Մանթաշյանցը, որին ճանաչում էր Ռոթշիլդը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մանթաշյանցը, որին ճանաչում էր Ռոթշիլդը. armeniasputnik.am

Նա եկեղեցի կառուցեց այնտեղ, որտեղ ամենաշատ մեղքերն էր գործել

Մի անգամ Ալեքսանդր Մանթաշյանցին Վիեննայից Փարիզ մեկնող գնացքի վագոնում լռակյաց հարևան է բաժին ընկել։ Նա մի քիչ աշխուժացել է, երբ սկսել են խոսել կասպիական նավթարդյունաբերության մասին և նկատել է, որ իր ասածը միայն մեկն է լսել` ոմն Ալեքսանդր Մանթաշյանցը։ Վերջինս ներկայացել է, անծանոթն` ընդամենը ժպտացել, ու նրանք բաժանվել են Փարիզում։

Մի քանի օր անց հատուկ առաքիչը Մանթաշյանցին աշխարհիկ ընդունելության հրավիրատոմս է բերել։ Ընդունելությունը կազմակերպել էր բարոն Ռոթշիլդը՝ Վիեննայի գնացքի լռակյաց ուղևորը։

Ակնհայտ է, որ Ռոթշիլդն ամեն պատահածին չէր հրավիրի իր ընդունելությանը։ Իսկ Մանթաշյանցն այդ ժամանակ ուներ… ի դեպ, թե ինչ ուներ Մանթաշյանցը, այսօր կարելի է իմանալ համացանցում. կարիք կա՞ արդյոք թվարկելու այն ամենը, ինչ ուներ նա։

«Ալ. Մանթաշև և Կո» առևտրի տան և համաշխարհային նշանակության նավթարդյունաբերող ընկերությունների պատմությունը սկսվել է Բաքվի մոտ մի քանի վնասաբեր նավթահորեր ձեռք բերելուց։ Վաճառողները, հավանաբար, ուրախությունից կորցրել են իրենց՝ ազատվելով անպիտան նավթահորերից, բայց այդ տարածքներում շուտով շատրվանել է եկամտաբեր նավթը։

Նա գիտեր, որ նավթաբեր հանքերը (նույնիսկ ամենահարուստ) կարող են հանկարծ չորանալ, իսկ գրեթե դատարկ նավթահորը կարող է հզոր շատրվաններ արձակել։ Մանթաշյանցն անձամբ է զննել յուրաքանչյուր տարածքը, իհարկե, բազմաթիվ մասնագետների հետ։ Նավթագործները, ինժեներները և երկրաբանները, որոնց նա կրկնակի-եռակի վարձատրություն է տվել, համապատասխան ջանքեր են թափել, բայց վերջնական որոշումը կայացրել է Մանթաշյանցը։

Նա ուսումնասիրել է հողը, փխրեցրել, նույնիսկ հոտոտել, զննել գույնը, հարցրել հարևան տարածքների մասին։ Եվ հանկարծ կանգ է առել, փայտիկով փոս փորել հողի մեջ և հրամայել է փորել հենց այդտեղ։ Մասնագետներից ոչ մեկը չի հասկացել, թե ինչու հենց այդտեղ և ոչ թե, ասենք, 10 մետր ավելի ձախ։ Իհարկե, երբեմն նաև սխալվել է, բայց փաստ է, որ անհավանական հարստություն է կուտակել կասպիական նավթի շնորհիվ։

1907թ-ին Մանթաշյանցը կառուցել է աշխարհում առաջին նավթատարը՝ 835 կմ երկարությամբ, որը Բաքվից ձգվել է Բաթումի նավահանգիստ։ Դրանից հետո նրան արդեն կոչել են «նավթային արքա», իսկ նրա ընկերությունը դարձել է Ռուսաստանի ամենախոշոր արդյունաբերական ընկերությունը՝ 22 միլիոն ռուբլի հիմնական կապիտալով։ Այդ ժամանակվա համար այդ փողերը ոչ միայն աստղաբաշխական էին, այլ նաև աներևակայելի։

Իսկ հետո տարվել է կինեմատոգրաֆիայով։ Մանթաշյանցը Ստեփան Լիանոզովի հետ Մոսկվայում հիմնել է «Բիոֆիլմ» կինոընկերությունը և սկսել է կառուցել իր կինոֆաբրիկան։ Մանթաշյանցն իր մոտ է տարել լավագույն մասնագետներին, ռեժիսորներին և դերասաններին՝ իր կինոֆաբրիկաներում հավաքելով այդ շրջանի կինեմատոգրաֆիայի աստղերին։ Նա անմիջապես սկսել է ֆիլմեր նկարահանել, որպեսզի նոր խոսք ասի կինոարվեստում։

Ռուսական ցարի կազմակերպած պարահանդեսների և երեկույթների մշտական այցելուն, Ռուսաստանի և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Մանթաշյանցը, երբեք բարձի տակ չի հավաքել խնայողությունները՝ անընդհատ հաշվելով դրանք ու հիանալով աճող հարստությամբ։ Այդ կարողությունը աշխատացրել է թե՛ իր, թե մյուսների համար։

Մանթաշյանցի մեկենասության, բարեգործության մասին նույնպես շատ են գրել, երևի ավելի շատ, քան նրան պատկանող ընկերությունների և գործարարի հնարամտության մասին։ Նա փող չէր տալիս, երբ խնդրում էին շքեղ հարսանիքի համար, բայց խնդրածից շատ էր տալիս, եթե գործի համար էին ուզում։

Իսկ ինչ վերաբերում է բարեգործությանը, նույնիսկ չգիտես ինչի մասին գրես, այնքան բան է արել, յուրաքանչյուր դեպքի մասին կարելի է գիրք գրել։ Օրինակ` հիշենք, որ նա տասնյակ հայ երիտասարդների ուսման վարձն է տվել Ռուսաստանում և Եվրոպայում, նրանցից շատերը փառաբանել են գիտությունը և արվեստը, իսկ Կոմիտասը գլխավորել է այդ ցուցակը։

Մանթաշյանցի կենսագիրներից շատերը նրա ամենամեծ բարեգործությունը համարում են Փարիզի սբ. Հովհաննես Մկրտչի եկեղեցու շինարարությունը։ Նա ավելի քան կես միլիոն ֆրանկ է հատկացրել տաճարի շինարարության համար։ Խելահեղ փողեր։ Իսկ երբ նրան հարցրել են, թե ինչու է հայկական եկեղեցի կառուցել հենց Փարիզում, պատասխանել է. «Փարիզն այն քաղաքն է, որտեղ ես ամենից շատ եմ մեղք գործել»։

Թբիլիսիում Հայոց վանքը նույնպես վերականգնվել է Մանթաշյանցի շնորհիվ։ Այդ տաճարում 1911թ-ին նրան հողին են հանձնել կնոջ կողքին. հենց Թբիլիսիի Հայոց վանքում, այլ ոչ թե Սպահանի, որտեղ նույն անվանումով եկեղեցի կա, և մի ժամանակ սխալ տեղեկություն է տարածված եղել միլիոնատիրոջ գերեզմանի մասին։

Նրանց գերեզմանները չեն պահպանվել։ 1938թ-ին Բերիան կարգադրել է քանդել վանքը, որի համար քաղաքացիների «ինքնակամ» ստորագրություններ են հավաքվել։ Թբիլիսիում պատմում են, որ վանքի քահանան հրաժարվել է ստորագրել քանդելու մասին կարգադրությունը՝ ասելով, որ ոչ ինքն է կառուցել, ոչ էլ ինքը կքանդի։

Հայտնի չէ, թե ինչ է եղել քահանայի հետ։ Բայց դժվար չէ գլխի ընկնել։

armeniasputnik.am