Խորհրդային ռադիոլոկացիոն սարքավորումների, բալիստիկական հրթիռների, ատոմային էլեկտրակայանների, սառցահատների ու սուզանավերի, առաջին օդերևութաբանական արբանյակների ստեղծումն ու Գագարինի առաջին թռիչքը` այս և շատ այլ բաներ սերտորեն կապված են Անդրանիկ Իոսիֆյանի գիտական գործունեության հետ։
Արցախի Ծմակահող գյուղի ուսուցիչ Ղևոնդ Իոսիֆյանի ընտանիքում 1905 թվականին որդի ծնվեց։ Նրան Անդրանիկ անվանեցին, որին կնքեց քահանա պապը, իսկ հինգ տարի անց ընտանիքը տեղափոխվեց Դաղստանի Բույնակսկ քաղաք։ Այնտեղ նրա հորն առաջարկեցին եկեղեցում քահանա աշխատել։ Անդրանիկը լավ տարրական կրթություն ստացավ, հատկապես սիրում էր բնական գիտությունները։
Հետո, շատ տարիներ անց, Կորոլյովը ակադեմիկոս Իոսիֆյանին անվանեց «բոլոր հրթիռների գլխավոր էլեկտրիկ», իսկ խոշորագույն կոնստրուկտոր Միխայիլ Յանգելը` «ամենայն հայեց էլեկտրիկոս»։ Այն ժամանակ` 1918 թվականին, սովորության համաձայն` իրենց հետևից թողնելով միայն պատահական ողջ մնացած հատուկենտ մարդկանց, քաղաքին էին մոտենում թուրքական զորքերը։ Իոսիֆյանները որոշ ժամանակ Թուրքմենստանում սպասեցին` հետո վերադարձան հայրենիք` Ծմակահող։
Մինչև 1930 թվականը որևէ բան չէր հուշում, որ տղան համաշխարհային անուն ունեցող գիտնական է դառնալու։ Թեև այդ ժամանակ արդեն հասցրել էր մեկ հայտնագործություն անել` էլեկտրական պտուտակային հրանոթը ստեղծել։ Իհարկե, դա չի կարելի համեմատել անիվի գյուտի հետ, սակայն գաղափարն այնքան յուրահատուկ էր, որ գրավեց Մոսկվայի ուշադրությունը։ Կարմիր բանակի տեխնիկական շտաբից Իոսիֆյանին հրավիրեցին ու աշխատանք առաջարկեցին Համամիութենական էլեկտրատեխնիկական ինստիտուտում, որտեղ նա ավելի քան 10 տարի աշխատեց։
Հենց այդ տասնամյակում կայացավ խոշորագույն կոնստրուկտորը, որի համար աշխատանքը մոլուցք էր, ու նրա մտքում մեկը մյուսի հետևից գաղափարներ էին ծնվում։ Բացի այդ, 30-ամյա կոնստրուկտորը ստեղծագործ մարդկանց հատուկ հազվագյուտ տաղանդ ուներ` համառ էր, այս բառի լավագույն իմաստով, և իր գաղափարները կյանքի կոչելու յուրահատուկ ունակություն ուներ։
Սկզբում Իոսիֆյանն աշխատում էր Ռուսաստանի էլեկտրաֆիկացիայի պետական հանձնաժողովում, սակայն շուտով ստեղծեց ռազմական էլեկտրատեխնիկայի սեփական լաբորատորիան, և այդ հարցում նրան մեծ աջակցություն ցուցաբերեց Տուխաչևսկին, որը փաստացի ազդեց Իոսիֆյանի վրա, որպեսզի նա ռազմական ոլորտ գնա։ Այն ժամանակ բանակը բարեփոխելու անհրաժեշտություն կար, և գաղափարներով լի հայ կոնստրուկտորը այն էր, ինչ պետք էր։ Թեև ինքը` Տուխաչևսկին շուտով այդ «բարեփոխումների» զոհ դարձավ, սակայն ճնշումները, բարեբախտաբար, Իոսիֆյանի վրա չանդրադարձան, հակառակը` նա դարձավ ԽՍՀՄ ամենագաղտնի կոնստրուկտորներից մեկը։
Անբողջությամբ՝ armeniasputnik.am