Կարդալու գաղտնիքները՝ Սյունե Սևադայից. champord.am
Advertisement 1000 x 90

Կարդալու գաղտնիքները՝ Սյունե Սևադայից. champord.am

Սովորաբար մարդիկ, որպես գիրք չկարդալու օբյեկտիվ պատճառ նշում են ժամանակ չուենանալը։ «Չեմ հասցնում կարդալ, զբաղված եմ»․ահա և վերջ, սա կարելի է ասել ու մի կողմ քաշվել, տվյալ պատճառաբանությունը սովորաբար շարունակություն չի ունենում։ Բայց այն ունի շարունակություն։ Ստացվում է, որ, լավագույն դեպքում, ընդամենը մեկ ժամ ընկերների հետ՝ տարատեսակ «մեսինջերներում»՝ անկարևոր ու խիստ անարժեք թեմաներ քննարկելու ժամանակ կա, ինստագրամյան՝ հումորային պատումների վրա գոնե կես ժամ ծախսել կարողանում ենք, բայց այ գիրք կարդալ չենք հասցնում։ Եկեք ընդունենք, որ սա ազնիվ մոտեցում չէ, և հետևաբար, մարդկանց պետք է տալ ոչ թե «ինչո՞ւ չես կարդում» հարցը, այլ ուրիշ՝ ավելի ազնիվ հարց․ «Դու ուզո՞ւմ ես կարդալ»։

Մեկ էջ կարդալը ևս կարդալ է: Շատերս թյուրիմացաբար կարծում ենք, որ կարդալու հատուկ ժամ կամ գուցե ձև գոյություն ունի։ Եվ որ եթե կարդում ենք, ապա պետք է «ծանր քաշային» տարբերակից սկսենք, ու հաստափոր (կամ հաստազդր) գիրքն ավարտենք, ասենք, երեք ժամում։ Սա ծուղակ է, մի տրվեք սրան։ Կարելի է կարդալ երթուղայինի սպասելիս, տաքսու մեջ, բանկում՝ հերթի կանգնած ժամանակ, թեկուզ՝ զուգարանում։ Միայն թե կարդալ։ Հիշեք, օրական տասը էջ կարդալը շատ ավելի նախընտրելի է առհասարակ չկարդալուց…

Կարդալը մոդայիկ չէ:Դրա համար իմաստ չունի  կարդալ զուտ նրա համար, որպեսզի ոչ մեկից չտարբերվեք։ Գիրք կարդալը կարող է մոդայիկ լինել միայն մի դեպքում, եթե ամեն անգամ տնից դուրս գալիս, ըստ հագուստի գույների մի գիրք ընտրեք, և պահեք ձեր ձեռքում՝ որպես աքսեսուար, ընդամենը։ Մնացած բոլոր տարբերակներում գիրք կարդալը մոդայիկ չէ։ Պահանջ է, ցանկություն է, հետաքրքրություն է, բարդություն կամ հաճույք է, բայց ոչ՝ մոդա։

Մի վախեցեք բարդ կամ անսովոր գրականությունից։ Գիտե՞ք ՝ որն է, օրինակ Պաուլու Կոելյուի ֆենոմենը։ Գրում է պարզ ճշմարտություններ, այն ամենը, ինչ գիտենք բոլորս, կամ էլ կյանքի ընթացքում վստահաբար սովորելու ենք, քանի որ  կյանքի այդ դասերը պատահում են բացառապես բոլորի հետ։ Իսկ Կոելյուն ուղղակի շոյում է մեր էգոն՝ ոչ ավելին։ Մենք հաճույք ենք ստանում, երբ տեսնում ենք, որ անվանի մեկը մեզ նման է մտածում, և մեզ իհարկե կոմֆորտ է կարդալ նման մարդու տեքստերը։ Հենց դրա համար էլ մենք հաճախ ձգվում ենք դեպի նմանօրինակ գրականությունը, այլ ոչ դեպի ավելի բարդը։ Բայց նմանօրինակ գրքերով մենք, իրականում, չենք աճում։

Գրքով կարդալը հեռախոսից կարդալուց ավելի լավ չէ: Ծիծաղելի է, որ մենք քննարկում ենք սա, բայց իրոք, երբեմն տպավորություն է, թե տպագիր գրքով կարդացողները «ցածր են դասում» էլեկտրոնային գրքերով կամ հեռախոսով կարդացողներին։ Թե ինչու՝ գաղափար չունեմ։ Բայց ներքուստ մի բան հուշում է, որ այդպես մտածողները սովորաբար այն մարդիկ են, որոնք սիրում են միայն նոր տպագիր գրքեր, քանի որ դրանք ավելի լավ են նայվում գրադարակներում, քան թե «հները»։

Անկեղծ եղեք։ Իրոք, ուղղակի անկեղծ եղեք։ Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պետք է գերինտելեկտուալ լինեն։ Սա կապ չունի ո՛չ մարդկային հատկանիշների, ո՛չ երջանկության հետ, ընդամենը փոքրիկ բոնուսային  բալ է՝ մեր կարմային, որը, վստահ եմ, կարող եք այլ տարբերակով վաստակել։ Եթե չեք ուզում կարդալ՝ մի կարդացեք, մի ձևացրեք, թե սիրում եք գրքերը, դրա անհրաժեշտությունը բացարձակ չկա։ Իսկ եթե, այնուամենայնիվ, իսկապես սիրում եք ու ուզում կարդալ, ապա մի հորինեք արդարացումներ։

Գրքեր կարդալու լավագույն խորհուրդը մեկն է՝ ուղղակի վերցնում եք գիրքը ու սկսում կարդալ այն՝ ամեն հնարավոր ազատ պահի։ Ընդամենը այսքանը, ոչ մի գաղտնիք չկա։

Սյունե Սևադա

Ամբողջությամբ՝ champord.am