Հարցազրույց ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկ-արյունաբան, ԵՊԲՀ դասախոս, Շտապօգնության բժիշկ Տարոն Սարիբեկյանի հետ:
– Ինչպես հայտնի է՝ Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բացթողնման ենթակա է 2700-ը: Մարտի 1-ից պարտադիր պահանջը կգործի հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս կարգի մասին, արդյոք այն դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա։
– Ինչ վերաբերում է դեղերի որոշակի մասի՝ դեղատոմսով բաց թողնվելուն, ապա դա պետք է շատ ավելի շուտ լիներ, ես շատ ուրախ եմ դրա համար։ Դա բժիշկներին կփրկի մի շարք բարդություններից ու դժվարություններից, որովհետև շատ հաճախ մեզ դիմում են հիվանդներ, որոնց բուժում ենք նշանակում, և դեղորայքը չի ազդում, պատճառն այն է, որ նախկինում, օրինակ՝ այդ հակաբիոտիկը բազմակի անտեղի օգտագործել են, և իրենց օրգանիզմում կայունություն է ձևավորվել՝ ռեզիստենտություն։ Երբ դեղորայքը նշանակելուց հետո հիվանդությունը լիարժեք չի բուժվում, հիվանդը մեղադրում է բժշկին, որ բժիշկն անգրագետ էր, բժիշկը չգիտեր, դրա համար ինքը չբուժվեց։ Արդեն շատ վաղուց Եվրոպայում դեղորայքի մեծ մասը բաց է թողնվում դեղատոմսով, որը կանխում է հիվանդների կողմից դեղորայքի անտեղի չարաշահումը և կայունության ձևավորումը։ Սա շատ կարևոր պրոցես է, և վերջապես Հայաստանում մենք կազատվենք այդ խնդրից։ Իհարկե, մեզ որոշ ժամանակ պետք կլինի, որպեսզի այդ կարգը լիարժեք գործի։
Խնդիր է նաև հորմոնների չափից շատ օգտագործումը, որը հանգեցնում է անպտղությունների, արյունահոսությունների, կուշինգոիդի զարգացման, մարմնի վերին հատվածների ճարպակալման և այլ կողմնակի էֆեկտների։ Պացիենտները չեն գիտակցում, ասում են՝ հարևանս օգտագործեց, իրեն օգնեց, իրենք էլ են սկսում օգտագործել։ Սա պետք է կանխվի, պետք է բնակչության ինքնագիտակցությունը փոխվի, հասկանան, որ այդպես չէ ձևը, դա սխալ է, որ իրենց օրգանիզմն ինդիվիդուալ է, անձամբ պետք է գնան բժշկի և ունենան տվյալ դեղն օգտագործելու ցուցում։
– Շատերին հետաքրքրում է՝ եթե, օրինակ՝ գիշերը վատ զգան, ունենան ատամնացավ կամ գլխացավ, ի՞նչ պետք է անեն․ բարձր դոզայով ցավազրկողները ներառված են դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում։
– Մենք ունենք բազմաթիվ ցավազրկողներ․ շատ ուժեղ ցավազրկողներ և թեթև ցավերի համար նախատեսված դեղեր։ Թեթև ցավազրկողները, որոնք շատ լավ են օգնում գլխացավի և ատամնացավի ժամանակ, դեղատոմսով լինել չեն կարող, օրինակ՝ «Անալգինը», «Իբուպրոֆենը», որը շատ լավ է օգնում նման ցավերի ժամանակ։ Եվրոպայում էլ են այդ դեղերն ազատ վաճառքում, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա տանն ունենալ ցավազրկող դեղեր։ Գլխացավն ու ատամնացավն այն խնդիրները չեն, որոնց համար պետք է դեղատոմսով դեղ բաց թողնել, այնպես որ՝ մենք նման խնդրի առաջ չենք կանգնելու, իրենք հանգիստ կարող են տանն ունենալ ցավազրկողներ և օգտագործել։
Այլ բան է, որ մարդը կարող է ունենալ շատ ուժեղ ցավ, որը կարող է լինել լուրջ հիվանդության ախտանիշ, և նա անպայման պետք է հետազոտվի բժշկի կողմից։ Նման դեպքերը կկանխենք, որովհետև, եթե նա ընդունի սովորական ցավազրկող, դա չի մեղմացնի այդ ցավը, ու ինքը ստիպված կլինի դիմել բժշկի և հետազոտվել՝ հետագա բազմաթիվ բարդություններից խուսափելով։ Այն, որ հիվանդների մեծ հոսք կսկսվի հիվանդանոցներ և կհետազոտվեն, դա շատ լավ է, դրական եմ գնահատում, դա մեր ազգաբնակչության կյանքի որակը կլավացնի և կնվազեցնի մահացությունների թիվը։
– Կարծիքներ կան, որ այս նոր կարգի գործելու դեպքում դեղերը կարող են թանկանալ, քանի որ մեր դեղատները պատրաստ չեն առանձին ծախսերի, աշխատողներից ոչ բոլորն ունեն հատուկ ID-ներ, ամեն դեղատոմսի համար որոշակի գումար է սահմանված, ինչը կարտացոլվի ինքնարժեքի մեջ։ Դուք ի՞նչ կասեք այս մասով։
– Ցավոք, ես վստահ եմ, որ որոշակի խախտումներ են լինելու։ Համենայնդեպս, դեռ սկզբի մեկ տարին անփութորեն են վերաբերվելու այս կարգին, քանի որ դեղատներին ձեռք է տալիս հակաբիոտիկներ վաճառելը, և հենց իրենք են առաջարկում պացիենտներին։ Նրանք կշարունակեն դեղորայքն առանց դեղատոմսերի գաղտնի վաճառել, մինչև հսկողությունն ավելի խստանա, իրենք վախենան, որովհետև իրենք հարցի էությունը լուրջ չեն ընկալում։ Դրա համար այդ խնդիրը դեռ կա, այնպես չէ, որ ամեն ինչ իդեալական է ընթանալու, և իրոք դեղատոմսերով է լինելու դեղերի վաճառքը։ Նաև դեղատան աշխատողների որակը կլավանա, և չեմ կարծում, որ այս փոփոխությունը կբերի դեղորայքի թանկացման։
– Իսկ ի՞նչ է լինելու այն մարդկանց դեպքում, որոնք քրոնիկ հիվանդություն ունեն ու անընդհատ որոշակի դեղերի կարիք են զգում։
– Այդ դեպքում բաց է թողնվում երկարաժամկետ դեղատոմս, որով նա կարող է մի քանի անգամ օգտվել դեղատնից։ Այսինքն՝ մարդը, ով ունի ռևմատոիդ արթրիտ և անընդհատ պետք է օգտագործի ոչ ստերոիդային ցավազրկողներ, հակաբորբոքային դեղեր, նա ուղղակի կկարողանա այդ մի դեղատոմսը ներկայացնել, այն պատճենահանվի դեղատան աշխատակցի կողմից, և դեղատոմսը վերադարձվի տվյալ մարդուն, որպեսզի նա մեկ ամիս հետո նորից կարողանա օգտվել։ Շատ պրակտիկ է, չեմ կարծում, որ որևէ դժվարություն այստեղ լինի։
– Այսինքն՝ Դուք լիարժեք կողմ եք այս կարգին և որևէ խնդիր չեք տեսնում։
– Ես շատ դրական եմ մոտենում այս ամբողջ պրոցեսին և կարծում եմ, որ մեր ազգաբնակչության կյանքի որակի վրա դա շատ լավ կանդրադառնա։ Այս պահին ես Գերմանիայում եմ ու երբ ասում եմ, որ մենք նոր-նոր պետք է այդ համակարգին անցնենք, ապշում են, հարցնում են, թե՝ մինչև այս ի՞նչ էինք անում։ Իզուր չէ, որ Եվրոպան արդեն բավական երկար ժամանակ այդ համակարգով է աշխատում, և ընդհանրապես՝ աշխարհը։ Միայն չզարգացած երկրներում է, որ բնակիչները կարող են առանց դեղատոմսի ձեռք բերել այդ լուրջ դեղորայքը, որն իրենց առողջության վրա բավականին լուրջ ազդեցություն կարող է թողնել։
Ռազմիկ Մարտիրոսյան