Երեխայի «խաթր» ոչ ասելու արվեստը. Լյուսի Քոչարյանի անդրադարձը. armtimes.com
Advertisement 1000 x 90

Երեխայի «խաթր» ոչ ասելու արվեստը. Լյուսի Քոչարյանի անդրադարձը. armtimes.com

Ուշադրություն. ոչ թե հենց երեխային «ոչ» ասելու, այլ հանուն երեխայի ուրիշներին «ոչ» ասելու: Եվ ճիշտն ասած՝ ոչ թե հենց երեխայի «խաթր», այլ քո ու երեխայի սերտ կապի, ձեր երկուսի հարաբերությունների հարթ ընթացքի, ձեր միջև ոչ ոքի քիթը չխոթվելու, քո առողջ հեղինակությունն ու պատասխանատվությունը երեխայի հետ կապված հարցերում պահպանելու նպատակով:

«Ոչ» ասելը պետք է գալիս հատկապես երեխայի կյանքի առաջին տարում, երբ բոլորին թվում է՝
– քո ուղեղն «արգելափակված է» հղիությունից ու ծննդաբերությունից հետո,
– դու ի վիճակի չես ինքնուրույն զգալու՝ երեխան մրսում է, սոված է, թե տակն է արել,
– իրենք բոլորը շատ ավելի լավ են ճանաչում քո 48 օրական երեխային, քան դու ինքդ,
– դու տանն ու հեռախոսիդ մեջ ինտերնետ չունես ու չես կարող քեզ պետք եղած ինֆորմացիան պեղել,
– կամ ուղղակի իրենք ապրիորի ավելի խելացի են, քան դու:

Այս ամենը կանխարգելելու համար հույժ անհրաժեշտ է դեռևս հղիության ընթացքում սովորել «ոչ» ասել: Կարող եք նույնիսկ հայելու առաջ մարզվել, դեմքի տարբեր արտահայտություններ յուրացնել: Որովհետև տարբեր մարդկանց տարբեր «ոչ»-եր են պետք գալու: Օրինակ, ծնողներին՝ ժպիտով «ոչ»-եր, բարեկամ-հարազատներին՝ ակնհայտ ձևական, ընկերներին՝ առանց լարվելու ու նյարդայնանալու, անծանոթներին՝ հստակ ու կարճ-կոնկրետ, ամուսնուն՝ սիրալիր, որպեսզի հետո չասի՝ «դե դու ինձնից լավ գիտես՝ ինչ անել, ինքդ էլ առանց իմ մասնակցության արա»:

Իսկ ինչու՞ «ոչ»

Հիրավի, «ոչ» ասելու համար պետք է իմանանք «այո»-ները՝ ինքնանպատակ պրոտեստանտ, նիհիլիստ և անադեկվատ մամա չթվալու համար: Ինչպես «այո»-ն, այնպես էլ «ոչ»-ը մեծ պատասխանատվություն են ակնկալում: Այսինքն, եթե հենց այնպես ասացիր «ոչ» ու չիմացար՝ բա ինչն է «այո» կամ ինչու է «ոչ», ուրեմն բանդ բուրդ է: Վրադ խոսելու են ով չալարի, ու ճիշտ են լինելու: Ի՞նչ է նշանակում մերժելը, եթե հոդաբաշխ բացատրություն չունես:

«Ոչ» ասելու տաղանդը պահանջող հարցերի իմ թոփ-լիսթը

*«Կտա՞ս գրկեմ՝ ոչ»:
Ինչու՞. որովհետև երեխան 48 օրական է, իրեն ամենալավն իմ գրկում է զգում, բացի այդ՝ վախենում եմ գցես, իսկ այս պահին ինձ չի կարելի անհանգստանալ, որովհետև երեխան զգում է իմ նյարդերի լարվածությունն ու ինքն էլ սկսում լարվել:
Վստահեցնում եմ՝ մինչև այսքանը շատ լուրջ դեմքով բացատրես, դիմացինը կձանձրանա ու մտքում կասի՝ քեզ պահիր քո երեխային: ..Կամ չի ձանձրանա ու սա կկրկնես ևս երեք անգամ:

*«Տանե՞նք երեխուն մոտիցդ, հանգիստ քնես՝ ոչ»:
Ինչու՞. որովհետև հանգիստ եմ, երբ երեխաս կողքիս է: Պետք է կերակրեմ առաջին իսկ պահանջի դեպքում:
Այս հարցը շատ հաճախ արդեն իսկ հիվանդանոցում է հնչում բուժքույրերի կողմից: Բայց նրանք՝ ի տարբերություն բարեկամների, շուտ են հանձնվում:

*«Ոնց որ երեխեն չի կշտանում, կարո՞ղ ա կխ տանք՝ ոչ»:
Ինչու՞. որովհետև որոշել եմ բացառապես կկ տալ մինչև 6 ամսականը: Երեխան հաստատ կշտանում է: Կկերակրեմ այնքան անգամ, որքան ուզի:
Այս հարցը հնչում է բոլորի կողմից: Շատ երկար չեն հանձնվում: Պետք է յուղով օծես նյարդերդ:

*«Երեխեն ծարավ ա, կարող ա ջուր տաս՝ ոչ»:
Ինչու՞. որովհետև մինչև 6 ամսականը երեխան ջրի կարիք չունի:
Այս հարցում ևս մարդիկ շատ շաատ բարդ են հանձնվում:

*«Երեխուն գիշերը ծոցս տանե՞մ, որ զարթնի ձայն կտամ՝ ոչ»:
Ինչու՞. որովհետև նորածին երեխան կարող է սթրես տանել երկար ժամանակով մամայի ծոցից կտրվելու դեպքում: Ու ընդհանրապես, բալիկը փորիկից դուրս է եկել մամայի կրծքին, այլ ոչ թե այլ մարդու ծոցում հայտնվելու համար: Խոսքն իհարկե արտառոց դեպքերի մասին չէ: Այս մտքերին բարդ են ադապտացվում հատկապես նույն տան մեջ ապրող տատիկները:

 *«Կարո՞ղ ա դրսում կուրծք չտաս՝ ամոթ ա, հասնենք տուն նոր տաս՝ ոչ»:
Ինչու՞. որովհետև կրծքով կերակրելն աշխարհի ամենաչամոթ, անհրաժեշտ ու տեղ-ժամանակ չհարցնող երևույթներից է: Հնարավոր չէ կանխագուշակել, թե մինչև 6 ամսական կկ երեխան որ պահին կսովածանա, կծարավի կամ կանհանգստանա:
Այս բացատրությունը, իմ դիտարկմամբ, ամենաբարդն ընկալում են ավագ սերնդի կանայք:

Ինչպես նաև.
«Ոնց որ երեխան շոգում ա/մրսում ա, կարո՞ղ ա շոր հագցնես/հանես՝ ոչ»:
«Շոկոլադ կուտի՞ երեխան՝ ոչ»:
«Ուտելիքն ավելացնե՞մ՝ ոչ»:
«Դու հիվանդ ես, գրիպ ես՝ տանե՞մ իմ տուն երեխուն, որ չվարակվի՝ ոչ»:
«Դու ի՛նձ լսի, երեք երեխա եմ մեծացրել, չորս հատ էլ թոռ՝ ոչ»:
Եվ այլն, և այլն:

Այս ամենը չի նշանակում, որ դու պետք է այս հարցերն ու առաջարկները միշտ մերժես, այլ որ պե՛տք է կարողանաս մերժել, եթե այդ պահին այդպես ես ճիշտ գտնում կամ ուզում: Քաղաքավարությանը կուլ գնալն ամեն տեղ չէ, որ արդարացված է: Եվ ի դեպ, եթե չգիտես, թե ինչու է որևէ հարցի պատասխանը «ոչ», ուրեմն քեզ համար գուցե դա «այո» է:

armtimes.com