Ինչո՞ւ տղաների ու աղջիկների ուսուցումը պետք է տարբեր լինի. Նյարդակենսաբան, պրոֆեսոր Տատյանա Չեռնիգովսկայայի խորհուրդը
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ տղաների ու աղջիկների ուսուցումը պետք է տարբեր լինի. Նյարդակենսաբան, պրոֆեսոր Տատյանա Չեռնիգովսկայայի խորհուրդը

Մի սկսեք երեխային կրթել չափազանց վաղ տարիքից:

Երեխաների համար շատ կարևոր է ժամանակին սովորել սկսելը: Ժամանակակից երեխայի գլխավոր խնդիրը փառասեր ծնողներն են: Երբ ինձ մեկն ասում է, որ իր երեխային կարդալ սկսել է սովորեցնել 2 տարեկանից, ես պատասխանում եմ՝ այ քեզ հիմար: Ինչո՞ւ: Չէ՞ որ 2 տարեկանում երեխան դեռևս չի կարող դա անել:

Նրա ուղեղը դրան պատրաստ չէ: Եթե դուք նրան վարժեցնեք, նա, իհարկե, կարող է և կարդալ, և անգամ գրել, բայց մենք այլ խնդիր ունենք: Ընդհանրապես երեխաների մոտ զարգացման արագության հսկայական տարբերություներ կարող են լինել: Այդպիսի եզրույթ կա՝ դպրոցական հասունության տարիք:

Այն որոշվում է այսպես՝ մի երեխա 7 տարեկան է, մյուսն էլ, սակայն մեկը դպրոց է գնում, որովհետև նրա ուղեղը դրան պատրաստ է արդեն, իսկ մյուսին դեռ 1.5 տարի պետք է արջուկի հետ խաղալու, ապա նոր աշակերտական սեղանի մոտ նստելու համար: Դա է պատճառը, որ տարրական դպրոցի ավարտին աշակերտների զգալի մասը կարդալու ու գրելու հետ կապված խնդիրներ են ունենում դեռևս:

Այդպիսի երեխաների ուղեղի ճանաչողական հզորությունը ուղղված է սոսկ տառերի հետ կռիվ տալուն: Այդ պատճառով էլ, եթե անգամ նա կարդա էլ տեքստը, միտքը հասկանալ արդեն ուժ չի ունենա, և թեմայի վերաբերյալ ցանկացած հարց նրան փակուղի կմտցնի:

Զարգացրեք մանր մոտորիկան:

Մեր առջև բարդ խնդիր է դրված: Մենք գտնվում ենք ձեռքով գրող ու սովորական գրքեր կարդացող և հիպերտեքստեր կարդացող, ընդհանրապես չգրող, ավելին՝ նշաններ օգտագործող ու տեքստեր չհավաքող մարդկանց սահմանագծին:

Կարևոր է հասկանալ, որ երկրորդը բոլորովին այլ մարդ է, ուրիշ ուղեղ և բոլորովին այլ մտածողություն ունի: Մեզ՝ մեծերիս, դուր է գալիս այդ ուրիշ ուղեղը, և մենք վստահ ենք, որ դրանում ոչ մի վտանգ չկա: Եթե փոքր երեխան դպրոց գալով՝ գրել չի սովորում՝ սովորելով գրչի մանր շարժումներին, եթե մանկապարտեզում նա պլաստիլինով ֆիգուրներ չի սարքում, չի կտրտում մկրատով, հուլունքներով չի խաղում, ապա նրա մանր մոտորիկան չի մշակվում:

Իսկ դա հենց այն է, ինչ ազդում է խոսքային ֆունկցիաների վրա: Եթե դուք երեխայի մանր մոտորիկան չեք զարգացնում, ապա հետո չբողոքեք, որ նրա ուղեղը չի աշխատում:

Երաժշտություն լսեք ու երեխաներին սովորեցրեք այդ անել:

Ժամանակակից նեյրոգիտություններն ակտիվորեն ուսումնասիրում են ուղեղն այն պահին, երբ նրա վրա ներգործում է երաժշտությունը: Եվ մենք հիմա գիտենք, որ, երբ երաժշտությունը մասնակցում է երեխայի զարգացմանը նրա վաղ տարիքում, դա խիստ ազդում է նեյրոնային ցանցի որակի ու կառուցվածքի վրա:

Երբ մենք ընկալում ենք խոսքը, տեղի է ունենում ֆիզիկական ազդանշանի շատ բարդ վերամշակում: Մեր ականջին հարվածում են դեցիբելները, ինտերվալները, բայց այդ բոլորը ֆիզիկա է: Լսողը ականջն է, իսկ ընկալողը՝ ուղեղը: Երբ երեխան սովորում է երաժշտություն լսել ու հասկանալ, նա նաև սովորություն է ձեռք բերում ուշադրություն դարձնել մանր դետալների վրա, տարբերել ձայները և դրանց միջև տևողությունը: Եվ հենց այդ ժամանակ է ձևավորվում նեյրոնային ցանցի բարակ եզրակարը:

Թույլ մի տվեք ուղեղին ծուլանալ:

Մոլորակի վրա ապրող բոլոր մարդիկ հանճարներ չեն, և եթե երեխան վատ ժառանգականություն ունի, ապա այդտեղ ոչինչ չես կարող անել: Բայց եթե անգամ գեները լավն են, միևնույն է, դա բավական չի: Օրինակ, հնարավոր է՝ տանը տատիկից մնացած ռոյալ լինի, բայց դեռ պետք է կարողանալ դա նվագել:

Ճիշտ նույն կերպ էլ երեխային կարող է հիանալի ուղեղ բաժին հասնել, սակայն, եթե այն չզարգանա, չձևավորվի, չհղկվի, չտրամադրվի, ամեն բան կորած է: Ուղեղը դադարում է զարգանալ, եթե նրա վրա կոգնիտիվ ծանրաբեռնվածություն ընկած չէ: Եթե դուք կես տարի պառկեք բազմոցին ու վեր չկենաք, դրանից հետո արդեն ցանկության դեպքում էլ չեք կարողանա վեր կենալ: Ուղեղի հետ էլ տեղի է ունենում բացարձակապես նույն բանը:

Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ էլ հասկանում է, որ, եթե Շեքսպիրը, Մոցարտը, Պուշկինը, Բրոդսկին և մշակույթի այլ հանճարեղ գործիչներ փորձեին հանձնել բուհական ընդունելության միասնական քննությունը, ապա նրանք կձախողեին: IQ թեստը նույնպես չէին հանձնի: Ինչի՞ մասին է դա խոսում. Միայն այն մասին, որ դրանք բանի պետք չեն, քանի որ ոչ ոք չի կասկածում Մոցարտի հանճարեղությանը, խելագարներից բացի:

Երեխաներին մի վարժեցրեք միայն միասնական պետական քննություններ հանձնելուն:

Այսպիսի մի ծաղրանկար կա, որի վրա պատկերված են տարբեր կենդանիներ, որոնք պետք է ծառ բարձրանան՝ կապիկ, ձուկ և այլն: Տարբեր էակներ, որոնց մի մասը սկզբունքորեն չի կարող ծառ բարձրանալ, սակայն դա հենց այն է, ինչ մեզ առաջարկում է ժամանակակից կրթական համակարգը միասնական քննության տեսքով:

Ես համարում եմ, որ այն շատ մեծ վնաս է հասցնում, եթե, իհարկե, մեր նպատակը հոսքագծի վրա աշխատող մարդիկ պատրաստելը չէ, ինչի համար սա, անկասկած, հանճարեղ համակարգ է:

Բայց այդ ժամանակ մենք պետք է համաձայն լինենք նրան, որ խաչ ենք քաշում մեր քաղաքակիրթ զարգացման վրա, իսկ եթե մենք ուզում ենք դաստիարակել ստեղծագործող անհատների, ապա այդ համակարգը վատագույն բանն է, ինչ կարելի էր մտածել:

Տղաներին և աղջիկներին տարբեր կերպ ուսուցանեք:

Տղաների հետ պետք է խոսել կարճ և կոնկրետ: Առավելագույն արդյունավետության համար նրանք պետք է ներգրավված լինեն ակտիվ գործունեության մեջ. Նրանք պարզապես չպետք է հանգիստ նստեն: Նրանք այնքան էներգիա ունեն, որ ավելի լավ է նրանց դնել խաղաղ հոսքի մեջ, ելք տալ, ընդ որում, հենց ուսումնական պարապմունքների ժամանակ:

Մի փակեք նրանց փոքր փակ տարածքի մեջ, նրանց ազատ տարածք ու շարժվելու հնարավորություն տվեք: Բացի դրանից, տղաների առջև պետք է դնել ավելի շատ իրական խնդիրներ, մտածել մրցույթներ, իսկ ձանձրալի գրավոր առաջադրանքներ ավելի քիչ տալ. Դրանցից ոչ մի օգուտ չկա: Նրանց նաև պետք է գովել ամեն մանրուքի համար: Եվս մեկ հետաքրքիր փաստ: Պարզվում է, տղաները պետք է դաստիարակվեն ավելի սառը սենյակներում, քան աղջիկները, քանի որ հակառակ դեպքում՝ ուսուցման ժամերին նրանք պարզապես կքնեն:

Աղջիկները խմբային աշխատանք են սիրում, նրանց կոնտակտ է պետք: Նրանք նայում են միմյանց աչքերի մեջ ու սիրում են օգնել ուսուցչին: Ահա սա շատ կարևոր է: Աղջիկներին չի կարելի հետ պահել ընկնելուց ու կեղտոտվելուց, նրանք պետք է զգան, թե ինչ բան է վերահսկվող ռիսկը:

Եթե նա ընկնելու հնարավորություն ունի, թող ընկնի ու սովորի գլուխ հանել դրանից: Աղջիկները չեն սիրում բարձր խոսակցություններ, սակայն պահանջում են պարտադիր էմոցիոնալ բաղադրիչ, սիրում են նաև գունավոր աշխարհ, այսինքն՝ աղջիկների դասասենյակը պետք է գունեղ լինի:

Ուշադիր անհատական մոտեցումը կարող է ծույլիկից գերազանցիկ սարքել, քանի որ ոչ բոլոր վատ սովորողներն են իրականում հիմար: Նրանց որոշ մասը Լեոնարդո դա Վինչիի նման է, որ այդպիսին են դարձել ուսուցիչների հանճարեղ ջանքերի շնորհիվ:

Ընդմիջումներ արեք:

Սովորաբար համարվում է, որ սովորելու ընթացքում երեխան ինչ-որ բան մոռացել է, ապա դա վատ է, շեղվել է, էլի վատ է, ընդմիջում է արել, կրկին վատ է, իսկ եթե քնել է, դա ընդհանրապես սարսափի ժանրից է: Այս ամենը ճիշտ չէ: Բոլոր այդ ընդմիջումները ոչ միայն չեն խանգարում ուսուցանվող նյութի յուրացմանը և ինֆորմացիայի մշակմանը, այլ, ընդհակառակը, օգնում են:

Դրանք ուղեղին հնարավորություն են տալիս տեղավորել ու յուրացնել ստացած ինֆորմացիան: Լավագույնը, ինչ մենք կարող ենք անել վաղվա համար ինչ-որ բան շտապ սովորելու համար, այդ նյութը հենց հիմա կարդալն ու քնելն է: Ուղեղի հիմնական աշխատանքը քնած ժամանակ է կատարվում: Որպեսզի ինֆորմացիան ընկնի երկարատև հիշողության մեջ, ժամանակ ու որոշակի քիմիական պրոցեսներ են հարկավոր, որոնք հենց քնի մեջ են կատարվում:

Ինչ-որ բան չհասցնելու, գործը հանկարծ ձախողելու, սխալվելու չընդհատվող լարվածությունը վատագույնն է, որ դուք ձեզ հետ կարող եք անել: Պետք չէ վախենալ սխալներից: Որպեսզի սովորելն ավելի հեշտ լինի, պետք է գիտակցել, որ ուսուցումը միշտ է ընթանում, այլ ոչ միայն՝ գրասեղանի շուրջ: Եթե մարդը նստած է գրասեղանի մոտ ու ձև է անում թե սովորում է, դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը