«Դաստիարակում» բառն իմ կողմից ընկալվում է որպես որոշակի՝ արդեն հստակ տարանջատվող ճիշտ կամ սխալ նորմերին վարժեցում: Մի տեսակ ոչ բանական և անմարդկային սկիզբ կա այս ամենի մեջ:
Ըստ բառարանի, դաստիարակումը թարգմանվում է՝ որպես անձի նպատակաուղղված ձևավորում, ինչն ուղղված է նրա պատրաստվածությանը սոցիալ-մշակութային սահմանված ձևաչափերին համապատասխանելուն, երբ անձը մասնակցում է հասարակական և մշակութային կյանքին:
Համաձայն ակադեմիկոս Ի.Պ. Պավլովի. «Դաստիարակումը մարդկության՝ պոպուլյացիայի պատմական հիշողության պահպանումն ապահովող մեխանիզմ է»: Իրոք, եթե ուշադրություն դարձնենք նրա մեկանբանությանը, ապա կհասկանանք, որ դաստիարակությունը դա սերնդեսերունդ փոխանցվող որոշակի վարքային դրսևորումներ են, որոնք պատմություն արժեն։ Դրանք կարող են ներկայանալ տարբեր քաղաքակրթությունների ժամանակաշրջանում և մեզ փոխանցել տեղեկատվություն նրանց էթիկայի, նորմերի և նույնիսկ ազգային բնավորության մասին։
Դաստիարակումը շատ մեծ նշանակություն ունի մարդկային սոցիալականացման գործընթացում։ Մի պահ պատկերացնենք, որ մարդը, բանական՝ մտածող էակ լինելով հանդերձ, չպաշտպանի որոշակի նորմեր, արժեքային հիմք ունեցող գաղափարներ և անի այն ամենը՝ ինչ ցանկանա։ Կլինի քաոտիկ պատկեր, որտեղ մտածող էակը, ոչ մի հստակ ձևաչափում չի կարողանա ինքնառեալիզացվել, անընդհատ տարաբնույթ գործողություններ կատարելով, ի վերջո, կսպառվի և իրենից հետո կթողնի կրկնվող, ոչ իմաստային և արդեն հիշողության մեջ չտպավորվող վարքային գործողություններ։ Իսկ ինչո՞ւ չտպավորվող։ Քանի որ տպավորվում և հիշողության մեջ ամրապնդվում են այն տեղեկատվությունները և գործողությունները, որոնք ունեն արժեքային, բարոյական և սոցիալական իմաստավորում, և մարդը դա պահպանում է, որպեսզի դրանով կառուցի իր ինքնությունը՝ ընտրելով վերը թվարկված երեք մակարդակներից իրեն համապատասխան բաղադրիչներ։ Ինչի՞ մասին է սա խոսում։ Սա խոսում է նրա մասին, որ մարդիկ ունենում են տարբեր արժեհամակարգեր, տարբեր բարոյական նորմեր և պատկանում են տարբեր սոցիալական շերտերի։ Իսկ դա, իր հերթին, կրկին որոշվում է դաստիարակության արտահայտման մակարդակով։
Ի վերջո, դաստիարակումն ունի երկիմաստություն. դա ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր, քանի որ սահմանափակում է ազատ ընտրելու իրավունքը և, դրա հետ մեկտեղ, նաև փոխանցում հստակ վարքային ձևեր, որոնք պահպանվում են սոցիալական մարդու վարվելաձևի և շփման հստակ մոդելներում։ Օրինակ, երբ դաստիարակում ենք փոքրիկ երեխային, ով լույս աշխարհ է եկել՝ որպես «մաքուր գրատախտակ», ապա մենք նրա վրա կարող ենք գրել մեր նախընտրած դաստիարակման կետերը: Երեխան, պահպանելով դրանք, կդառնա մեր սիրելին, դաստիարակման ընդօրինակելի նմուշ, և հասարակությունը, նրա վարքը գնահատելով, անպայման կանրադառնա նաև ծնողների ինչպիսին լինելուն։ Այստեղ կա ենթագիտակցական երկրորդական շահ, որը բավարարում է ծնողի պահանջմունքը՝ ներկայացնել սեփական տեսակը։
Եթե անձնային շահից անցում կատարենք կոլեկտիվ անգիտակցականի շահին, ապա մարդիկ իրենց երեխաներին կարող են դաստիարակել սոցիալական պահանջները բավարարող այն կետերին համապատասխան, ըստ որոնց նրանք իրենց կզգան լիարժեք հասարակության մի մասը, քանի որ տվել են սերունդ, ովքեր պահպանում են դիմացինի շահը, լսում են դիմացինի կարծիքը, աշխատում են միայն ենթակա պաշտոններում, սիրում և սովոր են ղեկավարվել։ Նման մարդիկ շատ շուտ կարող են ներգրավվել որոշակի խմբերում, նույնիսկ որոշակի հրահանգներով կատարել սուիցիդալ փորձեր։
Եթե անդրադառնանք անհատի անձնային շահին, ապա այն խիստ տարբերվում է ծնողական և կոլեկտիվ անգիտակցականի շահից, քանի որ երեխան դրսևորվելով՝ բավարարում է ոչ թե ծնողի ինքնաիրականացման պահանջմունքը, կամ վերածվում է հասարակության գերու, այլ փորձում է, չվնասելով և չանցնելով դիմացինի սահմանները, ձևավորել սեփական շահը։ Սա ամենաառողջ դաստիարակման տեսակն է, որը, ինչքան էլ զարմանալի հնչի, ձևավորվում է թե՛ ծնողների, թե՛ հասարակության կողմից։ Սակայն այստեղ հիմնական գաղափարը նրանում է, որ երեխային ոչ թե պատրաստի մոդելներ են հրամցնում, այլ նա ինքն է դիտման միջոցով վերցնում այն, ինչն իրականում համապատասխանում է իր ներքին բնությանը։ Եվ սա դառնում է առողջ հոգեբանական, սոցիալական, ֆիզիկական մարդու դաստիարակման մոդել, որը ինքնատիպ է և ճիշտ՝ տվյալ անձի սահմաններում։
Չեմ ցանկանա նշել որևէ ժամանակաշրջան, կամ պիտակավորել ներկա ժամանակակից հասարակության բովանդակությունը, քանի որ ես նույնպես դրա մի մասն եմ։ Սակայն կցանկանամ, որ մարդիկ, ապրելով այստեղ և հիմա գիտակցմամբ, ամեն օր առնչվելով տարբեր մարդկանց հետ, շփման տարբեր ոլորտներում կարողանան իրենց համար առանձնացնել հասարակության բացթողումները: Այն է՝ մարդկային անտարբերությունը, հիվանդագին էգոիզմը, ապրումակցման բացակայությունը, սեփական շահը երեխայի շահից վեր դասելը, ցուցամոլությունը: Դրանից հետո երեխային տալ այնպիսի միջավայր, որտեղ բացակայեն անձը մերժող հատկանիշները, և մարդկության տեսակը փորձեն ավելի լավը դարձնել։
Ամեն մեկն ունի հնարավորություն լույս աշխարհ բերել նոր մարդ, ում կարելի է դաստիարակել մարդասեր և առողջ, այլ ոչ թե՝ անվերջ պաշտպանվող և մարդկանց մեջ թշնամիներ ու մրցակիցներ փնտրող մեկին։ Այնուամենայնիվ, ընտրությունը յուրաքանչյուրինն է։ Մենք ենք կառուցում մեզ շրջապատող միջավայրը՝ մեր ընտանիքը, լինի այն վատը թե լավը։ Ընտանիքի պատկերը մեր մարդկային տեսակի դիմանկարն է, որից հնարավոր չէ փախչել, քանի որ դա հենց մենք ենք։
Կամիլա Խաչատրյան
Հոգեբան