Շատ պացիենտներ գալիս են անիրական ակնկալիքներով. բժիշկ Անի Այվազյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Շատ պացիենտներ գալիս են անիրական ակնկալիքներով. բժիշկ Անի Այվազյան. life.panorama.am

Պլաստիկ վիրաբուժությունը վերջին տարիներին թերևս ամենապահանջված մասնագիտությունների շարքում է. գնալով էլ ավելի է մեծանում մարդկանց շրջանակը, ովքեր դիմում են պլաստիկ վիրահատությունների: Մեր ազգային առանձնահատկություններից  ելնելով՝ Հայաստանում ամենաշատը կատարվում է քթի պլաստիկ վիրահատություններ, այս և պլաստիկ վիրաբուժությանը վերաբերող այլ հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է պլաստիկ վիրաբույժ, ԵՊԲՀ-ի դասախոս Անի Այվազյանի հետ:

«Հայաստանում քթի պլաստիկ վիրահատությունը տոկոսային հարաբերականությամբ ամենամեծ մասն է կազմում: Իհարկե, այս շարքում շատ պացիենտներ դիմում են ֆունկցիոնալ միջամտություն կատարելու նպատակով (քթի միջնապատի ուղղում), և մտածելով, որ այսպես թե այնպես վիրահատվելու են, ցանկություն են հայտնում կատարել նաև էսթետիկ վիրահատություն»,- նշեց բժիշկը:

Կրծքի վիրահատությունների թիվը վերջին տարիներին ևս մեծացել է: Բժշկի խոսքով՝ մեր օրերում կրծքի մեծացում կատարվում է ոչ միայն իմպլանտների, այլև սեփական ճարպի միջոցով:

«Եթե իմպլանտի դեպքում պացիենտը վերջնական արդյունք է ստանում՝ ցանկալի չափով, ապա սեփական ճարպի դեպքում ներարկված ճարպի մի մասն է մնալու, մյուս մասը ժամանակի ընթացքում ներծծվելու է: Բայց այս դեպքում կատարվում է կրկնակի վիրահատություն, քանի որ պացիենտը ազատվում է մարմնի որոշ հատվածների անցանկալի ճարպերից, և միաժամանակ մեծացնում կրծքերը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Անի Այվազյանը նկատեց նաև, որ եթե տարիներ առաջ մեծամասամբ աղջիկներն էին դիմում պլաստիկ վիրահատությունների, ապա հիմա այդ առումով մեծ առաջընթաց կա և տղաները ևս դիմում են պլաստիկ վիրաբույժների:

«Այժմ մեծ թվով տղաներ են դիմում և քթի, և ականջների վիրահատությունների, բայց առավել շատ նրանք պլաստիկ միջամտությունների օգնությամբ փորձում են կանխել մազաթափությունը՝ մեզոթերապիայի կամ մազերի փոխպատվաստման միջոցներով»,- տեղեկացրեց մասնագետը:

Ի դեպ՝ Հայաստանում էսթետիկ վիրաբուժության մեջ արդեն մեծ տարածում են գտել մեզոթելերը, որոնց միջոցով կարելի է էսթետիկ միջամտություն կատարել՝ առանց վիրահատության:

Խոսելով պլաստիկ վիրահատությունների դիմած այն այցելուների հոգեբանական կողմի մասին, որոնք որոշակի պատկերացումներով են դիմում բժշկին, բայց վիրահատությունից հետո հիասթափություն են ապրում, քանի որ չեն նմանվում իրենց սիրած աստղին կամ որևէ կոնկրետ մեկին, բժիշկը նշեց.

«Շատ պացիենտներ գալիս են անիրական ակնկալիքներով, և որպեսզի խուսափել նրանց հետագա հիասթափությունից, ապա պետք է բժիշկը մինչև վիրահատությունը հաշվի առնի այցելուի անատոմիական առանձնահատկությունները և հասկանա, թե ինչ կարող է ստանալ վիրահատության ընթացքում: Այդ ամենը պետք է նախապես մանրամասն քննարկել պացիենտի հետ՝ բացատրելով, որ մի բան է ցանկանալ ունենալ այս կամ այն մեկի քիթը, մեկ այլ բան, թե որքանով է տվյալ մարդու անատոմիական կառուցվածքը դա մեզ թույլ տալիս: Դրան զուգահեռ ցանկալի է մինչև վիրահատությունը մոդելավորում կատարել և համաձայնության գալուց հետո միայն վիրահատություն իրականացնել: Իհարկե, լինում են դեպքեր նաև, երբ հնարավոր է լինում ստանալ այնպիսի քիթ, որը պացիենտը նկարով ցույց է տվել, բայց շատ հնարավոր է նաև, որ այն բացարձակապես չսազի տվյալ մարդու դիմագծերին: Շատ կարևոր է հասկանալ պացիենտի հոգեվիճակը, բայց երբեմն լինում են դեպքեր, երբ բժիշկը պարզապես հրաժարվում է անել այն, ինչ նա ուզում է. Օրինակ՝ աղջիկներ կան, որոնք չափից ավելի են ուզում մեծացնել շուրթերը, բայց բժիշկը հրաժարվում է անցանկալի արդյունք ունենալ իր աշխատանքային գործունեության մեջ»:

Ի դեպ՝ բժշկի հետ խոսեցինք նաև պլաստիկ վիրահատությունների գնային քաղաքականության մասին: Ըստ նրա՝ համեմատելով եվրոպական երկրների և անգամ ՌԴ-ի հետ՝ Հայաստանում բավականին մատչելի են պլաստիկ վիրահատությունները:

«Մենք  բժշկության այս ոլորտի շնորհիվ ունենում ենք նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ, ովքեր Հայաստան են գալիս պլաստիկ վիրահատություններ իրականացնելու և դրան զուգահեռ նաև հանգստանում են մեր երկրում: Իսկ համեմատելով տեղի բժիշկների սահմանած գնային քաղաքականությունը, պետք է ասեմ, որ դրանք խիստ հարաբերական են և կախված են տվյալ բժշկի մասնագիտական որակավորումից, կլինիկայի հագեցվածությունից և այլ հանգամանքներից»,- ավարտեց Անի Այվազյանը:

life.panorama.am