Արցախի ամենահիասքանչ հուշարձաններից մեկը` Դադիվանքի վանական համալիրը, ոչ միայն աննկարագրելի տպավորություն է գործում այցելուների վրա, այլև հիացնում է, գերում, կերպարանափոխում մարդուն… Իսկ վանահամալիրի վերածննդի ճանապարհը դյուրին չի եղել։
IV-XVII դարերում կառուցված վանական համալիր այցելեցի, երբ առաջին անգամ մեկնեցի Արցախ։ Սրբավայր տանող ճանապարհը երկար էր ու դժվար, բայց Դադիվանքը տեսնելու համար արժեր հաղթահարել այդ ճանապարհը։ Վանք հասանք երեկոյան։
Դժվար է փոխանցել այն հոգեվիճակը, երբ հոգնած ու խորդուբորդ ճանապարհներից տանջված` քայլում ես ու հերթական ոլորանի վրա երեկոյան մթնշաղի մեջ բացվում է աննկարագրելի գեղեցկություն ունեցող ճարտարապետական հուշարձանի տեսարանը։ Չեմ չափազանցնում, այդ տեսարանից շունչդ իսկապես կտրվում է. Դադիվանքն իր գմբեթներով գերում է միանգամից…
Չորս տարի առաջ էր։ Համալիրը բարձիթողի վիճակում էր. տաճարը, որի պատերը պատված էին մրով, չէր գործում։ Սակայն նույնիսկ այդ տեսքով ակնհայտ էր վանահամալիրի արժեքավոր լինելը։ Քահանայի անցկացրած փոքրիկ էքսկուրսիայից հետո անհասկանալի դարձավ, թե նման հուշարձանն ինչպես կարող էր այդքան անմխիթար վիճակում լինել, որ նույնիսկ այստեղ հասնելն այդքան մեջ ջանքեր էր պահանջում։
Վանական համալիրը կրում է Քրիստոսի 70 աշակերտներից մեկի` Թադևոս առաքյալի աշակերտ սուրբ Դադիի անունը։ Դադին քրիստոնեություն է քարոզել Քարվաճառի շրջանի բնակչությանը։ Սակայն I դարում նրան քարկոծելով սպանել են, հավատացյալները հողին են հանձնել Դադիին։ Արդեն IV դարում, քրիստոնեության ընդունումից հետո նրա գերեզմանը ուխտատեղի է դարձել։ Կառուցվել է դամբարան, որտեղից էլ հենց սկիզբ է առնում վանական համալիրը։
Չկա չարիք առանց բարիքի
Իմ հաջորդ այցելությունը Դադիվանք եղավ վերջերս, Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի պաշտոնական բացումից հետո։ Ճանապարհն Արցախ է տանում Քարվաճառի շրջանով, որտեղ էլ տեղակայված է վանական համալիրը։ Բարեկարգվել է նաև դեպի վանք տանող ճանապարհը։
Համալիրի որոշ շինություններ վերանորոգվել են, տաճարն արդեն գործում է։ Պատերը մաքրված են, նրանցից երկուսը զարդարում են XIII դարի որմնանկարները, որոնք երկար ժամանակ թաքնված են եղել մրի տակ։
Ինչպես պատմեց Դադիվանքի վանահայր և Քարվաճառ շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, Արցախում միակ որմնանկարները պահպանվել են հանգամանքների բերումով։
«2015 թվականին ինձ նշանակեցին Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ։ Վանքի վերանորոգումը մեկնարկեց նույն տարում, հիմնականում հայ բարերարների միջոցներով… Պատերը մրից մաքրելու համար հատուկ միջոցներ էին անհրաժեշտ, որպեսզի որմնանկարները չվնասվեն։ Մենք մասնագետներ հրավիրեցինք Իտալիայից, և նրանք այդ աշխատանքը 36 հազար դոլար գնահատեցին։ Բարերարների և պետության շնորհիվ մեզ հաջողվեց հավաքել այդ գումարը և վերականգնել 720 տարի առաջ ստեղծված որմնանկարները», — ասաց հոգևոր հովիվը։
Որմնանկարներից մեկի վրա պատկերված է Հիսուսը, որն Ավետարանը փոխանցում է Նիկողայոս Հրաշագործին։ Այստեղ կարելի է տեսնել նաև Աստվածամորն ու հրեշտակապետ Միքայելին։ Որմնանկարի վրայի որոշ հատվածները նկարվել են որդան կարմիրով։ Երևացող գրությունից հետևում է, որ այն արվել է 1297 թվականին։
Երկրորդ որմնանկարի վրա պատկերված է Սուրբ Ստեփանոսը, որը քրիստոնեություն է քարոզել, բայց ժողովուրդը հրաժարվել է ընդունել ուսմունքը և քարկոծել է նրան։ Որմնանկարում երևում է, թե ինչպես են Աստծու հրեշտակները նրա հոգին երկինք տանում, իսկ նա ասում է. «Հայր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում»։
«Արցախի եկեղեցիները, այդ թվում Դադիվանքը, գործել են մինչև 1921 թվականը, այսինքն մինչև խորհրդային բարքերի հաստատումը։ Վանքերն այդ ժամանակ փակում էին, իսկ եկեղեցականներին ձերբակալում և արտաքսում։ 50-ականների վերջին, 60-ականների սկզբին Դադիվանքում բնակեցրել են մի քուրդ հովվի։ Նա եկել է իր մեծ ընտանիքով` ծնողների, կնոջ և երեխաների հետ։ Նրան տվել են ոչխարներ, կովեր, ձիեր, ավանակներ, և ամբողջ վանահամալիրը վերածվել է գոմի», — պատմում է քահանան։
Քուրդ հովիվն առաջին հերթին քանդել է երկրորդ հարկ տանող աստիճանը, որպեսզի երեխաները չբարձրանան և չընկնեն այնտեղից։ Տաքանալու համար ընտանիքն ամեն երեկո խարույկ է վառել տաճարի կենտրոնում։
Սակայն, ինչպես նշում է Տեր Հովհաննեսը, չկա չարիք առանց բարիքի. այն 8-10 տարիների ընթացքում, որ քուրդ ընտանիքն անցկացրել է Դադիվանքում, եկեղեցու պատերն ամբողջությամբ պատվել են մրով` թշնամու աչքից թաքցնելով անգին որմնանկարներն ու գրությունները։ Բացի այդ, հովիվը վանական համալիրի տարածքը պաշտպանել է չարագործներից` իր սեփականությունը համարելով այն։
«Այս էր պատճառը, որ ադրբեջանցիները չնկատեցին որմնանկարները ու 1990-ականներին, Ղարաբաղի ազգային ազատագրական պայքարի ժամանակ չոչնչացրին դրանք։ 1993 թվականի ապրիլի 3-ին` Քարվաճառի շրջանն ու Դադիվանքն ազատագրելու ժամանակ, երբ ես դեռ Գանձասարի վանահայրն էի, առաջիններից եղա, ով ոտք դրեց վանք։ Ներս մտնելով` մենք տեսանք, որ շուրջբոլորը թրիք է, պատերն ամբողջությամբ մրոտված են, որմնանկարների միայն 8-10% էր երևում», — ասում է քահանան։
Եկեղեցու պատերից մեկի վրա նա մեզ ցույց տվեց փոքրիկ, սև քառակուսի հատվածը, որն այդպես թողել են որպես նմուշ, որպեսզի այցելուները տեսնեն, թե ժամանակին ինչ գույն են ունեցել պատերը։
Արցախի վերածնունդն ու մկրտությունը
Աշխատանքներն ավարտվեցին 2015 թվականին, իսկ 2016 թվականի հունվարի 1-ից եկեղեցին կրկին սկսեց գործել։
Տեր Հովհաննեսը նշում է, որ Նոր տարվա նախաշեմին վերանորոգված կլինեն մատուռն ու զանգակատունը, սակայն վանական համալիրն ամբողջությամբ կվերականգնվի հավանաբար մինչև 2020 թվականը։
«90%-ով համոզված եմ, որ բարերարներ կգտնվեն», — այնքան համոզված է ասում, որ հասկանում ես` այլ կերպ լինել չի կարող։
«Բարեգործներից մեկը վերջերս խոստացավ ֆինանսավորել քիչ ավելի ներքև գտնվող եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Նախագծի արժեքը գնահատվել է 150 հազար դոլար», — ավելացրեց վանահայրը։
Վերականգնողական աշխատանքների ժամանակ Սուրբ Դադիի դամբարանը փակեցին։ Տեր Հովհաննեսի խոսքով` այսուհետև այն բացելու են տարին մեկ անգամ` ապրիլի 3-ին Քարվաճառի շրջանի և վանական համալիրի ազատագրման օրը։
Նա պատմեց, որ 2015-2016 թվականներին հավատացյալների ու այցելուների թիվն այդքան էլ մեծ չի եղել, բայց նոր ճանապարհի կառուցումը փոխել է պատկերը։
«Այս տարվա Զատկի տոնին` ապրիլի 16-ին, մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ։ Դադիվանքում շուրջ 3 հազար մարդ էր հավաքվել։ Մի շարք զինծառայողներ կային, որոնք մկրտվեցին այստեղ… Ի դեպ, Ղարաբաղի անկախության օրը ես այստեղ Արցախ անունով մի նորածնի կնքեցի», — պատմեց Տեր Հովհաննեսը։
Դադիվանքը վերածնվում է, վերածնունդ է ապրում նաև մերձակա գյուղը։ Եթե չորս տարի առաջ այստեղ գրեթե բնակչություն չկար, ապա այսօր գյուղում ավելի քան հարյուր մարդ է ապրում։ Սա, բնականաբար, մեծ թիվ չէ, բայց վկայում է, որ անկախ դժվարություններից և խոչընդոտներից, կյանքն այստեղ շարունակվում է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am