պակաս կարևոր կետերը։ Հետևեք, որ կարևոր գործերը հանձնարարվեն անորակ սարքավորումներով աշխատող և անարդյունավետ աշխատողներին,
7. Կատարյալ որակ պահանջեք, երբ խոսքը ոչ կարևոր ապրանքների մասին է։ Աննշան թերություն տեսնելու դեպքում ետ ուղարկեք՝ վերապատրաստման։ Փոխարենը հաստատեք այն ապրանքները, որոնք ունեն լուրջ, սակայն անզեն աչքով ոչ նկատելի թերություններ,
8. Միտումնավոր սխալ թույլ տվեք բաշխման հարցում. այնպես արեք, որ դետալները և նյութերը գործարանում հասնեն ոչ այնտեղ, որտեղ պետք է,
9. Նոր աշխատողների հետ թրեյնինգ անցկացնելիս տվեք ոչ ամբողջական և մոլորեցնող ցուցումներ,
10. Բարոյահոգեբանական մթնոլորտը, և դրա հետ մեկտեղ՝ արտադրողականությունը վատացնելու համար բարյացկամ եղեք վատ աշխատողների հետ. նրանց առաջ տարեք, խտրականություն դրեք լավ ու վատ աշխատողների միջև՝ հօգուտ վատերի, իսկ լավերի աշխատանքից դժգոհեք,
11. Երբ կարևոր և անհետաձգելի այլ գործեր կան, համաժողովներ անցկացրեք,
12. Շատացրեք թղթաբանությունը, սակայն դա արեք խելամիտ ձևով,
13. Ավելացրեք բյուրոկրատիան և բարդացրեք ընթացակարգերը։ Այնպես արեք, որ ցանկացած պրոցես հաստատեն երեք հոգի, թեկուզ եթե դա կարող է անել մեկը,
14. Բոլոր կարգավորումները կիրառեք մինչև վերջին տառը։

C) Գրասենյակային աշխատողներ
1. Հանձնարարականները կրկնօրինակելիս սխալներ թույլ տվեք։ Միտումնավոր շփոթեք նման անունները, օգտագործեք սխալ հասցեներ,
2. Ձգձգեք նամակագրությունը պետական կառույցների հետ,
3. Խառնեք կարևոր փաստաթղթերը,
4. Փաստաթղթերը պետք եղածից քիչ պատճենեք, որպեսզի հետագայում պատճենելու լրացուցիչ անհրաժեշտություն լինի,
5. Կարևոր զանգահարողներին ասեք, որ ղեկավարը զբաղված է կամ խոսում է մյուս հեռախոսով,
6. Անհանգստացնող բամբասանքներ տարածեք։

D) Բանվորներ և այլ աշխատողներ
1. Աշխատեք դանդաղ։ Ամեն ինչ արեք՝ աշխատանքը երկարացնելու համար։ Օրինակ, ծանր մուրճի փոխարեն օգտագործեք թեթև մուրճ։
2. Աշխատեք ընդմիջումներով։ Զուգարան գնալիս հնարավորինս երկար մնացեք այնտեղ։ Դիտավորյալ մոռացեք ձեզ անհրաժեշտ գործիքները։
3. Ձևացրեք, թե չեք հասկանում օտար լեզգով գրված աշխատանքային ուղեցույցները, եթե անգամ տիրապետում եք այդ լեզվին,
4. Ձևացրեք, որ չեք հասկանում հանձնարարությունները և ստիպեք, որ վերադասը ժամանակ ծախսի՝ մի քանի անգամ կրկնելով դրանք,
5. Ձեր աշխատանքը վատ կատարեք և մեղքը բարդեք վատ գործիքների ու սարքավորումների վրա,
6. Մի փոխանցեք ձեր փորձն ու գիտելիքները քիչ փորձառություն ունեցող աշխատողներին:

Սա դեռ ամենը չէ։ Կան ոչ պակաս հետաքրքիր ցուցումներ, օրինակ, «հիմար ձևով գործել» կամ «ղեկավարությանը պարբերաբար տեղեկացնել իրականում գոյություն չունեցող լրտեսների մասին»: