Ավստրալիայի և ԱՄՆ գիտնականները կենսաբանական MeTro «սուպերսոսինձ» են ստեղծել, որը կարող է սոսնձել վերքերի եզրերը և միմյանց «կարել» ամենափափուկ և նուրբ հյուսվածքները՝ թոքերը կամ անոթները:«Այսպիսի սոսնձի կիրառման հնարավորությունները վիթխարի են՝ սկսած ռազմադաշտում կամ տարբեր աղետներից հետո վերքերը «սոսնձելուց», ավարտած կլինիկաներում տարբեր բարդ վիրահատությունների կատարմամբ: Մենք պատրաստ ենք մարդու վրա փորձեր կատարելուն և հուս ունենք, որ MeTro-ն շուտով կսկսի մարդկանց կյանքերը փրկել», – ասել է Սիդնեյի (Ավստրալիա) համալսարանից Էնթոնի Վայսը:
Վիրահատարաններում վիրաբույժների և ռազմադաշտում զինվորականների գլխավոր խնդիրն այն է, որ արյունահոսության դադարեցման և վերքի չեզոքացման բոլոր գոյություն ունեցող մեթոդները մեծ թերություններ ունեն: Օրինակ՝ վիաբուժական թելերով վերքերը «կարելը» մեծ ժամանակ է պահանջում, իսկ սովորական սուպերսոսինձը, որը վերքերը սոսնձելու ամենահարմար և հուսալի միջոցն է, անչափ տոքսիկ և փխրուն նյութ է:
Վայսը նշում է, որ այսպիսի սոսնձի ստեղծման գաղտնիքը թաքնված էր իր՝ մարդու մարմնի մեջ: Մեր միացնող հյուսվածքը կազմված է էլաստին սպիտակուցի մանրաթելերից, որը շատ ամուր և միաժամանակ առաձգական նյութ է, որը կարող է մի քանի անգամ երկարել և դրա հետ մեկտեղ իր ձևը պահպանել:
Գիտնականները հայտնագործել են պրոտոէլաստինը պոլիմերացնելու սեփական եղանակը՝ այն միախառնելով մեթիլմետակրիլատին, որը օրգանական ապակու արտադրության հումքն է:
Այս նյութը թանձր անգույն հեղուկ է այն դեպքում, երբ պահպանվում է մութ տեղում, իսկ ուլտրամանուշակագույն լամպով կամ արևով լուսավորվելու դեպքում այն արագ կարծրանում է՝ վերածվելով էլաստիկ և կիսաթափանցիկ պլաստիկի: Պրոտոէլաստինին «հեղուկ օրգանական ապակու» ոչ մեծ քանակություն ավելացնելով՝ գիտնականները յուրահատուկ «սուպերսոսինձ» են ստացել, որն օրգանիզմի համար թունավոր չէ և միաժամանակ մեծ առաձգականությամբ ու ամրությամբ է օժտված:
«MeTro սոսնձի գլխավոր առավելությունն այն է, որ այն ակնթարթորեն գելի է վերափոխվում այն պահին, երբ հպվում է մաշկի մակերևույթին, որի շնորհիվ վերքը մշակելիս այն ոչ մի տեղ չի «փախչի»: Հետագայում հնարավոր է սոսնձի ամրությունը մեծացնել՝ վերքը լուսավորելով ուլտրամանուշակագույնով, որի շնորհիվ մեր սոսինձը կարող է վերքերը սոսնձել ըստ կետերի և անչափ հուսալիորեն», – հավելում է Բոսթոնի Հյուսիսարևելյան համալսարանի (ԱՄՆ) քիմիկոս Նասիմ Անաբին:
Անաբին և Վայսը նշել են, որ իրենց թիմը սոսնիձը ստուգել է մկների և խոզերի վրա կատարված փորձերով՝ դրանով սոսնձելով նրանց վնասված անոթները և թոքերը: Երկու դեպքում էլ վերքն ամբողջովին ձգվել է մինչև այն, երբ սոսինձը լիովին ներծծվել է, և վիրահատված բոլոր կենդանիները ողջ են մնացել: Կենսաբանները հույս ունեն, որ իրենք առաջիկայում համանման փորձերը կամավորների վրա անցկացնելու թույլտվություն կստանան, ինչը ճանապարհ կբացի MeTro-ն կլինիկական պրակտիկայում օգտագործելու համար: